Մեկնաբանություն

15.11.2020 18:10


«Կասսանդրա» օպերացիան գործողության մեջ. ի՞նչ իմաստ ունի սպանել... դիակին, և ի՞նչ են հասկացնում Ռուսաստանից

«Կասսանդրա» օպերացիան գործողության մեջ. ի՞նչ իմաստ ունի սպանել... դիակին, և ի՞նչ են հասկացնում Ռուսաստանից

Ինչո՞ւ «Կասսանդրա» օպերացիա

Իհարկե, իրականության մեջ ոչ մի նման «օպերացիա» էլ չկա: Պարզապես դժվար է հակիրճ ավելի համահունչ ակնարկով բնորոշել այն, ինչ կատարվեց մեր երկրում ու մեզ հետ այս երկուսուկես տարվա ընթացքում: Այն, ինչը դեռ շարունակվում է: Կասսանդրան, փոխադարձ սիրո խոստման դիմաց Ապոլլոնից կանխագուշակման շնորհ էր ստացել: Հին հունական առասպելներից տեղյակները կհիշեն, որ Կասսանդրան «քցել» էր Ապոլլոնին: Իսկ վերջինս էլ կանխագուշակման շնորհը... թողել էր Կասսանդրային, բայց այնպես էր արել, որ ինչքան էլ նա հստակ կանշագուշակի կատարվելիքը, ոչ ոք, բացարձակապես ոչ ոք նրա ասածներին չհավատա:

Հիմա՝ մերն է: Տասնյակ ու տասնյակ մեկնաբաններ, փորձագետներ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ (նվաստս էլ՝ այդ շարքում), հարյուրավոր ու հարյուրավոր օգտատերեր, նորմալ մարդիկ, 2018 թվականի մայիսի 8-ից, եթե ոչ՝ ապրիլի 25-ից մեռանք ասելով, բացատրելով, հիմնավորելով, որ երկրի ղեկը նիկոլ փաշինյանին և նրա շուրջը հավաքված տեսակային թափոնին վստահելը նույնն է, թե համաձայնես երկիրը, պետությունը, ամեն ինչը կործանելուն, ոչնչացնելուն, վերացնելուն:

Ու չնայած անցած երկուսուկես տարվա ընթացքում ուղղակի անհաշիվ էին այդ համոզմունքը լրացուցիչ հիմնավորող նորանոր փաստերը, ազդանշանները, ազդակները՝ արդեն նույն նիկոլ փաշինյանի և «թավշյա» տնաքանդության մյուս շահառուների ռեալ գործողություններով ու քայլերով պայմանավորված, միևնույնն է, ատելությունից ու չարությունից կուրացած, ինքնապահպանության բնազդը կորցրած բազմությունը անտեսեց թե՛ այդ բացահայտ ազդանշանները, թե՛ ուղիղ, առճակատ հնչեցված զգուշացումները՝ վերահաս աղետի մասին: Այնքան, մինչև հայտնվեցինք կանխատեսվող աղետի էպիկենտրոնում՝ կորցնելով հազարավոր լուսավոր զավակների, խեղելով էլ ավելի շատ լուսավոր զավակների ճակատագիրն ու առողջությունը, կորցնելով հայրենիքի գրեթե կեսը և կործանման վտանգի տակ դնելով մյուս՝ վերջին կեսը: Հետևաբար՝ «Կասսանդրա» գործողություն...

Հարկավ, «Կասսանդրա» բնորոշումը խիստ պայմանական ու հարաբերական է, քանզի առասպելական կերպարը կանխա-ԳՈՒՇԱԿՈՒՄ էր, իսկ սթափությունն ու դեպքերի, իրադարձությունների պատճառահետևանքային կապի թելը պահպանած հարյուրավորները կանխա-ՏԵՍՈՒՄ էին: Ոչ այն աստիճանի աղետալի ծավալների անկում, ինչպիսին հիմա է, բայց կանխատեսում էին՝ հիմնվելով կոնկրետ փաստերի, երևույթների, փաշինյանական ծաղրածուախմբի, նրանց սերտորեն հարող թուրքական 5-րդ շարասյունի՝ «սորոսականների», հակահայ աղանդավորական գումարտակների գործողությունների և դրսևորումների առարկայական օրինակների վրա:

Ի՞նչ իմաստ ունի վերացնել... դիակի, թեկուզ՝ քաղաքական

նիկոլ փաշինյանը, անկասկած, քաղաքական դիակ է: Կապ չունի, թե նրա անհատական ապահովման ծառաները (ԱԱԾ) քանի՞ հոգու կկալանավորեն, քանիսի՞ն կմեկուսացնեն կամ նույնիսկ՝ կվնասեն: նիկոլ փաշինյանը, ինչ էլ ասվի նրա ունակությունների կամ դրանց բացակայության մասին, բոլորից լավ է հասկանում, թե ինչ է սպասվում իրեն, չհաշված՝ հայ ժողովրդի հավիտենական անեծքն ու նզովքը:

Հիմա, օրինակ, փաշինյանի անձնական աած-ն, նրա ֆիզիկական վերացման գործողություն նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալում է տարբեր գործիչների՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյան, ազատամարտի լեգենդար մասնակից-հրամանատար Աշոտ (Երկաթ) Մինասյան, «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյան և այլն, և այդպես շարունակ (հարգարժան մյուս հայրենակիցներս, հուսով եմ, ներողամտորեն կվերաբերվեն իրենց այստեղ անվանապես չհիշատակելու հանգամանքին):

Ըստ որում, նկատենք, որ անվանապես հիշատակված բոլոր գործիչները այս պատերազմի ժամանակ, ինչպես անձամբ, այնպես էլ իրենց գլխավորած ջոկատներով, անմիջականորեն մասնակցել են մարտական գործողություններին և գերազանցապես զբաղված ու կենտրոնացած են եղել իրենց ջոկատների առջև դրված մարտական առաջադրանքները կատարելու, դրանց կատարման հետ կապված խնդիրները լուծելու վրա:

Ու հիմա... մեկ էլ փաշինյանական աած-ն հայտարարում է, թե այդ մարդիկ կասկածվում կամ նույնիսկ մեղադրվում են... պետական գործչի (նիկոլ փաշինյանի) սպանությունը պլանավորելու և այն իրականացնելու նախապատրաստական գործողություններ կատարելու մեջ:

Փաշինյանական աած-ն այդ «գործով» նշում է քաղաքական գործունեության հսկայական փորձ ու նաև ահռելի կենսափորձ ունեցող գործիչների: Համենայն դեպս, ձերբակալվածների շարքում նման գործիչներ են: Դրանով աած-ն է՛լ ավելի մեծ անհեթեթության է վերածում իր ներկայացրած մեղադրանքներն ու հաղորդագրությունը:

Բանն այն է, որ հիմա երևի միայն անուղղելի մանկամիտը չի հասկանում, որ նիկոլ փաշինյանը, առնվազն նոյեմբերի 10-ից հետո, քաղաքական դիակ է, որն անխուսափելիորեն նետվելու է պատմության աղբանոցը, իսկ նրա անունը դարեդար հիշատակվելու է որպես անեծք: Դավաճանների և հայրենիքը թշնամուն հանձնողների հետ այլ կերպ չի լինում: Բայց դա դեռ մի կողմ, մանավանդ, դրա մասին խոսելու առիթներ դեռ շատ կլինեն:

Ի՞նչ իմաստ ունի սպանել կամ պլանավորել նիկոլ փաշինյան քաղաքական դիակի սպանությունը: Հակառակը՝ նիկոլ փաշինյանի սպանությունը կամ ֆիզիկական վերացումը այսօր ձեռնտու է միայն այն շրջանակներին, որոնք պլանավորել, նախապատրաստել էին վերջին 2,5 տարում իրականացվող, իսկ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ավարտական առաջին փուլով ամփոփված Հայաստան-Արցախի վերացման դավադիր ծրագիրը:

Եվ էլի՝ հակառակը, մյուս բոլորի(ս) նիկոլ փաշինյանը պետք է ֆիզիկապես անվնաս, մեղսունակ, գործունակ վիճակում: Բազմաթիվ հարցեր կան բազմաթիվ փաստերի վերաբերյալ, որոնց նա դեռ պետք է հրապարակավ պատասխանի: Բնականաբար, ո՛չ այն կարգավիճակում, որը այս պահին դեռ ունի: Չասենք՝ ինչ կարգավիճակում ու որտեղ պիտի պատասխանի, քանզի բոլորն էլ հասկանում են, որ նման բան լինելու է համազգային դատի դատարանական դահլիճում, գլխավոր ամբաստանյալի կարգավիճակում:

Այնպես որ, պատասխան պահանջողները, որոնց շարքում են աած հայտարարած կասկածյալ-մեղադրյալները, ոչ մի կերպ շահագրգռված չէին ու շահագրգռված չեն դիտարկվող սուբյեկտի ֆիզիկական վերացման մեջ:

Ռուսական «փակագծերն» ու դրանց մեկնարկած բացումը

Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը, որոշակի իմաստով կարողացավ հասնել իր նպատակին: Համենայն դեպս, կրեմլյան տրամադրություններն արտացոլող տարբեր մեկնաբաններ, «խոսող գլուխներ» չեն էլ թաքցնում, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի հետապնդած նվազագույն նպատակը անմիջականորեն մեր տարածաշրջանում թուրքական բազայի ստեղծման գործընթացի կասեցումն էր, ռուսական ռազմական ներկայության ապահովումը: Բայց Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը, անկասկած, իրեն հաշիվ է տալիս նաև այն հարցում, որ ստեղծված իրավիճակում իրենց հետապնդած նվազագույնին հասնելը տեղի է ունեցել Հայաստանի, Արցախի, հայության կենսական շահերը զոհելու հաշվին:

Եվ ահա, արդեն մի քանի օր է, ինչ Ռուսաստանից սկսում են բացել այս ամենին անմիջականորեն վերաբերվող «փակագծեր», հրապարակավ հնչեցվում են շատ կոնկրետ հարցեր՝ ուղղված նիկոլ փաշինյանին, նրա պն-ին ու նրանց վերաբերյալ:

Կարելի է չկասկածել, որ ռուսական քարոզչատեղեկատվական միջոցների տարբեր հեռուստամեկնաբանների, վերլուծաբանների, ըստ որում՝ հայկական ծագում և ազգանուն ունեցող մեկնաբանների կողմից հնչեցվող հարցերը հիմնված են համապատասխան պետական կառույցներից տրամադրված տվյալների, փաստերի ու տեղեկությունների վրա:

Փակագծերից մեկը, սկզբունքորեն, արդեն հանրահայտ է. պատերազմի մեկնարկից անմիջապես հետո և պատերազմի ամբողջ ընթացքում, այն էլ՝ մի քանի անգամ Ռուսաստանը նիկոլ փաշինյանին ներկայացրել է մարտական գործողությունները դադարեցնելու և համաձայնություն կնքելու մի շարք տարբերակներ, որոնք բոլորն էլ անհամեմատ ավելի նախընտրելի էին, քան այն խայտառակագիրը, որի տակ նոյեմբերի 10-ին ստորագրել է նիկոլ փաշինյանը: Բոլոր այդ տարբերակները կտրականապես մերժվել են, ի վերջո, ստորագրվել է վատագույնից էլ վատթար անվերապահ կապիտուլյացիան՝ Արցախի հանձնումով ու Հայաստանի ոչնչացման վտանգները շոշափելի ու տեսանելի սպառնալիքների վերածելու նախադրյալներով:

Երկրորդ ու երրորդ փակագծերը, որ բացում են Ռուսաստանից, շատ ավելի ահավոր են: Իսկ դրանց բովանդակությունն այն է, որ իրականում Ռուսաստանը Հայաստանին ու հայ ժողովրդին ոչ միայն մենակ չի թողել, այլև նախ՝ սեփական նախաձեռնությամբ առաջարկել է օժանդակություն, բայց մերժում է ստացել Հայաստանի ղեկավարության կողմից (սա, այսպես թե այնպես գիտեինք, փաշինյանն ինքն էլ, նման պարզ ակնարկ արել էր):

Բայց, Ռուսաստանից ասում են նաև, որ չնայած այդ մերժումներին, առանց որևէ բարձրաձայնման, հնարավորինս անաղմուկ, Ռուսաստանը տրամադրե՛լ է պահանջվող ռազմական օգնություն՝ անհրաժեշտ սպառազինության, զինատեսակների մատակարարմամբ, որքան էլ դա բարդացել էր՝ Վրաստանի ոչ-բարեկամական պահվածքով ու ստեղծված ռեալ վիճակի պատճառով: Բայց տրամադրել են:

Սրա մասին էլ, եթե մենք այստեղ չգիտեինք, ապա առնվազն կռահում էինք՝ դատելով թեկուզ այն բանից, թե ինչպես սկսեցին «թափվել» թուրքական «բայրակթարները»: Բա՛յց:

Ռուսական մեկնաբանները այնքան տեղեկացված են, որ հարցնելու տեսքով համոզված պնդում են՝ Հայաստանի ղեկավարության, հասկանալի է՝ նիկոլ փաշինյանի ու ՊՆ ղեկավարության մեղքով այդ զինատեսակների առնվազն կեսը մնացել է չօգտագործված, չի հասցվել անմիջական մարտական գործողությունների գոտի, չի ծառայեցվել պատերազմի ընթացքում բեկում մտցնելու նպատակին:

Դե, թող պատասխանեն հարցերի հասցեատերերը, եթե կարող են:

Չորրորդ փակագիծն էլ կա (իրականում հինգերորդն էլ կա, վեցերորդն էլ), որը արդեն ոչ միայն ռուսաստանցի մեկնաբաններն են բացում, այլև ռազմաճակատից հրաշքով ողջ վերադարձած ու կատարվածից դեռ բանականությունը չկորցրած ռազմիկները: Խոսքը Հադրութը թշնամուն հանձնելու առեղծվածի մասին է, խոսքը Շուշիի «հանձնման» առեղծվածի մասին է: Ու ոչ միայն:

Կոնկրետ Շուշիի վերաբերյալ, արդեն քանիցս բարձրաձայնվում են հայտարարություններ, որ իրականում այն մինչև կապիտուլյացիայի ստորագրման պահը, անգամ՝ դրանից հետո չի եղել թուրք-ադրբեջանական հրոսակի վերահսկողության տակ, որ քաղաքում մարտեր են ընթացել և Շուշին ընկած չի եղել, ինչպես հետագայում մատուցվում էր մեզ Հայաստանի և Արցախի ղեկավար ներկայացողների կողմից՝ փորձ անելով պարտության կամ Շուշին թուրքին թողնելու մեղքը գցել այն պաշտպանող ջոկատների ու մյուս ռազմիկների գրպանը:

Ի՞նչ է հուշում այս մասնակի փակագծաբացումը, նույնիսկ եթե առայժմ շրջանցենք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, մեղմ ասած՝ կասկածելի գործարքների վերաբերյալ համացանց նետված փաստաթղթային սկանդալի մանրամասնությունները:

Իսկ այս ամենը առնվազն հուշում է, որ ամենայն հավանականությամբ գործ ունենք նախապես մանրակրկիտ պլանավորված, ծրագրված և սառնասրտորեն, հազարավոր հայ երիտասարդների, կարողունակ մարտիկների, բանակային մարտունակ կազմավորումների սպանության և կազմաքանդման գնով իրականացված պետական դավաճանության հետ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը