Մեկնաբանություն

14.11.2020 15:15


Փաշինյանական քարոզչությունն անցել է բացահայտ ներքին ատելություն ու բախումներ հրահրելու

Փաշինյանական քարոզչությունն անցել է բացահայտ ներքին ատելություն ու բախումներ հրահրելու

Դեռևս Հայաստանի ղեկավար նիկոլ փաշինյանը, որ գրչի մեկ շարժումով թշնամուն հանձնեց պատերազմի ընթացքում նրանց գրավածից էլ ավելին, հանձնեց Արցախը, հանձնեց Հայաստանի ապագան, որոշել է ամեն գնով, անգամ իր կողմնակիցների միջոցով ներքին բախումներ ու արյունահեղություն հրահրելով, պահել իր վարչապետական աթոռը:

Չնայած այն հանգամանքին, որ նիկոլ փաշինյանն այս օրերին ինչ-որ թաքստոցներից է ուղերձներով ու «լայվ»-երով հանդես գալիս, իշխանական քարոզչությունը անթաքույց գործարկել է ստերի ու մանիպուլյացիաների գեներատորները և բազմապատիկ ավելացրել դրանց հոսքը՝ քարոզչատեղեկատվական դաշտ:

Իշխանական քարոզչական հիմնական հարթակներից մեկը տխրահռչակ Հ1-ն է: Կարելի է տարբեր օրինակներ բերել, բայց շատ ավելի հետաքրքիր են արծարծվող պրիմիտիվ, քննադատության ոչ մի կերպ չդիմացող թեզերը:

Օրինակ, իշխանական քարոզչությունն առաջին պլան է բերում, ըստ իրենց՝ դիրքերում գտնվող կամավորականների (որոշ տեսանյութերից հետո, իրականում մարտական գործողություններին մասնակցածները հեգնեցին այդ տեսանյութերում պատկերվածների խնամված տեսքը և զարմանալիորեն մաքուր, գրեթե արդուկված համազգեստը), որոնք սպառնալիքներ են հղում արդեն 3 օր հանրահավաքների, բողոքի ակցիաների միջոցով նիկոլ փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին և առհասարակ, այդ ակցիաների բոլոր մասնակիցներին:

Թերևս ընդունելով «դիրքերից լայվերով» սպառնացողների տեսքի ու հագուկապի վերաբերյալ դիտողությունները, իշխանական քարոզչությունը սրբագրումներ արեց, և արդեն փաշինյանին ամեն գնով պաշտպանելու, մեծ հաշվով՝ նրա ստորագրության պատասխանատվությունը նաև իրենց վրա վերցնելու, պարտվածի հեռանալը պահանջողներին սաստելու կամ ահաբեկելու «մեսիջներ» հաղորդելու համար ընտրում է, օրինակ, Հ1-ի տաղավարը:

Մյուս քարոզչական գործիքը այսպես ասած՝ «լայվերն» են, հիմնականում ռազմական հանդերձանքով, «45 օր պոստերում կանգնած» ներկայացող անձանցով (նրանցից մեկն, օրինակ, որ կեղտոտ սպառնալիքներ էր տեղում արցախցիների հասցեին, «պոստերում լինելով» հանդերձ, պատերազմի ընթացքում ու հատկապես վերջին 3 օրը ֆեյսբուքներում գերակտիվ է եղել, բայց դա դեռ մի կողմ):

Կարևոր է այն, թե ինչ շեշտադրումներ են արվում, ինչ նենգախեղումներ են թույլ տրվում:

Առաջին. շրջանառության մեջ է դրվել մանիպուլյատիվ թեզ, թե՝ իրենք դիրքերում անօգնական, առանց աջակցության են մնացել, մարդիկ չէին բավականացնում, իսկ Երևանում ահա այդքան մարդ կա, որոնք միտինգ անելու փոխարեն ավելի լավ է՝ գային դիրքեր:

Շրջանցվում է այն, որ եթե տվյալ կամավորագրված հայրենակիցները իսկապես դիրքերում առանց օգնական ուժերի են մնացել, ապա նախ, դրա վերաբերյալ պահանջ ու դժգոհություն պիտի ուղղեն իրենց այդ դիրքերի պաշտպանությունը հանձնարարած զինվորական հրամանատարությանը:

Երկրորդ՝ ռազմական հրամանատարության տրամադրության տակ եղել են բավարար մարդկային ռեսուրսներ, առնվազն Հայաստանում, եղել են բավարար զորահավաքային լծակներ, ու եթե դրանք ՊՆ-ի ու ԳՀ նիկոլ փաշինյանի կողմից արդյունավետ չեն գործածվել, ապա հենց նրանց պետք է հարցեր ուղղեն:

Երրորդ միտումնավոր ներքին թշնամանք հրահրելու հաշվարկով, անտեսվում է, որ կոնկրետ քաղաքական ուժերը և նրանց ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս նիկոլ փաշինյանի հրաժարականի պահանջով, կամավորական ջոկատներով ու վաշտերով, նաև անհատապես, ուղղակիորեն ներգրավված են եղել մարտական գործողությունների մեջ ու ոչ թե այնտեղից «լայվեր» են մտել, այլ կռվել են, ընկերներ ու զինակիցներ են կորցրել: Սա՝ դեռ թիկունքում ապահովման ու նաև արտերկրում քաղաքական աջակցության ահռելի աշխատանքներն ու ջանքերը չհաշված, օրինակ, ՀՅԴ-ի դեպքում:

Չորրորդ. հանրահավաքի մասնակիցների շարքերում են նաև տղամարդիկ, որոնք գրանցվել են զինկոմիսարիատներում և այդպես էլ սպասող մնացել՝ կանչի, կան մարդիկ, որ դիրքերից հերթափոխ են եղել և մի քանի օրով հանգստի իրավունք ստանալով, վերադարձել էին տուն, որտեղ էլ առան կապիտուլյացիայի ակտի լուրը, ի վերջո, հանրահավաքների մասնակիցների շարքերում քիչ չեն Երևան տեղափոխված, իսկ հիմա արդեն նաև հայրենազրկված արցախցի կանայք: Հանրահավաքի մասնակիցների մեջ են այս պատերազմում զավակ ու ամուսին կորցրած կանայք, հայրենակիցներ...

Եվ ահա, փաշինյանական քարոզիչները, անամոթաբար, անպատկառորեն, կորցրած մարդկային նկարագրի վերջին փշրանքներն անգամ, վրա են պրծել ահա այս կարգի մարդկանց վրա, նրանց բոլորին փորձում են կոլոլել դասալիքների և վաղկոտների քարոզչական ցեխի մեջ ու վիրավորում են, գեներացնում ներհասարակական թշնամանք, հրահրում ատելություն, սերմանում կամ ավելի ճիշտ խորացնում ներքին պառակտումը, որը պետականորեն իրականացվող քաղաքական կուրս եղավ այս վերջին երկուսուկես տարում ու դադար չտրվեց անգամ պատերազմի ընթացքում:

Չբավարարվելով ահա այդ կարգի դրսևորումներով, փաշինյանի կողմնակիցները, թերևս հետևելով իրենց «գներալիսսիմուս» առաջնորդի օրինակին, արդեն ուղղակիորեն հաշվեհարդար տեսնելու կոչերով, սպանելու, վտարելու ուղիղ կոչերով «լայվերով» հարձակվում են արդեն առհասարակ արցախցիների ու, պարզ է, «նախկինների», առհասարակ, բոլորի վրա, ովքեր պահանջում են, որ Արցախը հանձնած ու Հայաստանը կործանման եզրին մոտեցրած ու դեպի անդունդը հրող փաշինյանը հեռանա:

Նմանօրինակ պառակտիչ, ներքին արյունահեղություն ու խժդժություններ սադրելու կոչերը տարածելու համար գործող իշխանությունը չխորշեց նաև Հանրապետության հրապարակի մեծ էկրանը ծառայեցնելուց:

Սայց սա է այս իշխանության նկարագիրը:

Այս չարաղետ իշխանության ղեկավար փաշինյանը իրեն թույլ է տալիս հայտարարել, թե նոյեմբերի 10-ի գիշերը ջարդարարները կառավարական շենքերի վրա հարձակվել են նախկինների հրահանգով, բայց դա հիմնավորող ՈՉ ՄԻ ապացույց չի էլ ներկայացնում, իր ասած անհեթեթությունը գոնե մի փոքր հիմնավորելու համար: Բայց ո՞վ է դրան ուշադրություն դարձնում: Կարևորը, որ իրենց կուռքը հայտարարել է, թե՝ գնացեք, վրեժ լուծեք:

Ի դեպ, հետաքրքիր է, որ փաշինյանական քարոզչությունը մի ամիս շարունակ պնդում էր, թե վերջին երկուսուկես տարում շատ ավելի շատ զենք ու սպառազինություն է բերվել, քան դրան նախորդած 20 տարում: Իսկ հիմա մոռացել են, որ իրենք 2 տարում 20 տարվանից ավելի սպառազինություն են բերել Հայաստան ու ասում են, այ, չստացվեց հաղթել, որովհետև 20 տարի ոչ մի բան, իբր թե չէին արել բանակի համար: Ու դիտմամբ մոռանում են, որ թշնամին, մինչև 2018 թվականը, որքան էլ փորձել է նախահարձակ գործողությունների դիմել, քիթումռութին ստացել է, իսկ 16 թվականին էլ այնպես, որ առաջինն էր վազել Պուտինի մոտ՝ հրադադարի համար մի հնար գտնելու խնդրանքով:

Մի խոսքով, ինչ հնարավոր է՝ կորցնելուց հետո իր իշխանությունը պահելու համար նիկոլ փաշինյանը չի խորշում իր կողմնակիցների միջոցով ամենակեղտոտ ստեր տարածելուց, վտանգավոր սադրանքներ և ներքին բախումներ հրահրելուց:

Հակառակ դեպքում, ինչո՞ւ նույնքան արագ և օպերատիվ չեն հայտնաբերվում, ոստիկանություն ու ԱԱԾ տարվում նույն այդ սադրիչ կոչերի, սպառնալիքների հեղինակները: Նրանցից մեկն, օրինակ, ներկայանում էր կառավարական ամառանոցների մուտքի կամ ելքի դարպասների մոտ կայանած ավտոմեքենայի միջից, երևի այն մտքով, թե եկել են վարչապետի կեցավայրը պաշտպանելու:

Ու ոչ մեկը չի հարցնում, թե ո՞ւր էին, օրինակ, ընդդիմադիրների հանրահավաքը «ցեպիտ տված» ոստիկանական ահռելի ուժերը նույն նոյեմբերի 10-ի գիշերը, որ կառավարության, ԱԺ շենքերը, վարչապետի կեցավայրը անպաշտպան էր մնացել ինչ-որ ջարդարարների առաջ: Ու դեռ պետք է պարզել, թե ովքե՞ր էին իրականում այդ ջարդարարները, ո՞վ էր նրանց կազմակերպել և ուղղորդել: Դատելով սելֆիներ անելու հարցում նրանց թուլությունից, կարելի է ինչ-ինչ կասկածներ ունենալ, թե ում կողմից կարող էին իրականում ուղղորդված լինել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը