Կարծիք

12.11.2020 18:23


Իշխանությունը զավթեցիր սուտ խոստում-ընտրակաշառքով, երկիրը 1.5 տարի գլորեցիր անպատասխանատու պոպուլիզմով, հեռացար դավաճանությամբ

Իշխանությունը զավթեցիր սուտ խոստում-ընտրակաշառքով, երկիրը 1.5 տարի գլորեցիր անպատասխանատու պոպուլիզմով, հեռացար դավաճանությամբ

Վե՛րջ, բավական է …, այլևս ԻՐԵՐՆ՝ իրնեց անունով:

Հիմա հերթով և կարճ:

1. Իշխանազավթման համար խոստացար արժանապատիվ և երջանիկ կյանք: Ասում էիր տարեկան առնվազն 10 տոկոս տնտեսական աճ: Կառավարման ժամանակահատվածդ կփակվի 0 տոկոս աճով, իսկ ապագան ունի կայուն անկման անկասելի հիմքեր: 2020 թ. մեր երկրի տնտեսական պատմության մեջ մտավ՝ որպես սոցիալ-տնտեսական կոլափսի դասական շրջան: Եվ սա մինչև պատերազմը:

2. Խոստացար արտահանմանը միտված տնտեսություն: Քո շրջանում երկրի արտահանման աճի տեմպը կրճատվեց 2,5 անգամ՝ 2017թ. համեմատ:

3. Խոստացար ներդրումային և նոր աշխատատեղերի բում: Օտարերկրյա ներդրումները փախան Հայաստանից: Միայն 2019թ. ՕՈՒՆ (օտարերկրյա ուղղակի ներդրումներ) զուտ ներհոսքը կրճատվեց ավելի քան 60 միլիոն դոլարով, իսկ վերաներդրումները՝ 30 տոկոսով: Վրաստանում գրանցվում է շուրջ 6,5 անգամ ավել ՕՈՒՆ, քան Հայաստանում:

4. Պետական բյուջեի աննախադեպ՝ 40-50 տոկոս աճ էիր խոստացել, տեղերն էլ հատ-հատ գիտեիր: 2019թ. բյուջեն ունեցավ նույն՝ շուրջ 10 տոկոսի իներցիոն աճը, ինչին մոտ աճ կար 2017թ.: Այս ուղղությամբ դրսևորածդ պոպուլիզմը և անպտուղ գործողություններն էական հարված հասցրին երկրի առանց այն էլ անբարենպաստ ներդրումային միջավայրին: Սրա դառը պտուղները դեռ երկար են քաղվելու:

5. Պետական բյուջեի կապիտալ ծախսերը թղթի վրա (պետական բյուջեներում) աճեցրիր և փիառվեցիր: Իրականում այդ ծախսերի 60 տոկոսը չկատարվեց անհոդաբաշխ բացատրություններով: Վախեցար ծախսես, քանի որ գիտեիր, թե ինչ է սպասվում երկրի տնտեսությանն ու բյուջետային մուտքերին:

6. Խոստացար արժանապատիվ աշխատանքով աղքատության հաղթահարում: Հռչակեցիր «նպաստից դեպի աշխատանք» ժողովրդահաճո սկզբունքդ: Իրականում ձևավորեցիր աշխատանքն ապախթանելու, աշխատող աղքատների իրավունքները ոտնահարելու ամբողջական հիմքեր. եկամտահարկի համահարթեցում՝ հակասոցիալական լիարժեք գործադրմամբ, գույքահարկով անապահով խավի հարստահարում, զբաղվածության պետական ծրագրերի 75 տոկոս թերակատարում, որի հետևանքով տարեկան 3000-4000 գործազուրկներ կորցրին աշխատանքի տեղավորման իրենց հնարավորությունը, աշխատողների իրավունքներին միտված օրենսդրական եղած նախագծերի անտեսում, որոնք ունեն միջազգային մասնագիտական կազմակերպությունների դրական վերաբերմունքը և այլն: Հետևանքը եղավ այն, որ 2017թ. համեմատ ունեցանք աղքատության կրճատման ցուցանիշի աննախադեպ վատացում՝ 40 տոկոսի չափով: Արտագաղթի հետևանքով աշխատանքային ռեսուրսները նվազեցին, որոնց 90 տոկոսը գործազուրկներն էին: Չնայած դրան ավելանում է նաև գործազրկության մակարդակը: Օրինական գրանցված աշխատողների թվի աճը ներկայացրիր՝ որպես սեփական աննախադեպ ձեռքբերում: Իրականում 2017թ. տվյալներով այդ թիվն աճել է 40 տոկոս ավել չափով, քան քո «ձեռքբերումն» է:

Հետո էլ տեսար իրական պատկերը և անհեթեթ կերպով մեղադրեցիր շարքային քաղաքացիներին՝ աղքատությունը իրենց գլխից չհանելու համար:

7. Խոստացել էիր աշխատավարձերի, հատկապես՝ աշխատող աղքատների վարձատրության, կենսաթոշակների, նպաստների աննախադեպ աճեր: Չկա: Փոխարենը, քո խմբակի՝ բարձրաստիճաններիդ վարձատրությունը եռապատկեցիր գաղտնագողի և հակաօրինական պարգևատրումներով: Երկրում միջին աշխատավարձն ավելացել է կրկնակի պակաս, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Այսինքն՝ աշխատող աղքատների կյանքն ավելի է բարդացել: Իսկ հակասոցիալական քո վարքագծի շարունակությունը եղավ աշխատող աղքատների հարկային բեռի ավելացումը՝ ի հաշիվ բարձր եկամուտ ունեցողների բեռի թեթևացման:

8. Նույնիսկ պատերազմական այս ծանր օրերին կարողացար 2021թ. պետական բյուջեում նախատեսել քո և քո խմբակի կայուն բարեկեցության աճ: Ձեր աշխատավարձերը եռապատկել էս անարժան պարգևատրումներով, հաջորդ տարի էլ ուզում ես ավելացնել ևս 22 տոկոսով: Իսկ սոցիալական պաշտպանության բյուջեն ավելացնում էս 2 տոկոսով:

9. Խոստացար 2050թ.-ին 5 միլիոն մշտական բնակչություն: Ժողովրդագրական առկա ցուցանիշներով և խորացող բացասական միտումների պարագայում, նույնիսկ լավատեսական սցենարով կունենանք կեսը: Իսկ պատերազմը բոլոր ուղղություններով ավելացրեց նաև ժողովրդագրական հետևանքներն ու մարտահրավերները, որի մասին դեռ վաղ է նույնիսկ պատկերացնելը:

10. Խոստացար «օղիով և պինցետով» վերացնել համավարակը: Փաստացի ձախողեցիր COVID-19-ի դեմ պայքարը հնարավոր բոլոր ուղղություններով: Եվ սա էլ մինչև պատերազմը: Հետևանքներն ահագնանում են՝ օրական մինչև 50 մահեր, իրենց մահին սպասող հարյուրավոր անօգնական քաղաքացիներ, առողջապահական համակարգի կոլապս, վրա հասած սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամ: Նորից մեղադրում էս հանրությանը՝ քո և քո խմբակի ապաշնորհության մեղքը բարդելով քաղաքացիների վրա:

11. Խոստացածիդ և իրականության խորացող խզումը թաքցնելու համար հախուռն կերպով հանրությանը կերակրում էիր «Վարչապետի 100 փաստերով»: Հետո սոցիալ-տնտեսական վիճակն այնքան վատացավ, որ դա էլ չկարողացար շարունակել: Իսկ այդ «100 փաստերը» հավաքական առումով իրականում մի բանի մասին էին՝ նոր և խորացող խնդիրներ, լուծումների փոխարեն՝ հանրության շեղում կեղծ օրակարգերով և անհարիր դրսևորումներով:

12. Այս ընթացքում չլսեցիր և չընդունեցիր կառուցողական որևէ առաջարկ: Առողջ լուծումների համար անհրաժեշտ հանրային քննարկումները փոխարինեցիր մեղադրանքներով, հանրությանը պառակտելով, «ՄԵՆՔԸ՝ քո ու քո խմբակի եսով», 70 տոկոս բացարձակ իշխանությունդ քեզ արդարացնելուն, մեղավորներ նշանակելուն, նեղ քաղաքական ու անձնական շահերիդ ծառայեցնելով:

13. Պատերազմը մեզանից տարավ ամեն ինչ: Հիմա դու արդարանում ես, իրականում քո նույն ոճով և գործիքակազմով մեղավորներ ես ձևակերպում: Մանիպուլացնում ես իրողությունները: Խոսում ես նոյեմբերի 10-ին ստորագրածդ հայտարարության մասին և դրա հիմքերը քեզանից դուրս ես ներկայացնում:

14. Փոխարենը՝ առարկայական խոսիր քո երկուսուկես տարիների կառավարման մասին, որի յուրաքանչյուր օրը երկիրը բերեց այս օրվան: Խոսիր պատերազմի 45 օրերից և տուր իրական բացատրություններ:

15. Կարճ ԱՍԱ՛, որ դա դաժան պարտություն էր, որի համար մեղավոր ես և անցնցում ՀԵՌԱՑԻ՛Ր: Արածդ արդեն անտանելի է, պաշտոնդ պահելու համար ՀԱՅ ժողովրդի գլխին նոր փորձություններ այլևս մի՛ նախաձեռնի:

Ոտնահարվում եմ բոլոր ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ վառ հիշատակի և նրանց ընտանիքների առջև:

Պարտական եմ ՁԵԶ: Այլևս ապրելու եմ այս անփոփոխ գիտակցությամբ …

Ես մեղավոր եմ, կներեք:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Այս խորագրի վերջին նյութերը