Մեկնաբանություն

14.11.2020 15:37


«Երկու տարում ավելի շատ զենք էին բերել», բայց... զենք չկար

«Երկու տարում ավելի շատ զենք էին բերել», բայց... զենք չկար

Արցախը մի ստորագրույթամբ իր «կիրթ ու կառուցողականին» տված տխրահռչակ ու դեռ ինչ-որ բաներ խոսել համարձակվող անձնավորությունն ու նրա քարոզչական մանկլավիկներն ու զոմբիացված ռեպրոդուկտորները արդեն մի 10-15 օր է, ինչ մի ծեծված «առասպել» էլ են շրջանառում՝ «վերջին երկուսուկես տարում ավելի շատ զենք է բերվել (գնվել, ներկրվել), քան նախորդած 10 տարում (երբեմն՝ 20 են նշում)»: Դա էլ, իր հերթին, զանազան տարբերակներով, մի քիչ էս կողմ-էն կողմ փոփոխված ակտիվ շրջանառվում է:

Որքան էլ ակնհայտ է, որ այս «առասպելը» հորինված է ամպուտացված հիշողություն ունեցող և մտածելու, ինքնուրույն տրամաբանելու ոչ մի ցանկություն չունեցող, նաև ցանկացած հիմարություն որպես հայտնություն ընկալող ու, որպես սեփական հայտնագործություն կրկնող բիոմասսայի համար, արժե մեկ-երկու դիտարկում անել:

Առավել ևս, որ հենց նույն այդ փաշինյանական «առասպելը», ավելի պարզ ասած՝ ցինիկ սուտը կրկնող-տարածողները, «մոռանալով», որ «երկուսուկես տարում ավելի շատ զենք» էին բերել, քան բոլորը միասին՝ մինչև այդ, մեկ էլ սկսում են տարածել, թե՝ զենք չունեինք: Այն իմաստով, որ բանակն անհրաժեշտ զինատեսակներ ու սպառազինություն չունե՝ արդյունավետ դիմադրելու համար:

Սկսենք նրանից, որ 1994 թվականի հրադադարի կնքումից ի վեր, անկախ այն բանից, թե որքանով արդյունավետ կառավարող կամ «լիգիծիմ» իշխանություն է եղել Հայաստանի ղեկին, բանակի սպառազինությունն ու զինապաշարը անընդհատ համալրվել են, անընդհատ թարմացվել:

Այդ համալրման ու սպառազինության ապահովման առանցքային գաղափարական պահը միշտ եղել է ռազմաքաղաքական և այս դեպքում՝ ռազմատեխնիկական հավասարակշռության ապահովումը: Պարզ ասած՝ ամեն կոնկրետ ժամանակահատվածում պատկերացում ունենալով, թե ինչ զենք-զինատեսակներ ունի թշնամին, Հայաստանի ղեկավարությունը, ով ում ինչ էլ ասի կամ չասի, գոնե ապահովել է այն նվազագույն անհրաժեշտը, որը թույլ էր տալիս հակակշռել թշնամու ունեցածին՝ զսպելով մեր վրա հարձակվելու, մեր դեմ պատերազմ վերսկսելու նրա մշտական ցանկությունը:

Նույնիսկ այն շրջանում, երբ թշնամու պաշտպանական (կամ հարձակվողական) ծախսերի բյուջեն եղել է Հայաստանի գրեթե ամբողջ բյուջեի չափով, Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարները ձգտել են բազմապատիկ նվազ միջոցներով լուծել ուժերի գոնե հավասարակշռության ապահովման խնդիրը:

Ինչ սխալներ կամ բացթողումներ են եղել, ինչ թերացումներ կամ չարաշահումներ և այլն, և այդպես շարունակ, առանձին քննարկման, եթե կուզեք՝ հետազոտության կամ քննության հարց է, ինչպեսև այն, թե ովքեր, ինչ շրջանակներ են նաև միտումնավոր ստեր տարածել՝ թիրախավորված վարկաբեկելով որոշակի, հատկապես՝ ռազմական գործիչների: Բայց այդ թանձր ճահճուտը շրջանցենք այստեղ:

Շրջանցենք, որովհետև էականն այն է, որ այդ ամեն ինչով հանդերձ, հայկական Զինված ուժերը, Հայաստանն ու Արցախը ունեցել են այնքան սպառազինություն ու կարողականություն, որ դա զսպել է ռևանշի ձգտող թշնամուն:

Միայն 2016 թվականի ապրիլին է, որ թշնամուն թվացել է, թե հասել է բավարար գերազանցության՝ ռազմական ճանապարհով Արցախի հարցը լուծելու արկածախնդրության դիմելու համար:

Այո, շատ ծանր վիճակ էր ստեղծվել «ապրիլյան պատերազմի» մեկնարկային ժամերին, բայց անհերքելի փաստն այն է, որ հաջորդող ժամանակահատվածում թշնամին ստացել է այնպիսի հարվածներ ու այնպես, որ չի կարողացել իրականացնել իր նպատակները: Ավելին, իր իսկ հրահրած պատերազմական լայնածավալ գործողությունների արդեն 4-րդ օրը հենց թշնամին է նախաձեռնել, գնացել ռուսի ոտը, որ հրադադար հաստատվի:

Եվ ամեն դեպքում. «ապրիլյանի» ժամանակ էլ եղած սպառազինությունը դժվարությամբ, բայց բավարարել է դիմակայելու և, մեծ հաշվով՝ հրադադար պարտադրելու համար: Միայն ուղեղազուրկները կարող են կարծել ու նաև պնդել, թե թշնամու հրոսակներին հայկական զինուժը դատարկ ձեռքերով է կանգնեցրել, առանց փամփուշտ, առանց հրետանի, միայն սակրավորական բահիկներով ու սովալլուկ վիճակում, անբենզին տանկերով և անարկ թնդանոթներով (իբրև թե՝ անարկ), ինչպես դա հանրությանը համոզում էին ու բազմաթիվ «դըմփ-դըմփ-հու»երի համոզեցին նիկոլ փաշինյանն ու իր գործակիցները այն ժամանակ:

Բայց նույն ապրիլյանի ժամանակ էլ ակնհայտ դարձավ, որ պետք է կտրուկ վերանայել ինչպես սպառազինման ծավալները, այնպես էլ՝ որակը, զինատեսակները, շեշտը դնել գերժամանակակից ու բարձրտեխնոլոգիական, արդիական տեսակների վրա: Թե այդ առումով 2016-ի սեպտեմբերից մինչև 2018-ի ապրիլ ժամանակահատվածում ինչ հասցրեցին-չհասցրեցին անել, կան անմիջական պատասխանատուներ, փաստաթղթեր, դժվար չէ նրանց հարցնել, փաստաթղթերը արխիվներից «բարձրացնել» տեսնել, իմանալ, հասկանալ:

Սակայն մի հանգամանք արժե հատուկ ընդգծել: Այն, որ 2018-20 թվականներին Ռուսաստանից ներկրված սպառազինությունը, որով այդքան գլուխ են գովում նիկոլի վկաները, գնվել ու բերվել է դեռ նախորդ իշխանության կողմից բանակցված և կնքված ծավալուն վարկային պայմանագրի համաձայն: Սա էլ այն «հեքիաթի» պահով, թե նախկինները թալանից բացի ոչինչ չէին անում, ոչ էլ հետագայի մասին էին մտածում և այդպես շարունակ:

Արդեն 2018-ի ապրիլի 23-ից, ավելի ճիշտ՝ մայիսի 8-ից սկսվում է նիկոլ փաշինյանի թավշյա վարչապետության հաշվարկը: Ենթադրենք, մինչև 2019-ի հունվար զբաղված էին իշխանությունն ամբողջությամբ գրավելով, ինչի հարցը ԱԺ արտահերթ ընտրություններով 09.12.2018-ին արդեն լուծել էին:

Իրենց ասելով՝ 2018-ի մայիսի 8-ից մինչև 2020-ի սեպտեմբերի 26-ը այնքան զենք ու սպառազինություն են բերել, որքան չի բերվել նախորդած 10, անգամ 20 տարիներին, միասին վերցրած:

Ի՞նչը նկատի ունեն: Ֆինանսակա՞ն արժեքը, թե՞ քանակությունը: Եթե քանակությունը, ապա էլի՝ քիչ հավանական է: Բայց ենթադրենք՝ այդպես է: Իսկ ի՞նչ զենքեր են բերել, ի՞նչ զինատեսակներ: Կան փորձագետներ (ինքս այդ բնագավառի մասնագետ չեմ), որոնք նշում են, որ Սու-30-երի փոխարեն ՀՕՊ «Պանցիր»-ներ էր պետք բերել և այլն: Բայց նույնիսկ դա չէ խնդիրը:

Խնդիրն այն է, որ փաշինյանն ինքն է ասում, որ սպասում էին նման մի պատերազմի: Խնդիրն այն է, որ եղել են հստակ տեղեկություններ, որ Ադրբեջանը շեշտը դնում է հարվածային ԱԹՍ-ների վրա, որ Թուրքիայից նման ԱԹՍ-ների մեծաքանակ գնում ու ներկրում է իրականացնում: Ու՝ ի՞նչ:

Այն, որ թշնամին այդ զինատեսակի վրա էր շեշտը դնելու, դեռ 2016-ին էլ երևաց, իսկ ավելի ցայտուն դրսևորվեց Տավուշի սահմանագոտում եղած մարտական գործողության օրերին: Ի՞նչ արեց փաշինյանի իշխանությունը: Տավուշի սահմանագոտին պաշտպանող հայ զինվորականների ու մարտիկների քաջության ու հմտության շնորհիվ հուլիսին արձանագրված հաջողությունը դարձրեց փաշինյանի փի-ար-ի մե՜ծ դրոշ, համարյա «մալայա զեմլյա»-ի նման մի բան ու... քնեց այդ «դափնիների» վրա՝ արթնանալով միայն սեպտեմբերի 28-ին, իսկ գուցե հոկտեմբերի 2-ին...: Եթե, իհարկե, արթնացել են, առհասարակ:
Ու ի՞նչ հակամիջոցների էին դիմել, եթե դիմել էին: Եթե իսկապես «սպասում էին նման մի պատերազմի»: Եթե, եթե, եթե...

Այս արկածախնդիր իմաստակները թերևս միայն մեկ հարցում են վարժ ու գերպրոֆեսիոնալ՝ «կռուտիտների» ու «հեքիաթներով» իրենց կռապաշտողներին կերակրելու հարցում: «Հեքիաթներից» մեկն էլ հենց «երկուսուկես տարում ավելի շատ զենք բերելն» է: Այդ ինչքա՞ն շատ զենք էր, ինչո՞ւ 30 օրվա մեջ չդրսևորվեց, թե՞ առաջին 5 օրում արդեն կորսված էր...

Իսկ դրանք արդեն այն հարցերն են, որոնց պատասխանները կփորձի գտնել երևի ԱԺ հատուկ հանձնաժողովը, հասկանալի է՝ ո՛չ այն պերսոնայի գլխավորությամբ, որ «ապրիլյանի» ժամանակվա պետական ու ռազմական գործիչներին էր հավատաքննության փորձում ենթարկել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը