Մեկնաբանություն

13.11.2020 10:46


նիկոլ փաշինյա՛ն, ասում եք՝ քանի՞ շրջան եք հանձնել նվաստացուցիչ ստորագրությամբ

նիկոլ փաշինյա՛ն, ասում եք՝ քանի՞ շրջան եք հանձնել նվաստացուցիչ ստորագրությամբ

Ասում են, թե հայությանը թուրքի առաջ ծնկի բերած փաշինյանական կապիտուլյացիայով թշնամուն են հանձնվում «7 շրջանները»: Դրա տակ, դեռ մեկ ամիս առաջ գոյություն ունեցած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափով անցած 20-25 տարիներին ընթացած բանակցային գործընթացում, ենթադրվում էին Արցախի ազատամարտի հաղթական հրադադարի հաստատման դրությամբ ազատագրված, մինչ այդ ադրբեջանական կազմավորման վերահսկողության տակ եղած տարածքները:
Բայց ըստ հրապարակված, Վ.Պուտինի, պատերազմական հանցագործ Ալիևի և պետական դավաճանության քայլ կատարած նիկոլ փաշինյանի ստորագրած թղթի, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Հայաստանի ու Արցախի անվերապահ ու բացարձակ կապիտուլյացիա, ամենևին էլ «7 շրջանի» մասին չէ խոսքը:

Դա, կարծես չեն հասկացել կամ ձև են անում, թե չեն հասկացել թերևս միայն անդառնալի նիկոլապաշտները, ցմահ «պողոսները» և դեռևս իշխանության կարգավիճակ ունեցող «քայլականները»:

Խոսենք փաստերով: Ըստ այդ թղթի՝ հպա՜րտ, անկաշա՜ռ ու լեգիտի՜մ նիկոլ փաշինյանը (և, փաստորեն թիմակից-աջակիցները) գրչի մեկ շարժումով համաձայնել է, որ թշնամուն՝ ադրբեջանական կողմին են թողնվում Քարվաճառի (Քելբաջարի), Քաշաթաղի (Լաչինի), Կուբաթլիի, Զանգելանի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի, Աղդամի շրջանները: Ավելի ճիշտ, թվարկվածը հենց այդքան տարփողված «7 շրջաններն» են:

Բայց:
Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական և ահաբեկչական տանդեմի սկսած պատերազմի ընթացքում, կապիտուլյացիայի թուղթն ստորագրելու պահին թշնամին գրավել էր թվարկվածից՝ Կուբաթլիի, Զանգելանի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի շրջանները: Իսկ Լաչինի շրջանի մի զգալի մասը և Քարվաճառի շրջանն ամբողջությամբ, նաև Աղդամի շրջան կոչվող տարածքի մի որոշակի մասը գտնվում են Արցախի բանակի, հայկական զինուժի վերահսկողության տակ:
Բայց, ըստ փաշինյանի ստորագրած թղթի, այդ բոլոր շրջանները ևս՝ Աղդամի, ու որ շատ ավելի կարևոր է՝ Լաչինի ու Քարվաճառի շրջանները ուղղակիորեն ու արագորեն հանձնվում են թշնամուն: Սա՝ «7 շրջանները»: Այն «7 շրջանները», որոնք տասնամյակներ շարունակ ու ապարդյուն փորձում էին վերադարձնել ադրբեջանական իշխանությունները: Ի դեպ, բանակցային գործընթացի բացթողում էր, որ մեր կողմից նույնքան հետևողականորեն չէր դրվում Մարտակերտի շրջանի մի մասի և Շահումյանի շրջանի վերադարձի պահանջ: Բայց դա երևի մի շատ երկար ժամանակով անցավ-գնաց: Ինչևէ:

Սակայն մտքի տարրական սթափություն պահպանած հայրենակիցները կհուշեն, որ այս պահի դրությամբ թշնամու կողմից օկուպացված են Արցախի Հադրութի շրջանը և Շուշին (Շուշիի շրջանը), որոնք ևս անցնում են թշնամուն:

Թվաբանությունից, կարծում ենք, բոլորն էլ գլուխ հանում են: Սա արդեն ոչ թե 7 շրջան է, այլ 7+2 շրջան, այսինքն՝ 9 շրջան: Սրան էլ գումարեք Մարտունու շրջանի այն հատվածները, որոնք պատերազմի ընթացքում են գրավել թշնամիները։

Այսինքն, թշնամուն է հանձնվում 9 շրջան:

Բայց դա էլ ամենը չէ: Դեռ այլ անդրադարձի թողնենք չափազանց զգայուն ու ոչ պակաս կարևոր հարցացավը, որ թշնամու վերահսկողության տակ են թողնվել, և Հայաստանի դե յուրե ղեկավար փաշինյանը համաձայնել է նաև հանձնել Հայրենիքի մի զգալի մասը, որտեղ գտնվում են պատմամշակութային և ազգային ինքնության մաս կազմող այնպիսի կոթողներ, ինչպիսիք են Ամարասը, Ղազանչեցոց եկեղեցին, Դադիվանքը, Ծիծեռնավանքը և այդպես շարունակ, իրականում ահռելի ցանկ է եկեղեցիների, վանքերի, պատմամշակութային ժառանգության կոթողների:
Ըստ այդ կապիտուլյացիոն թղթի, ըստ էության, թշնամուն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության տարածքի կարևոր մի մաս, որպեսզի ադրբեջանական իշխանությունները ճանապարհ ստանան դեպի Նախիջևան: Մեծ հաշվով, դա նշանակում է կամ ընթացքում կարող է վերածվել մի իրավիճակի, երբ Հայաստանը գործնականում զրկվում է Իրանի հետ սահմանից կամ, ավելի ճիշտ՝ որպես ինքնիշխան պետություն՝ հարևան պետության հետ սահմանի լիարժեք վերահսկողության բնական իրավունքից: Զրկվելու է այնքանով, որքանով այդ սահմանի երկայնքով անցնելու է «ադրբեջանական» ճանապարհ:

Նախքան այդ թվարկված կապիտուլյացիոն կետերը այնպիսին են, որ քիչ է ասել՝ խայտառակ, անարժանապատիվ և նման այլ էպիտետներ: Դրանք կործանարար են:

Կործանարար են, որովհետև կապիտուլյացիոն ակտով դեռևս միայն թղթի վրա գծված սահմանները բացեիբաց հուշում են, որ նիկոլ փաշինյանի ստորագրությամբ գործնականում թշնամուն է հանձնվել Արցախն ամբողջությամբ: Բանն այն է, որ Արցախից մնացել է նույնիսկ ԼՂԻՄ-ի տարածքի մոտավորապես 1/3-ից քիչ ավելին: Բացի այդ, Արցախը, ըստ այդ քարտեզի, մնում է Հայաստանից կտրված, միայն Լաչինի 5 կմ լայնությամբ շերտիկով ու օտարի վերահսկողության ներքո գործող ճանապարհաշերտով Հայաստանի հետ կապվող անկլավիկ՝ Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի շրջանների մնացորդներից ու Ստեփանակերտի ավերակներից կազմված:

Մի խայտառակ անկլավ, որի բոլոր բնակավայրերը հայտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ: Պարզ է, չէ՞, որ եթե Արցախի այդ շրջանների ու շեների հայությունը նույնիսկ վերադառնա, ապա ստիպված է լինելու ապրել թուրք-ադրբեջանական մշտական կրակոցների, ելուզակությունների ու շարունակական մարդակերական դրսևորումների վտանգի պայմաններում: Մշտական: Պարզ է, չէ՞, որ ոչ մի խաղաղապահ-մաղաղապահ երբեք ու երբեք չի կարող երաշխավորել հայության անվտանգությունը, թեկուզ եթե ՄԱԿ-ի մանդատով երկնագույն սաղավարտներով լինի:

Ըստ էության, փաշինյանական իշխանությունը ուզում է հանրությանը համոզել, թե փրկել է այն, ինչ հնարավոր էր փրկել, սակայն դաժան իրականությունն այն է, որ հանձնել է ոչ միայն անցած երեք տասնամյակի բոլոր հաղթանակները, նվաճումները, հանձնել է ոչ միայն Արցախի ազատամարտի ավելի քան 8500 նվիրյալ-զոհվածների, նրանց բազմահազար զինակիցների ջանքն ու արյունը, ոչ միայն անցած 26 տարիներին (1994-ից ի վեր) հայկական դիրքերն անառիկ պահած ու զոհված մեր տղաների նվիրումն ու արյունը, ոչ միայն ապրիլյան պատերազմում հերոսացած տղաների նվիրումն ու արյունը, ոչ միայն այս 45 օրերին նահատակված ու բազմապատիկ գերազանցող թշնամուն դիմակայած հազարավոր զոհվածների ու վիրավորածների, նրանց՝ մինչ օրս դիրքերից չիջնող հերոսական տղաների նվիրումն ու արյունը, այլև... ապագան է հանձնել: Կա՞ մեկը, որ դա չի գիտակցում:

Եթե անգամ կան այդպիսիք, եթե անգամ կան անուղղելի միամիտներ, որոնք կարծում են, թե սա խաղաղության թուղթ է, ապա թող գտնեն ու նայեն այդ կապիտուլյացիայի ստորագրումից հետո պատերազմական հանցագործ ալիևի ծաղրական հոխորտանքը: Ի դեպ, նաև այն մասին, որ ոչ մի կարգավիճակ-մարգավիճակ չկա ու չի լինելու Արցախի, իսկ այս դեպքում տեղին կլինի ասել՝ Արցախի մնացորդի համար:

Ավելին, կնքված անվերապահ կապիտուլյացիայի ակտը նշանակում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահման-ճակատագիծը արդեն ձգվելու է Նոյեմբերյանի տարածքից մինչև Մեղրի, մինչև Նռնաձոր: Այսինքն, վերստին սահմանամերձ ու թշնամական կրակոցների վտանգի տակ են հայտնվելու ոչ միայն Տավուշի ու Գեղարքունիքի մարզերի (մինչև Կրամիրի հատված) հայկական խաղաղ բնակավայրերը, այլև արդեն ամբողջ արևելյան սահմանի երկայնքով եղած հայկական գյուղերն ու քաղաքները:
Ու բացարձակապես անհասկանալի է, թե Հայաստանի անունից հանդես եկող վարչապետի պաշտոն զբաղեցնողը ի՞նչ է առհասարակ բանակցել, բանակցե՞լ է որևէ կետ ընդհանրապես: Խիստ կասկածելի է, որ նման բան տեղի ունեցած լինի, քանզի գործնականում ինչ թուրք-ադրբեջանական տանդեմը պահանջել է, սուսուփուս տրվել է:

Հակառակ դեպքում, եթե կրակի դադարեցման կապիտուլյացիայի հենքը լիներ սահմանանշում՝ ըստ հակամարտ ուժերի առկա դիրքերի, ապա ինչո՞ւ պիտի թշնամուն հանձնվեին պաշտպանված ու ծանր գնով պաշտպանված Քարվաճառը և Բերձորը: Իսկ եթե «բանակցային գործընթացի» արդեն ակնարկված «7 շրջանի» մեխանիզմն էր գործադրվել, ապա ինչո՞ւ են թշնամուն մնում Հադրութը, Շուշին...

Ու այս խորապատկերում առավել քան ցինիկ է հնչում իշխանական իրենց «քայլը» խմբակցության անունից տարածված հայտարարության նաև այն ձևակերպումը, թե՝ «հնարավոր եղավ կանխել թշնամու՝ հայության դեմ սանձազերծված ցեղասպանական ոճիրը»:

Լավ, ի՞նչ «պողոսի» համար եք դա ասում, եթե կատարվածը տեղով հենց ցեղասպանություն է: Հայրենազրկում է: Տեղի ունեցածը Հադրութի, Շուշիի, Կովսականի, Վարանդայի, Քաշաթաղի, Քարվաճառի, մի խոսքով՝ թշնամուն տրվող ու տրված Արցախի Հանրապետության տարածքների հայաթափում է, հայ բնակչության հայրենիքա-տնազրկում: Ի լրումն, դա նաև մշակութային ցեղասպանության նախադրյալների ստեղծում է: Կա՞ մեկը, որ կասկածում է, թե ինչ է լինելու Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու, Դադիվանքի, Ծիծեռնավանքի, Ամարասի և այլ վանքերի ու եկեղեցիների, պատմամշակութային ժառանգության կոթողների հետ: Ավելին, եթե ԱԺ-ի մոտ երևալ չհամարձակված, բայց նման հայտարարություն անել համարձակվող իշխանական մանդատակիրները ինչ-որ բաներ են խոսում ցեղասպանություն կանխելու մասին, թող միանգամից հավելեն, թե որքա՞ն ժամանակով է այն կանխվել: Կես տարո՞վ, մեկ տարո՞վ, երկո՞ւ: Կա՞ն կասկածողներ, որ այս չարաղետ իշխանության «շնորհիվ», գործնականում անդաշնակից, թուրքական սպառնալիքի դիմաց մեն-մենակ մնացած, այժմ էլ նման ծանրագույն հարված ստացած Հայաստանը շատ ավելի գայթակղիչ պատառ է դարձել թուրքական արնախումի համար, քան՝ երբևե վերջին 100 տարում: Նրանք, այդ մանդատակիրները գոնե երբ մենակ են մնում, իրենք իրենց հաշիվ տալի՞ս են, որ ոչ թե ցեղասպանություն է կանխվել, այլ Հայաստանի վերացման, 1915-23 թվականներին իրագործված ոճիրը Թուրքիայի կողմից շարունակելու համար կրնկի վրա դռներն են բացել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը