Մեկնաբանություն

17.11.2020 23:15


Անառիկ Շուշիի առեղծվածային անկման հարցերը

Անառիկ Շուշիի առեղծվածային անկման հարցերը

Այն, որ Հայաստանի ոչ բարով՝ ղեկավարությանը, իսկ ավելի ճիշտ՝ նիկոլ փաշինյանին ավելի վաղ ներկայացված «պատերազմի դադարեցման» տարբերակներից ոչ մեկում Շուշիի մասին խոսք չի եղել՝ ի հակառակ և ի հերքումն «գերագույնի» ասածի, հաստատեց ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Մինչդեռ կապիտուլյացիայի ակտով, նոյեմբերի 9-ի կեսգիշերին մոտ կամ 10-ի գիշերը նիկոլ փաշինյանի ստորագրությամբ, ի լրումն ամենի, նա իր ադրբեջանական գործընկեր ալիևին հանձնեց նաև Շուշին:

Առհասարակ, այդ կապիտուլյացիայի հետ կապված դեռ շատ հարցեր կան, սկսած նրանից, թե ո՞վ կամ ինչպե՞ս է առհասարակ քննարկել դրա կետերը, որոնք անխտիր բոլորը հակահայկական են, ավելին՝ այնպիսի վերջնաժամկետներ են սահմանված, որ այդ դավաճանական ակտով պայմանավորված անխուսափելի ցնցումից կամ նոկաուտից ժողովրդի մի մասը չհասցնի էլ ուշքի գալ՝ շարունակելով ստանալ հաջորդ հարվածները:

Բայց տվյալ հրապարակման մեջ փորձենք կենտրոնանալ կոնկրետ անառիկ Շուշիի անկման առեղծվածի վրա: Այո՛, առեղծվածի, քանզի դժվար է այլ կերպ բնորոշել տեղի ունեցած աղետը:

Եվ այսպես. Շուշին ինքնին անառիկ ամրոց է, ոչ միայն գերիշխող դիրքի, այլև այն գրոհով գրավելու համար խիստ անհարմար՝ ուղղաձիգ-ժայռապատ տեղանքի շնորհիվ: Այս ամենը հանրահայտ է:

Գանք դեռևս անհայտ մնացող հանգամանքներին, որոնք էլ հարցերի տեղիք են տալիս:

Առաջինը. մինչ հանրությունը մեծամասամբ պահվում էր «հաղթելու ենք»-ի մոլորեցնող թմբիրի մեջ, մինչ ՊՆ և ՊԲ ժլատ ու ընդհանրական հաղորդագրություններում շարունակ խոսվում էր ինչ-որ «դիվերիոն-հետախուզական» խմբերի և դրանց՝ Հադրութ ներթափանցելու մասին, մինչ լռության էր մատնվում թշնամու կողմից հարավային հատվածում զգալի տարածքներ հսկողության տակ վերցնելու իրողությունը, թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում ռազմական ու քաղաքական ղեկավար-պատասխանատուները գոնե տեղյակ էին իրական վիճակին: Նրանք տեղյակ էին, որ թշնամին Հադրութը զավթել է, տեղյակ էին, որ զգալի առաջխաղացում է ունեցել:

Հարց է ծագում. իսկ զինուժի ղեկավարությունը գոնե տեղյա՞կ էր, որ թշնամին որոշակի ուժեր է Հադրութի կողմից ու, փաստորեն, ոչ միայն նետում դեպի Շուշի:

Խոսքը տասնյակ ու տասնյակ կիլոմետրերի մասին է: Ավելին, խոսքը այնպիսի տեղանքի մասին է, որտեղ չկան զինտեխնիկայի արագ շարժ ապահովող քիչ թե շատ հարմար ճանապարհներ: Ավելին, տեղաշարժի համար օգտագործելու ենթակա ուղիներն էլ հատուկենտ են: Այսինքն, թշնամուն որոշակի ժամանակ էր անհրաժեշտ՝ դեպի Շուշի ճանապարհ հաղթահարելու համար, բացի այդ՝ մոտենալու սահմանափակ թվով ուղիները թույլ էին տալիս հենց այդ՝ մարդի» ժամանակ ջարդել ու ոչնչացնել թշնամական ուժերը:

Ընդհանուր դիտարկումները թույլ են տալիս խոսել 10-12 օրվա մասին: Հարց. կոնկրետ ի՞նչ քայլեր են արվել թշնամու հնարավոր առաջխաղացման ուղիները փակելու, իսկ դրանցում հայտնված ուժերն էլ ոչնչացնելու նպատակով:

Երկրորդը. պետք չէր Ժուկով կամ Գուդերիան լինել, հասկանալու համար, որ այդ հատվածում թշնամական ուժերի շարժի առանցքային թիրախը Շուշին է, որի գրավումը ունի առանցքային նշանակություն ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքական և բարոյահոգեբանական առումներով:

Թշնամին կայծակնային արագությամբ չի հայտնվել Շուշիի մատույցներում: Օրեր, եթե ոչ շաբաթներ է տևել թշնամական ուժերի սողացող ընթացքը դեպի Շուշիի մատույցներ: Հարց է ծագում. ի՞նչ կոնկրետ քայլեր են կատարվել Շուշին՝ անառիկ ամրոց լինելու իր բնական բովանդակությանը համապատասխանեցնելու համար:

Այո, թշնամին օդում առավելություն է ունեցել: Սակայն հայտնի է, որ պատերազմի առնվազն վերջին տասնօրյակում, որոշակի հանգամանքների փոփոխությունից հետո, թշնամու այդ առավելությունը որոշակիորեն չեզոքացվել էր: Կհիշեք՝ «բայրակթարների» խոցումները: Ամենակարևորը՝ Շուշին բազմաթիվ կրակակետերով, հենակետերով, դիրքերով ու ամրություններով մի յուրօրինակ «ստալինգրադի» վերածելու համար առնվազն մեկ շաբաթ, եթե ոչ 10-15 օր ժամանակ է եղել: Արդյոք Շուշին, սեպտեմբերի 27-ից կամ անգամ հոկտեմբերի 5-ից սկսած, վերածվե՞լ է նման ամրության՝ ինչպես մատույցներում թշնամական ուժերին էական վնաս պատճառելու, այնպես էլ՝ խաղաք ներթափանցելու դեպքում՝ տևական փողոցային մարտեր վարելու հաշվարկներով: Անհայտ է: Փոխարենը հայտնի է, որ հրթիռահարված Ղազանչեցոց եկեղեցու ներսում մաքրման աշխատանքներ էին արվել և անգամ մեկ պսակադրություն եղավ: Քարոզչական իմաստով՝ տպավորիչ է ու ճիշտ, իհարկե, նման քայլը: Բայց ռեալ պաշտպանական բնագծեր ստեղծելուն ուղղված ի՞նչ է արվել:

Առավել ևս, եթե փաշինյանը հայտարարում է, թե հընթացս ներկայացված բոլոր տարբերակներում Շուշիի մասին խոսք եղել է, ապա տրամաբանական է, որ դու այդ քաղաքը առաջին հերթին նախապատրաստես տևական և թշնամուն արյունաքամ անող պաշտպանության:

Արվե՞լ է: Դատելով հետևանքներից, կասկածելի է, թե նման լուրջ քայլեր են արվել:

Երրորդը. թող չթվա, թե մեր մարտիկները, զինվորները առանց կռվի Շուշին հանձնել են: Ոչ մի նման բան: Հակառակը, համառ մարտեր, այո՛, եղել են, Շուշիի մատույցներում, այո՛, թշնամուն կորուստներ պատճառվել են: Ավելին, կան ամենատարբեր վկայույթուններ, որ նույնիսկ կապիտուլյացիայի խայտառակ թուղթը փաշինյանի կողմից ստորագրելու պահին ու նույնիսկ դրանից հետո հայոց բանակի առանձին ստորաբաժանումներ Շուշիի մի մասը կամ Շուշիի անմիջական մատույցում դիմադրել են և չեն լքել իրենց մարտական դիրքերը մինչև վերջ:

Հարց է ծագում, թե նրանց մոտեցվե՞լ են լրացուցիչ և օժանդակ մարտունակ ուժեր: Եթե ոչ՝ ապա ինչու: Նման հարց չի կարող չծագել՝ հաշվի առնելով պաշտոնապես հնչեցված պնդումը, որ կապիտուլյացիայի խայտառակագիր ստորագրելու պահին Արցախում առկա էր առնվազն 20-25 հազար մարտունակ զինուժ: Ճկուն մտածողությամբ հմուտ հրամանատարների համար պետք է որ խնդիր չլիներ առնվազն 2000 մարտիկ առանձնացնելու և Շուշիի պաշտպաններին օգնության ուղարկելու համար, դեռ չենք խոսում զրահատեխնիկայի և հատկապես՝ հրետանու, համազարկային կրակի միջոցների մասին: Միայն, Աստված սիրեք, «Ծառուկյանի ջոկատը չեկավ»-ի կարգի հակապրոֆեսիոնալ անհեթեթություններ մի կրկնեք:

Սրանք հարցեր են, որոնց փաստական, մասնագիտորեն հիմնավորված պատասխանները միայն կարող են քիչ թե շատ լույս սփռել Շուշիի անկման առեղծվածի վրա:

Առանձին քննարկման առարկա են, ի դեպ, Արցախի նախագահի խոսնակի թևաթափող գրառումը՝ Շուշիի վերահսկողությունը կորցնելու մասին, որին զուգահեռ, նիկոլ փաշինյանը գրեց, թե Շուշիի համար մարտերը շարուկակվում են...

Կներեք, իսկ հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ էր Շուշիի անկումը կամ դրա մասին հայտարարելը, որպեսզի հետագայում արդարացվի նման հակահայ, որքան հնարավոր է՝ վատ պայմաններով խայտառակագրի ստորագրումը:

Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ Շուշիի անկումը ոչ թե հընթացս Մոսկվայի ներկայացրած պատերազմադադարի բոլոր տարբերակներում է իբրև թե եղել, այլ միգուցե Երևանում նստած որոշների դավաճանական, դավադիր «գործարքում»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը