Կարծիք

16.11.2020 14:40


Քայլեր՝ քաոսից խուսափելու համար

Քայլեր՝ քաոսից խուսափելու համար

Մեր հանրությանը պատրաստվում էի ներկայացնել ավելի մանրամասն, հեռանկարային քայլերի ճանապարհային քարտեզ, սակայն գիշերվա իրադարձությունները ստիպեցին մի փոքր հետաձգել այն։ Այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Քայլեր՝ քաոսից խուսափելու համար

Մեր հանրությանը պատրաստվում էի ներկայացնել ավելի մանրամասն, հեռանկարային քայլերի ճանապարհային քարտեզ, սակայն գիշերվա իրադարձությունները ստիպեցին մի փոքր հետաձգել այն եւ ներկայացնել հետեւյալ համառոտ կետերը․

1. Երկրում քաղաքական դեֆոլտ է․ ընտրողների եւ գործող կառավարության միջեւ այլեւս չկա որեւէ պարտավորություն, չկան պարտավորություններ նաեւ հենց իշխանության ներսում։ Կառավարությունն այլեւս զուրկ է բարոյական լեգիտիմությունից։ Կառավարության՝ այս պահի միակ պարտավորությունը հրաժարական տալն է։ Հաջորդ քայլով պետք է ձեւավորվի անցումային, ժամանակավոր կառավարություն, որը կկայունացնի վիճակը եւ սկիզբ կդնի քաղաքական, հասարակական երկխոսության։

2. Այս վարչապետի եւ այս կառավարության հետ ցանկացած նոր օր տանում է մեզ ոչ միայն հանրային լարվածության մեծացմանը, այլեւ՝ տնտեսական կոլապսի եւ պետական կառավարման համակարգում քաոսի։ Հավատացեք, սրանք, ցավոք, դատարկ խոսքեր չեն։ Բոլորը պետք է վերջապես գիտակցեն, որ այս կառավարության հետ մեր երկիրը զարգանալու հնարավորություն չունի։

3. Իրավապահ եւ ուժային կառույցները՝ դատախազություն, քննչական մարմիններ, դատարաններ, ոստիկանություն, ԱԱԾ, ինչպես նաեւ՝ բանակը, սկսում են հավասար պատասխանատվություն կրել Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության համար։

4. Արեւմտյան Սփյուռքը, ի դեմս հայտնի անհատների եւ խոշոր գործարարների, իրավունք չունի լռել եւ ըստ այդմ բարոյական աջակցություն ցուցաբերել գործող կառավարությանը։

5. Մենք բոլորս այսօր ստիպված ենք ելնել Արցախի շուրջ ստեղծված նոր իրականությունից։ Չտեսնել օբյեկտիվ եւ չգիտակցել նոր իրողությունները՝ նշանակում է կրկին սկսել ապրել պատրանքներով եւ սխալ աշխատանք տանել արտաքին հիմնական գործընկերների հետ։

6. Կա իրական հնարավորություն՝ անգամ այսօր երկիրը վերադարձնել կայունության ու զարգացման հուն՝ առանց այս կառավարության։ Դա դժվար է լինելու եւ մեծագույն ջանքեր է պահանջելու, բայց հնարավոր է։ Մենք կարիքը կունենանք իրատեսական եւ ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի: Դեռ շատ ուշ չէ։

7. Անհրաժեշտ է եզրահանգումներ անել եւ դասեր քաղել մեր ոչ հեռու միասնական անցյալից եւ հասկանալ, թե ինչպե՞ս պատահեց, որ մեր հինավուրց քրիստոնյա ազգը գլորվեց մինչեւ նման իրավիճակ։ Բայց սա պարտադիր տնային աշխատանք է՝ վաղը չէ մյուս օրվա համար։

8. Իսկ այսօր մենք մեր պատմության այն խաչմերուկում ենք, որտեղ պետք է գիտակցենք, որ, որպես պատմական Հայրենիք ունեցող ժողովուրդ, պետք է ի վիճակի լինենք պահպանել նաեւ պետությունը եւ զարգացնել այն։ Սա ենթադրում է բարձր որակի համախմբված աշխատանք»։

Այս խորագրի վերջին նյութերը