Մեկնաբանություն

13.11.2020 11:05


Արայիկ Հարությունյանը՝ որպես նիկոլ փաշինյանի պատճեն կամ կլոն․ ինչպես ժողովրդի գրպանը կապիտուլյացիայից բացի, պարտության մեղք գցել

Արայիկ Հարությունյանը՝ որպես նիկոլ փաշինյանի պատճեն կամ կլոն․ ինչպես ժողովրդի գրպանը կապիտուլյացիայից բացի, պարտության մեղք գցել

Անվերապահ ու հակահայկական կապիտուլյացիայի ակտով Արցախից մնացած Արացախա-կտորի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշեց, որ պետք է մինչև վերջ գնա նիկոլ փաշինյանի արահետով, նրա քղանցքը բռնած:

Թերևս միայն այդպես կարելի է բացատրել նրա վերջին ուղերձի կամ ելույթի բովանդակությունը: Ի՞նչ ասաց, ի՛նչ էր ուզում հաղորդել Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով ստացվեց, որ կամավորականները մեծամասամբ վախկոտ-դասալիքներ էին (ես ներողություն եմ հայցում բոլոր կամավորականներից, զոհվածների հարազատներից), որ ներգրավված հատուկ ջոկատայինները, հատկապես նրանց հրամանատարը, փաստորեն, հրաժարվել է հրաման կատարել (պատերազմական, ասենք, սովորական պայմաններում էլ դա ծանր հանցագործություն է, ենթակա խիստ պատժի), ստացվեց, որ Հադրութից 1500 մարտիկ գլխապատառ փախել է՝ այն թողնելով թշնամու մի քանի տասնյակ դիվերսանտներին...

Կներեք, իսկ այս ամենի մասին հենց այդ օրերին ինչո՞ւ չէիք ասում ժողովրդին, ում հիմա բացաիբաց և անամոթաբար մեղադրում եք Արցախը թուրքին հանձնելու մեջ: Դուք չէիք ասում, խնդրեիք, թող նիկոլ փաշինյանն ասեր, մանավանդ, որ նմանօրինակ «ասելիքը» իր դեպքում ավելի տպավորիչ է ստացվում: Ինչպե՞ս է, որ կոնկրետ մեկ դեպքի վերաբերյալ նման բաներ ասացիք պատերազմի դեռ առաջին օրերին՝ ՀՀ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությամբ, իսկ մնացածի մասին լռում էիք: Այն ժամանակ ասացիք, որովհետև ակնկալում էիք այդ դեպքը ինչ-որ ձևերով տանել ու կապկպել կամ փաթաթել Վիտալի Բալասանյանի վրա: Չստացվեց, լռեցիք: Իսկ մնացյալ դեպքերում խոսում ու խոսում էիք:

Մեկ այլ հարց: Ի՞նչ է նշանակում՝ հրամանատարը, այն էլ ԱԱԾ հատուկ մարտական կազմավորման հրամանատարը հրաժարվում է մարտական դիրքերը պահելու հրաման-առաջադրանքի կատարումից: Այդ հրամանատարը գոնե ձերբակալվա՞ծ է:

Առհասարակ, եթե մարդիկ համազգեստ են հագել և հրամանի տակ են, ի՞նչ է նշանակում նրանց առանձնացնել մյուսներից, տարբերակելով որպես զինվոր ու ոչ զինվոր: Լավ, դա ի՞նչ «տնավարիություն» է: Կամ, ի՞նչ է նշանակում՝ «Պաշտպանության բանակին թողել էին մենակ»: Ո՞վ է մենակ թողել: Ժողովո՞ւրդը...

Ամեն օր 100 զոհ ու վիրավոր տվո՞ղ ժողովուրդը:

Ընդհանուր առմամբ, Արայիկ Հարությունյանը գրեթե նույնությամբ կրկնում է նիկոլ փաշինյանի՝ վերջին օրերին դաշտ նետած «թեզերը»՝ փախչող ստորաբաժանումների, զորքի, վախկոտ ու պատերազմել չկամեցող ժողովրդի մասին: Վերջում էլ, թե՝ բոլորն են մեղավոր, ազգն է մեղավոր:

Իսկապե՞ս:

Սա ի՞նչ է, եթե ոչ զինվորագրվածների, մեծ հաշվով՝ բանակի և ժողովրդի գրպանը կապիտուլյացիայից բացի, նաև պարտության մեղք գցել: Այն ժողովրդի, որ տվել է իր հազարավոր զավակների կյանքը, այն ժողովրդի, որ տվել է իր խնայողությունները, իր ջանքերը, իր ամեն ինչը հաղթանակի հասնելու համար: Այն ժողովրդի, որ 10-15 տարի աչք է փակել, օրինակ, նույն Արայիկ Հարությունյանի՝ վարչապետական գործունեության վրա՝ 2007-2017 թվականներին, գումարած՝ 2017-18 թվականներին պետնախարար լինելը: Այդ ինչպե՞ս է, որ ըստ նրա՝ մինչև 2016 թվականը Ստեփանակերտի երկինքը անպաշտպան էր ու դրա համար «նախկիններն» էին մեղավոր, իսկ 2020-ին Ստեփանակերտի երկինքը հուսալի պաշտպանված էր՝ «ներկաների» շնորհիվ, բայց թուրքական ու ադրբեջանական հրթիռակոծությունից քաղաքը ավերակների ու փլատակների մեջ է:

Ու ոչ միայն Ստեփանակերտը:

Արայիկ Հարությունյանը մուննաթ է գալիս նաև Ստեփանակերտից փախած տղամարդկանց վրա: Ասում է՝ փախչում էին, թաքնվում նկուղներում, որ չգնան առաջնագիծ: Ավելի վատ՝ Երևանում էին թաքնվում: Համենայն դեպս, այդպես ասվեց։

Կներեք, գոնե հիշո՞ւմ եք, թե 1992-ի օգոստոս-սեպտեմբերին այդ խնդիրներն ինչպես են լուծվել: Կառավարման այդ ի՜նչ շփոթ է եղել, որ ոստիկանությունով, ռազմական ոստիկանությունով, դրա համար նախատեսված կառույցներով փախչող զինապարտները չեն հայտնաբերվել և վերադարձվել: Լավ, Երևան հասածները դեռ մի կողմ, հենց Ստեփանակերտի նկուղներում թաքնված դասալիքների՞ն ինչպես չէիք կարողանում շարք վերադարձնել, ասենք՝ «պատժիչ դասակ»:
Թե՞ բանակային կարգապահությունը, կներեք, վերջնականապես «կլուբնիկ» էր ընկել:

Մի խոսքով, Արայիկ Հարությունյանը ընտրել է մինչև վերջ նիկոլ փաշինյան պատճենելու տարբերակը: Այն տարբերությամբ, որ նիկոլ փաշինյանի գտնվելու վայրը գոնե երկու օր է թիվ 1 պետական գաղտնիքն է դարձել, իսկ Արայիկ Հարությունյանը գոնե Ստեփանակերտում է: Չնայած այնտեղ էլ Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն են պահանջում, որ նա հեռանա զբաղեցրած պաշտոնից:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը