Սթափվե՛ք․ իշխանությունները մեզ խաբեցին և հանձնեցին հողերը` ազգի վրա դնելով պարտվողի պիտակ
Այս օրերին մեր երկիրը շատ խորը տնտեսական, քաղաքական և կառավարման ճգնաժամի մեջ է։ Իշխանության վարած արտաքին պարտվողական քաղաքականության հետևանքով ներքին քաղաքականությունը կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների:
Հարգելի պատգամավորներ, կառավարության և ուժային կառույցների ներկայացուցիչներ, եթե նախկինում տեղեկացված չէիք ստորագրվելիք փաստաթղթից, ապա հիմա տեղյակ եք և հնարավորություն ունեք մարդկանց փրկելու սպասվող հերթական աղետից: Հուսով եմ, որ ինքնասիրություն և պատիվ ունեցող պետականամետ հայորդիները օր առաջ անվստահություն կհայտնեն նույնիսկ ձեզ հետ ազնիվ չգտնված անձանց,
Կոչ եմ անում
1) կառավարության բարձրաստիճան անդամներին չկառչել աթոռներից, քանի որ գործելով կառավարության կազմում՝ դուք դառնում եք դավաճանական քայլերի իրագործման մասնակից: Եթե շարունակելու եք ապրել մեր երկրում, ձախողված կառավարության ղեկավարներ, գրե՛ք ձեր ազատման դիմումները,
2) հորդորում եմ պատգամավորներին գլուխներն ազատելով` վայր չդնել իրենց մանդատը, այլ մնալ և անվստահություն հայտնել ձեր կուսակցության վարած սխալ և պարտված քաղաքականությանը:
3) Ուժայիննե՛ր, տղե՛րք, հիշեք ձեր՝ հայրենիքին ծառայելու տված երդումը: Հասկանալով «Պատիվ ունեմ»-ի արժեքը և ինքներդ տիրապետելով օպերատիվ իրավիճակին` կայացրեք ճիշտ որոշում: Իշխանության կյանքը երկարացնելու համար դուրս չգաք ժողովրդի դեմ:
Պարտված կառավարությունը չի կարող և իրավունք չունի շարունակելու կառավարման և բանակցային ոչ մի պրոցես:
Ուստի, առաջարկում եմ.
1. Պետք է միասնաբար պահանջվի կառավարության հրաժարականը:
2. Հրատապ կարգով պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը 6-12 ամսվա ընթացքում կկազմակերպի նոր խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
3. Ստեղծել Արցախյան հարցի կարգավորման բանակցային խումբ, որտեղ ներառված կլինեն մարդիկ, որոնք անցել են դիվանագիտական այդ ճանապարհով, լավ են պատկերացնում Արցախյան հիմնախնդիրը և ունեցած փորձի, հմտությունների շնորհիվ հնարավորություն կունենան ստորագրված չարաբաստիկ փաստաթուղթն ավելի բարենպաստ կարգավիճակի հասցնելու: Այս պահին մեզ խիստ անհրաժեշտ է, որպեսզի միավորվեն դիվանագիտական ոլորտի լուրջ, փորձառու մարդիկ, ձևավորեն նոր թիմ և բանակցությունները տանեն ավելի էֆեկտիվ ճանապարհով:
Իմ սիրելի ժողովուրդ, սթափվե՛ք... այս իշխանությունները, հների և նորերի, սևերի և սպիտակների գաղափարը սնելով և տարանջատելով, մեզ խաբեցին ու հանձնեցին հողերը` մեր ազգի վրա դնելով պարտվողի պիտակ:
Սթափվե՛ք․ իշխանությունները մեզ խաբեցին և հանձնեցին հողերը` ազգի վրա դնելով պարտվողի պիտակ