«Հրաժարական տվեք, այո՜ այո՜ դուք, Նիկոլը կստորագրի այն, ինչ դուք եք առաջարկում»․ Արփինե Հովհաննիսյանը՝ Աննա Հակոբյանին
Բաց նամակ ՀՀ փաստացի վարչապետ Աննա Հակոբյանին
Իմքայլական բանականություն ունեցող պատգամավորներին
ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցներին
Հարգե՜լի ՏԻԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Հարգե՜լի Աննա
Որոշեցի դիմել ձեզ, քանզի մենք մի երկրում ենք ապրում, որտեղ որևէ պաշտոն չզբաղեցնող կինն ահռելի ազդեցություն ունի անգամ պետության անվտանգությանն առնչվող հարցերում՝ ընդհուպ մինչև ռազմական հարցերի վերաբերյալ գաղտնի տվյալների տիրապետում ու նիստերի մասնակցություն:
Այս 2.5 տարվա ընթացքում դուք բացահայտ կերպ ցույց եք տվել այն հսկայական իշխանությունը և ազդեցությունը, որ դուք ունեք ձեր ամուսնու վրա: Այն չէր սահմանափակվում միայն սրան նրան պաշտոնի նշանակելու կամ այս կամ այն հիմնադրամի համար փող գտնելու հարցով: Դուք առաջին օրվանից մտաք Հայաստան պետության բաց ներվ ու թասիբ հանդիսացող Արցախի հարցի մեջ: Ձեր ամուսնու խայտառակ հայտարարությունների կողքին դուք սկսեցիք ձեր օրակարգը` խաղաղասիրության քարոզով, մուղամների հրավերներով, զենքից զարդեր սարքելու և նման այլ տխմար թեմաներով: Արդյունքներն այսօր տեսնում ենք: Անմարդկային ու ահռելի զոհեր տալու գնով դուք չպահեցիք հայրենիքը, այլ վաճառեցիք այն: Ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Դեռ հույս կա մի բան փոխել կարողանալու, դեռ հույս կա քաղաքացիական պատերազմից խուսափելու։
Աննա՛,
Հանուն պետության, որ ատում եք, հանուն ձեր անվտանգության, որ պաշտում եք, հանուն ձեր երեխաների, որ սիրում եք, հանուն կեղծ կերպարի, որ կերտել եք, հանուն ձեր բարեկեցության, որ արդեն ապահովել եք՝ ցույց տվե՜ք ձեր իրական ազդեցությունը, հրաժարական տվեք, այո՜ այո՜ դուք, Նիկոլը կստորագրի այն, ինչ դուք եք առաջարկում: Գիտեմ չեք ուզում, բայց խոհեմ եղեք, ձեր ամուսնուց անկասկած խոհեմ եք, հավասարակշիռ, խորամանկ ու հաշվենկատ: Հաշվե՛ք մինչև մեկը: Ու կտեսնեք, որ անասելի ծանր է ապրել երկրում, որտեղ ղեկավարը դավաճան է, հող ծախող, հայրենիք վաճառող: Որտեղ հսկայական խնդիրներ են առաջանալու, երբ հողին կպած ու պաշտպանող մարդիկ վերադառնան ռազմաճակատից:
Հաշվե՛ք մինչև մեկը հարգելի Աննա:
Հարգելի իմքայլական պատգամավորներ, ովքեր ունեն խիղճ, ամոթ, հայրենիք, թասիբ, քայլ արե՛ք, այս անգամ հանուն ձեր հայրենիքի, ընդդեմ դավաճանի խարանով ապրելու, հանուն ձեր երեխաների ապագայի: Ուզում եմ հավատալ, որ դուք հայրենիքը սիրում եք ավելին, քան Նիկոլին, ու ատում եք պակաս, քան ինձ կամ ձեր որևէ այլ հակառակորդի: Սա ձեր շանսն է։
Իրավապահ մարմինների աշխատակիցներ ջա՛ն,
Դուք ուսադիրի տակ աշխատող մարդիկ եք, դուք միշտ ծառայել եք պետությանը ու հիմա էլ մտածում եք, որ իշխանությունը, որի հրահանգը կատարում եք, պետություն է: Չէ տղե՛րք: Պետությունը տվել են, Արցախն էլ, արդեն Հայաստանն էլ: Դուք ՀՀ քաղաքացի եք, հետո ոստիկան, հետո պետական ծառայող: Մնացածը հեքիաթ է:
«Հրաժարական տվեք, այո՜ այո՜ դուք, Նիկոլը կստորագրի այն, ինչ դուք եք առաջարկում»․ Արփինե Հովհաննիսյանը՝ Աննա Հակոբյանին