Քաղաքական

11.11.2020 16:34


Այսօրվա հանրահավաքը Փաշինյանի դեմ է, այլ ոչ թե ռուս խաղաղապահների և Պուտինի ծրագրի․ Երվանդ Բոզոյան

Այսօրվա հանրահավաքը Փաշինյանի դեմ է, այլ ոչ թե ռուս խաղաղապահների և Պուտինի ծրագրի․ Երվանդ Բոզոյան

Այսօրվա հանրահավաքի հիմնական ուղերձը վերջին 2,5 տարում Նիկոլ Փաշինյանի գործունեության գնահատականն է, ինչպես նաեւ նրա հրաժարականի պահանջը։ Մարդը, որի անփառունակ գործունեությունը երկիրն այսպիսի վիճակի է հասցրել, բնականաբար պետք է հրաժարական տա։ Բարոյական տեսակետից նա արդեն պետք է հրաժարական տված լիներ, այլ ոչ թե սպասեր, որ քաղաքական ուժերը պահանջեին նրա հրաժարականը։

Սա է հենց հիմնական ուղերձը։ Պետք է արձանագրեմ, որ հայտնի համաձայնագիրն, ըստ էության, ստորագրվել է ոչ թե նոյեմբերի 10-ին, այլ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը խափանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացը, ծաղրեց ԵԱՀԿ ՄԽ 30-ամյա աշխատանքը, ինչը հանգեցրեց Թուրքիայի ակտիվացմանն ու միջամտությանը ոչ միայն բանակցային գործընթացին, այլ նաեւ փաստացի ռազմական գործողություններին։ Փաշինյանը սադրեց եւ Թուրքիային առիթ տվեց միջամտելու համար, ինչն էլ հանգեցրեց ուժերի հավասարակշռության փոփոխությանը։

Խաղաղապահների առկայությունը միակ ելքն է, որի դեպքում մենք կարողացանք փրկել Արցախի մնացած հատվածը։ Հայաստանում սա լավ են հասկանում։ Այս պատճառով այսօրվա հանրահավաքը ոչ թե ռուս խաղաղապահների, ոչ թե Պուտինի դեմ է, այլ Փաշինյանի։ Արցախում ստեղծված իրավիճակը այլընտրանք չունի։ Եթե Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, հնարավոր է, որ Արցախի շուրջ իրավիճակում որոշ շտկումներ արվեն, սակայն նշանակալի փոփոխություններ չարժե սպասել։ Ներկայիս իրավիճակը՝ պատերազմի ելքը, եւ առանց Ռուսաստանի միջամտության՝ պատերազմի արդյունքները կարող էին շատ ավելի անմխիթարական լինել։

Երվանդ Բոզոյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը