Մեկնաբանություն

16.11.2020 15:55


Էական է կապիտուլյանտ իշխանության անցնցում հեռացումը և նոր, լեգիտիմ իշխանության ձևավորումը

Էական է կապիտուլյանտ իշխանության անցնցում հեռացումը և նոր, լեգիտիմ իշխանության ձևավորումը

Գործնականում երևի միայն կառավարության աշխատակազմի ղեկավար նախկին «դի-ջեյ»-ը ու, թերևս, մեկ էլ անուղղելի «պողոսները» չէին կռահել, որ «առաջնագծի զինվորներին» հասցեագրված գրառմամբ ու՝ պատերի տակ վնգստացողների հարցերը վերջնականորեն լուծելու նպատակով նրանց Երևանում սպասելու իր կոչով, նիկոլ փաշինյանը ուղղակիորեն քաղաքացիական պատերազմի, առնվազն ներքին արյունահեղույթան ու բախումների բացահայտ կոչ է անում:

Ավելի ճիշտ, կառավարության աշխատակազմի ղեկավար Աղաջանյանը դա երևի շատ լավ էր հասկացել, այլապես արագորեն չէր նետվի ֆեյսբուքներ՝ ժողովրդին ասելու, թե՝ հարյուր հազարավոր, միլիոնավոր հայեր հայերեն գրած պարզ նախադասության իմաստը չեն հասկանում, իրականում, իբր՛ փաշինյանն այլ բան նկատի ուներ... Ի՞նչ: ըստ փաշինյանի աշխատակազմի ղեկավարի... շնորհակալություն էր ուզում հայտնել «առաջնագծի զինվորներին»:

Այդքանից հետո թերևս մնում էր տարակուսել, թե ինքը՝ փաշինյանն ինչո՞ւ չի գրում, թե հեռախոսն ու իր ֆեյսբուքյան պատը «նախկինները» գողացել են, չգիտեմ՝ էջը ջարդել են ու իր անունն օգտագործելով՝ արյունահեղություն, գործնականում Հայաստանը ամբողջական կործանման տանող երևույթներ են հրահրում:

Արդեն այսօր առավոտյան նիկոլ փաշինյանն ինքը, ինչպես միշտ, ասես ոչինչ չի եղել ու այդ սադրիչ գրառում-կոչն էլ ինքը չի գրել, փորձեց «կռուտիտներ» անել, այսինքն՝ շարունկել մոլորեցնել հասարակությանը, բոլորին: Նա միգուցե «կռուտիտը» քիչ թե շատ հաշվարկել էր, բայց հաշվի չէր առել ու չի կարողանում սթափ ընկալել ակնհայտը՝ իրողություն է փոխվել: Ավելի ճիշտ, իրողություններ են գլխիվայր շրջվել:

Իսկ այն, որ նրա ասածը բռնության, ներքին արյունահեղություն հրահրելու անթաքույց կոչ էր, ակնհայտ է թեկուզ այն բանից, որ միայն դրանից հետո, ինչպես կառավարական պաշտոնյաներ, այնպես էլ՝ փաշինյանական «իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավոր հայտարարեցին իշխանության կազմից դուրս գալու մասին՝ դա կապելով փաշինյանի հենց այդ գրառման հետ:

Մի խոսքով, այդ վերջին խայտառակ գրառման հետ կապված՝ ամեն ինչ պարզ է: Ու մոլորեցման հերթական սեանսը փաշինյանի մոտ չանցավ ու չէր էլ անցնելու: Ավելին, թե՛ առավոտյան «կռուտիտի» փորձի, թե՛ այդ հարցազրույց-ասուլիսի ժամանակ հանրությանը ներկայացավ խղճուկ, բայց խղճահարության ոչ արժանի, ամենի կարևորը՝ հեռացող ու արդեն միայն դե յուրե իշխանություն հանդիսացող նիկոլ փաշինյան:

Այդ ամենը ստիպում է կենտրոնանալ միանգամից մի քանի հիմնական, չափազանց կարևոր հանգամանքների, կարելի է ասել՝ անհրաժեշտությունների վրա:

Առաջին. այսօր Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն, ուղղակի չկա՝ անկախ այն բանից, թե ինչ որոշումներ են ընդունվում կառավարության շենքում կամ ԱԺ դահլիճում քանի հոգի է գրանցվել «իմ քայլի» մեծամասնությունից:

Նման ծանր վիճակում դե ֆակտո անիշխանություն վիճակը կարող է միայն կործանարար լինել, է՛լ ավելի խորացնել ստեղծված աղետալի վիճակը, ահռելի ու ծանրագույն խնդիրները՝ անվտանգայինից մինչև առողջապահական, մարդկանց կյանքի անվտանգության ապահովման:

Երկրորդ. պետք է անել ուղղակիորեն ամեն ինչ, որպեսզի եղած ու դեռևս պաշտոններից կառչող նոմինալ «իշխանությունը», առաջին հերթին՝ ի դեմս նիկոլ փաշինյանի, պետության կառավարման լծակներից հեռանա անցնցում:
Երրորդ. նոյեմբերի 15-ի դրությամբ (անվերապահ կապիտուլյացիայից 5 օր անց) ինչպես ուղղակիորեն, այնպես էլ զանազան «խաղեր տալով» նիկոլ փաշինյանին սատարած և նրա իշխանությունը օր օրի վրա մի քիչ էլ ձգելու հնարավորություն տված գործիչները, ուժերն ու շրջանակները ևս պետք է հեռանան՝ իրենց պաշտպանած կապիտուլյանտ իշխանության հետ:

Չորրորդ. կա Սահմանադրություն, կան պետական կոնկրետ ինստիտուտներ (նախագահ, ՍԴ), որոնց միակ խնդիրը այս պահին պետք է լինի ա) իշխանությունից փաշինյանի և «քայլի» անցնցում հեռացումը, կառավարելիություն ապահովող ժամանակավոր (անցումային) կառավարության ձևավորումը կամ կառավարիչների նշանակումը, շուտափույթ արտահերթ ընտրությունների անցկացումն ու նոր լեգիտիմ իշխանության ձևավորումը: Ըստ որում, այդ ամենն անելուց հետո, տվյալ գործընթացն ի պաշտոնե իրականացրած գործիչները չպետք է լինեն նոր իշխանության կազմում:

Հինգերորդ. ամենայն լրջությամբ՝ պետք է անցնցում հեռացումից հետո կամ դրան զուգահեռ, իրավապահ և ուժային կառույցների կարողունակ ուժերով իրական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու ինչպես անձամբ նիկոլ փաշինյանի, այնպես էլ՝ նրա իշխանության առանցքային ներկայացուցիչների ֆիզիկական անվտանգությունը, միաժամանակ երաշխավորելով արդար, համակողմանի և օբյեկտիվ քննության ու դատավարության նրանց իրավունքի իրացումը:

Էական է, որ բոլոր այս գործընթացները կատարվեն հստակ, արագ, առանց ավելորդությունների և շեղումների: Ցանկացած շեղում դեպի քաոտիկ կամ բռնության դրսևորման կողմ կարող է էլ ավելի ճակատագրական և կործանարար հետևանքներ ունենալ մեր պետականության համար: Արցախը սրանք կորցրեցին, թույլ չպիտի տալ, որ կորստի մատնեն նաև մնացյալ Հայաստանը՝ կորսվածը առաջիկա տասնամյակում հետ բերելու մեր արդեն միակ ու վերջին պլացդարմը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը