Հարցազրույց

29.04.2011 14:42


Մանուկ Սուքիասյան

Մանուկ Սուքիասյան

Հարցազրույց «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանի հետ

–ՀԱԿ ղեկավարությունը վերջերս հայտարարեց, որ այսուհետ ժողովուրդն ի՛նքն է որոշելու, թե ինչ է անելու։ Սակայն ապրիլի 28–ի հանրահավաքի ժամանակ, երբ ջրբաժանի կամ իշխանափոխության մասին հայտարարություններ էին հնչում, հարթակից ներքև կանգնած ժողովուրդը բղավում էր՝ հիմա՛, հիմա՛։ Իսկ երթից հետո մոտ 100 հոգի ցանկանում էին նստացույց անցկացնել Ազատության հրապարակում։ ՀԱԿ ղեկավարությունը դա թույլ չտվեց և ամեն կերպ հանգստացնում էր նրանց կրքերը։ Փաստորեն ստացվում է, որ ժողովո՞ւրդը չի որոշում, թե ինչ է անելու։

–«Հիմա՛» բացականչող և նստացույցի մնալու գաղափարը պնդող բազմությունը, չեմ կարծում, որ 100 է, իրականում ավելի շատ է, բայց իրականությունն այնպիսին է, որ ա՛յս պահին, քանի որ 3–րդ և իմ կարծիքով՝ ամենագլխավորը պահանջը՝ քաղբանտարկյալների ազատարձակումը, օրերի հարց է, այս պարագայում ամենադոմինանտը քաղբանտարկյալների օր առաջ ազատարձակումն է, այնուհետ քաղաքական պայքարին նոր որակ և տրմաբանություն հաղորդելն է։

–Այդուհանդերձ, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշում էր, որ ներկայացված 3 պահանջները մնացած 15 պահանջների հետ մեկ ամբողջական փաթեթ են, և եթե մեկը չի կատարվում, նշանակում է, որ ոչ մեկը չի կատարվել։ Բայց երեկ, փաստորեն, հայտարարվեց, թե պահանջները կատարվում են։ Այստեղ հակասություն չե՞ք տեսնում։

–Հակասություն չեմ տեսնում։ Նախ ասվել է, որ այդ պահանջները կատարվելուց հետո կսկսվի երկխոսություն իշխանափոխությա՛ն և արտահերթ ընտրությունների՛ օրակարգով։ Ինձ թվում է՝ երկխոսության այլ թեմա չի՛ կարող լինել։ Պահանջներից առաջնային 3–ի կատարումը՝ հատկապես քաղբանտարկյալների ազատարձակումը, այս պահին ինձ մոտ համոզմունք է առաջացնում, որ ընտրած ուղին ճիշտ է, և մեր ընկերների ազատարձակումից հետո արդեն կարող է Հայ ազգային կոնգրեսը է՛լ ավելի առաջ մղվող, անելիքները է՛լ ավելի հստակեցրած և ավելի նպատասլաց էներգետիկայով շարժվել իր քաղաքական կուրսով։

–2008թ. փետրվարի 26–ին, երբ Լևոն Տեր–Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը միաժամանակ հանրահավաք էին անցկացնում, Սերժ Սարգսյանը երկխոսության կոչ արեց, բայց Լևոն Տեր–Պետրոսյանը չընդունեց։ Իսկ հիմա արդեն՝ երեք տարի անց, երբ մարտի 1 է տեղի ունեցել, 10 զոհ ունենք, Լևոն Տեր–Պետրոսյանը պատրաստ է այդ երկխոսությանը։ Ինչպե՞ս եք սա գնահատում։

–Այսպիսի մի խնդիր կա՝ 2008թ. փետրվարյան օրերին ժողովուրդը դուրս էր եկել իր բողոքի ձայնը բարձրացնելու կեղծված քվեի համար։ Հիմա՝ երեք տարի անց, երբ որ մեր քաղբանտարկյալ ընկերները պահվում են բառացիորեն պատանդի կարգավիճակում, ինչը չկար փետրվարյան այդ օրերին, բնական է, որ օրակարգի, խոսակցության ուղությունն այլ է։ Այն, որ իշխանության որակը չի փոխվել թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, և ժամանակի ընթացքում որևիցե դրական տեղաշարժ չի արձանագրվել, ինձ թվում է՝ բազմիցս ասված, բարձրաձայնված իրողություն է, որի մասին անընդհատ խոսելն այս պահին իրականությունը չի փոխում։ Այո՛, դա այդպես է։ Այն ժամանակ իրողությունն այնպիսին էր, որ որևիցե երկխոսության առարկա չկար։ Կար կեղծված քվե։ Իսկ այժմ կան քաղբանտարկյալներ, և ովքեր մատների արանքով են նայում քաղբանտարկյալներին ազատ արձակելու հետ կապված այս գործընթացին, ուղղակի խորհուրդ կտայի այս դաժան պայմաններում մի քանի օր անցկացնել ազատազրկման վայրում և այնուհետ նոր այդպես հեշտությամբ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ նման խաղեր անել։

–Այդուհանդերձ, որքանո՞վ է բարոյական մարտի 1-ից, 10 զոհերից հետո այդ իշխանությունների հետ նստել երկոսության։ Ու չե՞ք կարծում, որ ճիշտ է այն պնդումը, թե Լևոն Տեր–Պետրոսյանը Արթուր Բաղդասարյանից պետք է ներողություն խնդրի, որովհետև Արթուր Բաղդասարյանը գոնե արյան գնով չգնաց իշխանությունների հետ երկխոսության, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանը այդ արյունը թափվելուց հետո է գնում։

–Զուգահեռները բացարձակապես անհիմն են ու անտեղի։ Արթուր Բաղդասարյանն իր ընտրողներին հուսախաբ արեց պաշտոնի դիմաց, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանն այս պահին հարկադրված է իշխանությունների հետ բանակցել բացառապես պատանդի կարգավիճակում պահվող և տարիներ շարունակ հալածանքների ենթարկվող, ազատազրկման վայրում բազմիցս վիրահատության ենթարկված Սասուն Միքայելյանի, բռնության ենթարկված Նիկոլ Փաշինյանի և այլոց համար։ Ովքեր որ կուզեն, որ այդ մարդկանց տարիներով պահեն բանտում և այստեղ դրսում ինչ–որ բան անեն, բարի ճանապարհ՝ թող գնան, նման խրոխտ կեցվածք ընդունեն և դրանով զբաղվեն։ Բայց ա՛յս պահին քաղբանտարկյալների օր առաջ ազատարձակումը ամենադոմինանտ խնդիրն է, որի լուծումից հետո արդեն նոր կարելի է Տեր–Պետրոսյանին այս կամ այն մեղադրանքը հղել։ Իսկ Տեր–Պետրոսյան–Արթուր Բաղդասարյան զուգահեռները բացարձակապես անհիմն են։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը