Մեկնաբանություն

18.11.2020 01:09


Դավիթ Տոնոյան-Անդրանիկ Քոչարյան գզվռտոցը բնութագրական է. ով ում է «քցում», օգտագործում ու դեն նետում

Դավիթ Տոնոյան-Անդրանիկ Քոչարյան գզվռտոցը բնութագրական է. ով ում է «քցում», օգտագործում ու դեն նետում

Կապիտուլյանտ և հայրենիքի մի զգալի մասը թուրքին տված փաշինյանական իշխանությունը, գուցե նաև նախօրեին «գերագույնի»՝ ներքին արյունահեղություն և բախումներ հրահրող կոչից մի փոքր շեղելու նպատակով, ուշադրություն գրավեց ներիշխանական բացահայտ գզվռտոցով:

Այո, խոսքը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ոչ անհայտ «նիկոլական» Անդրանիկ Քոչարյանի ու դեռևս պաշտպանության նախարար, «հանցավոր ռեժիմից» թռած և «թավիշի» գիրկը նետված Դավիթ Տոնոյանի երեկվա հայտարարությունների, փոխադարձ մեղադրանքների մասին է: Երնեկ չէ՞ր, որ բոլորովին այլ իրավիճակ լիներ, այլ կացություն, ժամանակը հետ պտտվեր ու նման ներիշխանական սուր գզվռտոց լիներ, ասենք, այս տարվա ապրիլին կամ մայիսին…

Բայց իրականությունն անողոք է և նման «երնեկ»-ների տեղ չունի: Այս ձախավեր իմաստակների իշխանությունը, քայլ առ քայլ ամեն ինչ արեց Հայաստանի դաշնակիցներին վանելու, պետական համակարգը կազմալուծելու, հանրագումարում՝ թշնամիներին «հրավիրելու» և հայրենիքի Արցախ աշխարհը թուրքին տալու, Հայաստանի հետագա գոյության վրա լրջագույն ու շոշափելի սպառնալիքներ կախելու համար, իսկ գուցեև՝ նպատակով: Դա չի կարող չտեսնել միայն վերջնականապես «պողոսացածը» կամ նրանց «թավիշների» գործակիցը:

Առհասարակ, այս իշխանությունը պետք է ամբողջ կազմով հեռանա: Բայց, արի ու տես, որ նրանք դեռ իրար մեջ էլ են գզվռտվում: Գուցե միմյանց կոկորդ էլ սրանք կկրծեն:

Անդրանիկ Քոչարյանը, օրինակ, Դավիթ Տոնոյանին բավականին ծանր մեղադրանքներ ներկայացրեց: Եվ, ի՞նչ: Դավիթ Տոնոյանն էլ փոխադարձեց կամ հակադարձեց: Փաստորեն, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նման հատկանիշ էլ ունի:

Ամեն դեպքում, նրան ուղղված հարցերն օրակարգում չեն նվազում այլ ավելանում ու ավելանում են: Դա չի նշանակում, իհարկե, որ եթե մենք էլ մեր հարցերի մի փոքր մասն ուղղենք նույն Դավիթ Տոնոյանին, ապա կհայտնվենք ոչ պակաս մերժելի այնպիսի մեկի դաշտում կամ կողմում, ինչպիսին է, օրինակ, Անդրանիկ Քոչարյանը:
Իսկ հարցեր կան:

Օրինակ, որտե՞ղ է եղել պատերազմի մեկնարկի նախօրեին Դավիթ Տոնոյանը: Ճի՞շտ է, որ նա իրականում երկրից դուրս էր գտնվում ու մասնակցում էր ոչ անհայտ «պատրոն Դավիթի»՝ իր զինամատակարար գործընկերոջ ծննդյան օրվա քեֆին: Եվ դա այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ պատերազմին ժամեր էր մնում։

Լավ, մեկ այլ հարց. Դավիթ Տոնոյանը պատերազմի առաջին օրը տարածած կոչով հռչակեց «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը: Ի՞նչ իրական հիմքերի վրա էր խարսխված այդ թեզը, եթե միայն նրա ասածի ենթատեքստը եղած ազատագրված տարածքներն ու բուն Արցախի Հադրութի շրջանն ու Շուշին, մնացածը դեռ չասած, ադրբեջանական կողմին «նվիրելը» չէր:

Հարց է ծագում, եթե «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը զուտ քարոզչական փուչիկ չէր, ինչպե՞ս է, որ ամբողջ պատերազմի ընթացքում թշնամական տարածքներին ուղղված հակահարձակողական գործողություններ այդպես էլ չիրականացվեցին: Մի՞թե Հայաստանի ու Արցախի համատեղ զինուժի ամբողջ պոտենցիալը, անձնակազմը, սպառազինությունը պատերազմի առաջին իսկ օրը այնպիսի կորուստներ էին կրել, որ անհնարին էին դարձել պաշտպանությունից հակահարձակման անցնելը, թշնամու պլանները խառնելն ու նրան պայմաններ թելադրելը:

Իսկ եթե վիճակն իրականում էլ առաջին երկու-երեք օրերին այդպիսին էր, ապա ինչո՞վ էին մինչ այդ զբաղված ռազմական (ոչ ճակատային) հետախուզությունը, Գլխավոր շտաբը, ռազմավարական վերլուծության և գնահատման համապատասխան բաժինը և այլն, և այդպես շարունակ: Ի վերջո, հո 1-2 օրո՞ւմ չէին թուրք-ադրբեջանական ուժերը զինտեխնիկայի, տեխնոլոգիական միջոցների (անօդաչուներ) և մարդուժի, ինչպես հիմա են ասում՝ մինչև 7 անգամ տասնապատիկ առավելություն ձևավորել ռազմական գործողությունների հնարավոր ծավալման գոտում:

Այսպես կարելի է այնքան հարցեր տալ, որ մի քանի ծավալուն անդրադարձի կբավականացնի: Բայց այ թե ինչ հարց է հետաքրքիր, կապված քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Դավիթ Տոնոյանը, փաստորեն, ընդունել է նիկոլ փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտը: Եթե նա դրանից անմիջապես հետո հրաժարական չի տվել, զինվորաբար ինքնասպան չի եղել, նշանակում է՝ ինքը միացել է նիկոլ փաշինյանի ստորագրությանը, կարելի է ասել՝ մի ստորագրություն էլ իր կողմից է դրել:
Ինչո՞ւ:

Երկրորդ. Դավիթ Տոնոյանը գոնե հիմա հասկանո՞ւմ է, որ իր սիրելի նիկոլ փաշինյանն Անդրանիկ Քոչարյանի միջոցով իրեն է ցանկանում որպես քավության նոխազ օգտագործել: Ի դեպ, սա վերաբերվում է նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, առհասարակ, ՊՆ և ԳՇ բոլոր բարձարաստիճան սպաներին, ովքեր շարունակում են, փաստորեն, մնալ կապիտուլյացիայի և խայտառակության ստոր-ա-գրության տակ: Երևի դա է նրանց ընտրությունը, բայց իրենք գոնե պետք է իմանան, որ օգտագործվողների ճակատագիրն ու նշանակությունն էլ այդպիսին է. օգտագործելուց հետո, օգտագործողները նրանց «զոհում» են կամ պարզապես մի կողմ նետում, նույնիսկ եթե այդ օգտագործողը նիկոլ փաշինյանի նման մեկն է: Ու Անդրանիկ Քոչարյանի նման մեկի կողմից Տոնոյանի վրա հարձակումը ասվածը լրացուցիչ հիմնավորող ցայտուն դրսևորում է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը