Կարծիք

11.11.2020 16:46


«Վարչապետը (ով նաև ի պաշտոնե գերագույն հրամանատարն էր պատերազմի օրերին) կամավոր պետք է հրաժարական տա». Արսեն Ջուլֆալակյան

«Վարչապետը (ով նաև ի պաշտոնե գերագույն հրամանատարն էր պատերազմի օրերին) կամավոր պետք է հրաժարական տա». Արսեն Ջուլֆալակյան

Ի՞նչ է պետք հենց հիմա անել ստեղծված անչափ ծանր իրավիճակում։ Հարց, որով անխտիր բոլորն են մտահոգված (քիչ թե շատ...)։

Վստահ եմ՝ գերխնդիրը հիմա խուսափելն է քաղաքացիական պատերազմից (որի վտանգը, կարծում եմ, մեծ է)։

Իսկ ինչպե՞ս դա անել, երբ կա կուտակված բավականին մեծ դժգոհություն (հիմնավոր դժգոհություն)։
Փորձել հարցը լուծել իրավական ճանապարհով:

Անկախ նրանից՝ քո ցանկությամբ է եղել, թե ոչ, գիտակցաբար, թե չէ... Երբ ղեկավարությունը վստահվում է մեկին, նա էլ կրում է դրանից բխող ամբողջ պատասխանատվությունը։

Տրիվիալ մի օրինակ, որպեսզի հնարավորինս հասկանալի լինի լայն շրջանակներին, այդ թվում՝ նրանց, ովքեր «քաղաքականությունից գլուխ չեն հանում» և իրենց համարում են չքաղաքականացված։

Երբ ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչ է նշանակվում մի մարդ՝ օժտված անհրաժեշտ բոլոր լիազորություններով (հենց այդ մարդու իսկ համաձայնությամբ), և որոշակի ժամանակ անց իր թիմն անսպասելի ծանր պարտություն է կրում, չի կարող մարզիչը տարբեր պատճառներ բերել՝ հիմնավորելու այդ պարտությունը (տղեքն էին մեղավոր՝ վատ խաղացին, ֆեդերացիան էր մեղավոր՝ գումար քիչ տվեց, մրցավարն էր սխալ դատում և այլն)։

Նաև չես կարող, օրինակ, տուն ուղարկել ամբողջ թիմին և նոր թիմ կազմել։ Հիմնականում նման դեպքերում մարզիչը ներողություն է խնդրում, ընդունում իր սխալն ու հեռանում...

Իսկ այս պահին ի՞նչ իրավական տարբերակ կա։

Վարչապետը (ով նաև ի պաշտոնե գերագույն հրամանատարն էր պատերազմի օրերին) կամավոր հրաժարական է տալիս՝ ընդունելով իր մեղքի բաժինը։ Իշխող քաղաքական թիմն ընտրում է իր շարքերից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և հնարավորինս սեղմ ժամկետներում նշանակում արտահերթ ընտրություններ:

Այս տարբերակը, կարծում եմ, կլինի ամենաօպտիմալը՝ խուսափելու հետագա սրացումներից և բախումներից, ինչպես նաև ունենալու ստեղծված նոր իրականությանը համահունչ իշխանություն։ Արդեն պարզ է, որ լիքը բան է փոխվել և ուղղակի աչք փակելով չընդունել այդ ամենը համարում եմ արկածախնդրություն։

Հ.Գ. Գրածս բնավ «հարգարժան» ֆեյքերին ոգևորելու համար չէ, այլ ուղղված է իրական մարդկանց, հատկապես նրանց, ովքեր որոշում կայացնելու լիազորություն/պարտականություն ունեն ի պաշտոնե։
Հուսամ՝ հաշվի կառնվի առաջարկս, և գոնե լուրջ կքննարկվի համապատասխան շրջանակների կողմից։
Պահն իրոք շատ կարևոր է, ճակատագրական։

Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը