Աշխարհ

14.11.2020 16:09


ՌԴ նախագահը պարգևատրել է Ադրբեջանի խոցած Ми-24 ուղղաթիռի անձնակազմին Արիության շքանշանով

ՌԴ նախագահը պարգևատրել է Ադրբեջանի խոցած Ми-24 ուղղաթիռի անձնակազմին Արիության շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ռուսական Ми-24 ուղղաթիռի հրամանատար Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) և վիրավորված ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին պարգևատրել է Արիության շքանշանով:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջից:

«Ռուսաստանի Դաշնության նախագահը Արիության շքանշանով պարգևատրել է ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին, մայոր Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության, խիզախության և անձնվիրության համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում՝ լեռնային տեղանքում: Ми-24 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի հրամանատար Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը, իսկ ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինը վիրավորվել:

Ադրբեջանական կողմը խոստովանել է իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»: Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ է փոխհատուցում տրամադրել:

Այս խորագրի վերջին նյութերը