Կոչ ԱԺ-ին՝ շտապ հրավիրել ԱԺ նիստ, չեղարկել ռազմական դրությունը, ձեռնարկել քայլեր՝ ձևավորելու նոր իշխանություն
Անցած շաբաթվա ընթացքում, Կապիտուլյացիայի աղետալի ակտը ստորագրած, բայց մինչ այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հուսահատ ճիգեր էր գործադրում՝ իրավապահ համակարգի միջոցով լռեցնելու իր բազմաթիվ ընդդիմախոսներին։ Հարյուրավոր մարդիկ բերման ենթարկվեցին ԱԱԾ (ներառյալ նաև ձեր խոնարհ ծառան), պրակտիկորեն առանց բացառության մտածածին և շինծու հիմնավորումներով, որոնք սակայն արագ հօդս ցնեցին։
Հասկանալով, որ իրավապահ համակարգը այլևս ցանկություն չունի քաղաքական պատվեր կատարելու, երեկ կեսգիշերին պրն Փաշինյանը հանդես եկավ իր աղմկահարույց գրառմամբ, որն առերևույթ իր մեջ սպառնալիքի և բռնության կոչի տարրեր է պարունակում, և կարող է պատերազմի ողբերգությունը վերապրող մեր երկրին ընկղմել էլ ավելի մեծ դժբախտության մեջ։ Որպեսզի խուսափենք դրանից, այսօր մեր պետական համակարգը պետք է միարժեք և հստակ իրականացնի իր սահմանադրական գործառությունները, և թույլ չտա այլևս որևէ մեկին ապակայունացնել երկիրը։ Մասնավորապես, ես կոչ եմ անում՝
ա) ՀՀ Ազգային ժողովին՝ որպես իշխանության բարձրագույն մարմին, շտապ հրավիրել արտահերթ նիստ, չեղարկել ռազմական դրությունը, հանգուցալուծել իշխանության ճգնաժամը, և ձեռնարկել քայլեր՝ ձևավորելու նոր իշխանություն, որը համարժեք է ստեղծված իրավիճակին, և կարող է երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։
բ) ՀՀ Ոստիկանությանը և ԱԱԾ-ին՝ իրենց սահմանադրական լիազորություններին համապատասխան, խստագույնս պահպանել իրավակարգը, թույլ չտալ բախումներ, արագ կասեցնել ցանկացած հակաիրավական գործողություն։
գ) ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբին՝ խստագույնս վերահսկել սպառազինության շարժը ռազմական գործողությունների գոտուց դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, թույլ չտալ զենքի որևէ ապօրինի ներթափանցում, իսկ արդեն իսկ բաժանած սպառազինությունը բոլոր կամավորական ջոկատներից արագ առգրավել՝ եթե նրանք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, և անմիջականորեն ներգրավված չեն Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը։
դ) ՀՀ Դատախազությանը՝ քրեական գործ հարուցել պրն Փաշինյանի գրառման հետ կապված, ստուգելով նրա համապատասխանությունը ՀՀ օրենքի տառին և ոգուն։
ե) ՀՀ Նախագահին՝ իրեն վերապահված Սահմանադրության պահպանմանը հետևող պաշտոնյաի լիազորությամբ համակարգել այս պայմաններում իրավապահ մարմինների գործողությունները, և ապահովել սահմանադրական կարգի անվերապահ պահպանումը։
Ես նաև կոչ եմ անում պրն Փաշինյանի բոլոր ընդդիմախոսներին և կողմնակիցներին՝ խստագույնս հետևել օրենքի տառին, չտրվել որևէ սադրանքի, ենթարկվել իրավապահ մարմինների պահանջներին, և իրենց բոլոր հետագա գործողությունները կառուցել մեր Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Մեր երկրի և հասարակության շահերից է բխում այս քաղաքական ճգնաժամի սահմանադրական հանգուցալուծումը, մանավանդ այն պայմաններում, երբ Արցախում պատերազմը փաստացի չի վերջացել, և Հայաստանում ցանկացած ապակայունացում միայն կբարդացնի մեր վիճակը հետագա բանակցային գործընթացում։
Մեզ բոլորիս մաղթում եմ սթափություն և զգոնություն, և Աստծո աջը յուրաքանչյուրիս վրա։
Կոչ ԱԺ-ին՝ շտապ հրավիրել ԱԺ նիստ, չեղարկել ռազմական դրությունը, ձեռնարկել քայլեր՝ ձևավորելու նոր իշխանություն