Կարծիք

11.11.2020 14:31


Նիկոլ Փաշինյանի վերջին «լայվը» ոչ միայն առկա հարցերի պատասխաններ չի տալիս, այլև նոր հարցեր է առաջացնում

Նիկոլ Փաշինյանի վերջին «լայվը» ոչ միայն առկա հարցերի պատասխաններ չի տալիս, այլև նոր հարցեր է առաջացնում

Մի քանի հռետորական, բայց հատկանշական հարց Փաշինյանի ելույթի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանի վերջին «լայվը» ոչ միայն առկա հարցերի պատասխաններ չի տալիս, այլև նոր հարցեր է առաջացնում:

1. Չարաբաստիկ փաստաթուղթը ստորագրվել է Շուշիի անկումից հետո: Դա օբյեկտիվ իրականություն է և Փաշինյանի հաստատման կարիքը չկա: Հարցն այն է, թե ինչո՞ւ է Փաշինյանը շարունակաբար լռում այն մասին, որ այդ փաստաթուղթը քննարկվել է դեռևս հոկտեմբերի 10-ին՝ ստորագրումից մեկ ամիս առաջ: Այդ ժամանակ Փաշինյանն արդեն գիտե՞ր, որ մեկ ամիս հետո թշնամին հայտնվելու է «սիմվոլիկ» պաշտպանված Ստեփանակերտի մատույցներում:

2. Աղդամը, Լաչինն ու Քելբաջարը հանձնվել են, որովհետև պահել հնարավոր չէր և դրա մասին Փաշինյանին զեկուցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն, իսկ Արցախի քաղաքական ղեկավարությունը կիսել է այդ կարծիքը: Այդ տարածքները փաստաթղթի ստորագրման պահին և հիմա էլ գտնվում են մեր զորքերի վերահսկողության տակ, իսկ մարտական գործողությունների օրերին տարածվող լրատվության մեջ և հրապարակվող պաշտոնական քարտեզներում նշվում էր, որ թշնամին այդ ուղղությամբ ոչ մի առաջընթաց կամ հաջողություն չի ունեցել: Այսինքն այդ զորքերը մարտունակ էին և կատարում էին իրենց առաջադրանքը: Ինչո՞ւ հիմա հայտարարվեց, որ այդպես չէ:

3. Փաշինյանն ամենայն մանրամասնությամբ հիշում է, թե որ օրն ինչ լրատվականի է հարցազրույց տվել, բայց չի հիշում, թե որ օրն են մեր ջոկատները երկրորդ անգամ մտել Շուշի: Իրավունք ունի՞ գերագույն գլխավոր հրամանատարը չհիշել այդքան կարևոր իրադարձության մանրամասները, եթե հիշում է նույնիսկ Ծառուկյանի ջոկատի մեքենաների գույները:

4. Փաշինյանը հայտարարում է, որ Շուշիում մարտական իրադրության վերաբերյալ վերջին օրերի տեղեկատվություններում հակասություններ են եղել: Իսկ որտե՞ղ և ովքե՞ր էին պատրաստում այդ տեղեկատվությունը, Փաշինյանը վերահսկո՞ւմ էր դրանք, ե՞րբ է իմացել, որ հակասություններ կան և ի՞նչ է արել դրանից հետո:

Բնականաբար՝ սրանք հռետորական, բայց շատ հատկանշական հարցեր են, որովհետև բնորոշում են երկրի թիվ մեկ պաշտոնյայի վարքագիծը, պատկերացումներն ու բարոյահոգեբանական վիճակը:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը