Մեկնաբանություն

13.11.2020 11:45


Ոչ միայն հետևողական ստեր ու մոլորեցում, այլև ստահոդ «առասպելներ»

Ոչ միայն հետևողական ստեր ու մոլորեցում, այլև ստահոդ «առասպելներ»

Խայտառակ կապիտուլյացիայով Հայոց զույգ պետություններից Արցախի վրա ըստ էության խաչ քաշելուց, իսկ Հայաստանի Հանրապետության հետագա գոյության վրա մի մեծ յաթաղան կախելուց հետո էլ, հատկապես նիկոլ փաշինյանի ֆեյքավաշտերը շրջանառության մեջ են դրել ու շարունակում են շրջանառել զանազան առասպելներ:

Առասպել 1. «Բա գայիք, բա մարդկանց կանչում էինք, չէին գալիս, չեկան...»:

Նախ՝ գալիս էին: Կան բազմաթիվ վկայություններ, և կան բազմաթիվ մարդիկ, որ իրենք էլ կվկայեն, որ կամովին ներկայացել են զինկոմիսարիատներ, իրենց տվյալները գրանցել են և ասել, որ գնան, սպասեն, որ իրենց կկանչեն: Շատերը մինչև նոյեմբերի 9-ը սպասում էին, որ կկանչվեն: Մնացին սպասող: Նշվածը ոչ միայն «առասպել» է, այլև կեղտոտ նպատակներ հետապնդող լկտի ու ցինիկ սուտ:
Երկրորդ, ամենից էականը: Մենք պետությա՞ն մասին ենք խոսում, թե՞ ինչի: Կա պետություն: Կա երեք տասնամյակում ու մեծ ջանքերի, համաժողովրդական զոհողությունների գնով ստեղծված բանակ՝ իր բոլոր կառույցներով: Բոլոր կառույցներից այս դեպքում առանձնացնենք զինկոմիսարիատը: Զինկոմիսարիատներն ունեն մշակված հստակ մոբիլիզացիոն պլան:
Ի՞նչ «եկեք, եկեք...»-ի մասին եք հիմա խոսում, եթե համընդհանուր մոբիլիզացիա հայտարարվել է, բայց ինչպե՞ս է իրականացվել: Առավել ևս, որ ի տարբերություն, օրինակ, 1992-94 թվականների, այժմ Հայաստանի սահմանները փակ ու փակ էին, այսինքն՝ պոտենցիալ «թռնողները» «թռնելու» շատ քիչ տեղ ունեին, էլ չենք խոսում այն մասին, որ ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտն ու միջավայրը, ընդդիմադիրների հայտարարած ներքաղաքական հարցերի «սառեցումն» էլ՝ վերադիր, նպաստում էին արդյունավետ մոբիլիզացիա իրականացնելուն:

Ցանկացած դեպքում, կառավարման տեսանկյունից անհեթեթ է, ունենալով հղկված կառույցներ ու մեխանիզմներ, հիմնվել առավելապես կամավորականության վրա: Եթե ձեր համար «փի-ար»-ի խնդիր էիք տեսնում, ոչինչ, դա այդպես լուծեիք, ինչպես ապրիլյանի դեպքում, գնայիք ու մի անշառ տեղ խրամատ փորեիք: Բայց անընկալելի է ամենը կամավորականությանը հանգեցնելը, եթե միայն դա կոնկրետ ու միտումնավոր իրականացվող ծրագրի բաղկացուցիչ մաս չի եղել:

Ի՞նչ էին նշանակում՝ ՏԻՄ-երի ղեկավարների գլխավորությամբ ջոկատներ կազմելը կամ ընկեր-ծանոթ-հարազատներով ջոկատ կազմելու և հրամանատարներ ընտրելու կոչերը: Բանակ, Զինված ուժեր ունեցող պետության համար դա նշանակում է նույն այդ բանակի, կարգապահության ու կանոնակարգության խարխլում: Ի լրումն, ի՞նչ է նշանակում «ջոկատներով» կռիվ գնալը՝ բանակ և Զինված ուժեր ունեցող երկրի դեպքում:

Երրորդը՝ ազատամարտիկների ջոկատներից ու այդ հիմքի վրա ժամանակին բանակ կազմավորվեց, որպեսզի 28 տարի անց այդ զինուժը փոշիացվի ջոկատների՞:

Չորրորդը՝ որքա՞ն է Հայաստանի և Արցախի զինուժի թվակազմը (օրինակ, սեպտեմբերի 27-ի դրությամբ): Լավ, սա համարենք հույժ գաղտնի տվյալ, այլ կերպ հարցը տանք. արդյոք հայկական ամբողջ զինուժը տեղակայվա՞ծ էր Արցախում: Ոչ, իհարկե: Հայաստանի տարածքում տեղակայված մնացյալ զորքը ամբողջությամբ արդեն տեղափոխվե՞լ էր Արցախ, որ հավելյալ ուժի կարիքն այդքան սուր էր զգացվում: Հայտնի է, որ ամբողջական ստորաբաժանումներ մեկնել են և կատարել մարտական առաջադրանքներ: Բայց ներգրավվա՞ծ էր զինուժի ամբողջ պոտենցիալը, մանավանդ որ վարչապետի մակարդակով հավաստիացնում էիք, որ Ռուսաստանը լիարժեք կատարում է իր պայմանագրային պարտավորությունները (այսինքն՝ առնվազն պահում է հայ-թուրքական սահմանը): Ի վերջո, որ ասում են՝ կամավորություն, կամավորություն, նկատենք, որ զինապարտությունը, բանակը, զորակոչվելը կամավորություն ու քմահաճույքներ չեն ենթադրում: Մոբիլիզացիայով, առանց կամավորության, հնարավո՞ր էր 2-3 օրում զորակոչել 100, 150, 250 ՀԱԶԱՐ պահեստազորայինի, իսկ 5-7, ապա 8-15 օրերի ընթացքում այդ զորքի ներգրավմամբ կոնկրետ պաշտպանական խնդիրներ լուծել, առնվազն ապահովել այնքան զինվոր, որքան անհրաժեշտ էր և որոնց քիչ լինելու մասին հիմա հայտարարություններ են անում Արայիկ Հարությունյանը ու էլի ոմանք:

Ի՞նչ էինք տեսնում դրա փոխարեն: Մեկումեջ աշխարհազորայինների վարժանքներ, աշխարհազորայինների շարքի ֆոնին նիկոլ փաշինյանի միտինգ, «Էրատո» (չարագուշակ խորհրդանշանակությամբ անվանում) ջոկատի տեղաշարժի մասին շուխուռ-ղալմաղալ՝ հասկանալի պատճառով և նման՝ առավելապես քարոզչական «պլակատներ»:

Ու, առհասարակ, բանակը, զինուժը, առավել ևս՝ պատերազմը «դմփ-դմփ-հու» չեն: Հենց այնպես չի ասվում՝ ռազմագիտություն և ռազմարվեստ: Այդ ռազմագիտությունն ու ռազմարվեստն էին, որ 28 տարի առաջ հնարավոր դարձրեցին «Հարսանիք լեռներում»: Մինչդեռ տգիտությունը, անպատասխանատվությունը, ինքնասիրահարվածությունն ու «գերագույն հրամանատար» խաղալու մարմաջը վերջին 26-28 տարվա նվաճումները վերածեցին արնաշախաղ մղձավանջի:

Արմեն Հակոբյան

(շարունակելի)

Այս խորագրի վերջին նյութերը