Հարցազրույց

16.11.2020 14:55


«Վստահ եմ, որ Արցախի նախագահի կողմից հնչեցված մեղադրանքին հետագայում կարձագանքի նաև ԱԱԾ-ն»․ Միքայել Համբարձումյան

«Վստահ եմ, որ Արցախի նախագահի կողմից հնչեցված մեղադրանքին հետագայում կարձագանքի նաև ԱԱԾ-ն»․ Միքայել Համբարձումյան

«Իրավունք» թերթի զրուցակիցն է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը:

–Բարև Ձեզ, պարոն Համբարձումյան, կարո՞ղ ենք Ձեզ մի քանի հարց ուղղել:

-Ոչ, չեք կարող:

-Կներեք, բայց Դուք արդեն իսկ մամուլով անդրադարձել եք հանրությանը հուզող մի շարք հարցերի և հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը` կարծում ենք, որ դեռ ասելիք ունեք հանրությանը:

–Դա ի՞նչ կապ ունի, ես ասել եմ այն, ինչ հարկ եմ համարել` որպես սպա, որպես քաղաքացի, իսկ քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես քաղաքական գործիչ չեմ և այս պահին ցանկություն էլ չունեմ նման գործունեությամբ զբաղվել:

-Վտանգավո՞ր եք համարում:

-Բացարձակ: Ես հապճեպ, չկշռադատված, պահի ազդեցության տակ որոշումներ փորձում եմ չկայացնել:

–Միայն մեկ հարց` ԱԱԾ աշխատակիցների գործողությունների վերաբերյալ:

-Եթե խոսքը ներկայումս ծավալվող իրադարձությունների ընթացքում նրանց գործողություններին է վերաբերում, որևէ մեկնաբանություն չունեմ:

-Ոչ, հարցը վերաբերում է հետևյալին: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վերջին ելույթներից մեկում հայտարարեց, որ ԱԱԾ ամենապատրաստված և էլիտար ստորաբաժանումը, որը ենթադրում ենք` «Ալֆան» է, հրաժարվել է մարտական առաջադրանք կատարելուց և ըստ էության` փախուստի է դիմել, ընդ որում , փաստորեն այդ դեպքը տեղի է ունեցել Ձեր պաշտոնավարման ընթացքում:

–ԱԱԾ նշված ստորաբաժանման պետը և աշխատակիցները, պրոֆեսիոնալ, իրենց գործին, պետությանը և հայրենիքին նվիրված մարդիկ են, այս տարիների ընթացքում բազմիցս եմ առիթ ունեցել համոզվելու դրանում: Վստահ եմ, որ Արցախի նախագահի կողմից հնչեցված մեղադրանքին հետագայում կարձագանքի նաև ԱԱԾ-ն` ներկայացնելով պատշաճ հիմնավորումներ: Նման մարտական պատրաստվածություն ունեցող ջոկատը հնարավորինս պետք է օգտագործել ըստ նշանակության` նրանց առջև անհրաժեշտ էր դնել իրենց բնորոշ խնդիրներ` չփորձելով օգտագործել իբրև ընդամենը հետևակ: Մեկ կարևոր հանգամանք ևս, եթե նոր զորակոչված, անփորձ զինվորականը կարող էր օբյեկտիվորեն ունակ չլինել ճիշտ գնահատել իրավիճակը` իրեն տրված հրամանի կատարման իրատեսությունը, նպատակահարմարությունը և հետևանքը, ապա մեր ծառայության աշխատակիցները սովոր են իրականացնել խորը մտածված, հաշվարկված, պլանավորված և արդյունավետ գործողություններ, ինչը, կարծում եմ, հաշվի չի առնվել Արցախում ծավալված այդ իրավիճակում: Ի դեպ, այդ օրերի ընթացքում ԱԱԾ բոլոր աշխատակիցներն անխտիր ներգրավված են եղել հայրենիքի պաշտպանության գործում և պատվով լուծել են իրենց առջև դրված խնդիրները: Իմ անձնական կարծիքով` հանձնարարություն չեն տալիս գնալ-մեռնելու, այլ հանձնարարություն են տալիս գնալ, անձնվիրաբար կռվելու:

-Եւս մեկ հարց ու վերջ:

-Եթե վերջինն է, խնդրեմ:

-Քաղաքական որոշ շրջանակներում սկսել են շահարկել այն միտքը, թե Ռուսաստանն իբր դավաճանել է Հայաստանին: Ի՞նչ գնահատական կտաք դրան:

-Բացարձակ անհեթեթություն: Վստահեցնում եմ, որ Ռուսաստանն իրադարձությունների զարգացման այս ողջ ժամանակահատվածում դրսևորել է ճիշտ և հավասարակաշիռ վարքագիծ: Ռուսաստանի վստահ ու կոնկրետ դիրքորոշման, իսկ առանձին դեպքերում` գորոծողությունների արդյունքում է նաև, որ հնարավոր եղավ կանխել ադրբեջանաթուրքական զորքերի կողմից Սյունիքի ուղղությամբ Հայաստան հնարավոր ներխուժումը, բացի այդ, հակառակորդի զորքերի առաջխաղացումն Արցախում փաստացի կասեցվել է Ռուսաստանի միջոցով, ինչը, իմ կարծիքով, գուցե հնարավոր էր անել ավելի վաղ: Հայ ժողովուրդը սա պետք է իմանա և գիտակցի: Բնավ չցանկանալով թերագնահատել Հայաստանի մյուս բարեկամ երկրների արածը` վստահաբար կարող եմ ասել, որ չկա որևէ երկրորդ պետություն, որն այդչափ աջակցած լինի մեզ ստեղծված իրավիճակում: Այսքանը, շնորհակալություն, որևէ այլ հարց խնդրում եմ չուղղել, ցտեսություն:

Այս խորագրի վերջին նյութերը