Մեկնաբանություն

11.11.2020 16:10


Դավաճանություն և ազգադավություն. մեր հայրենիքի, մեր երեխաների կորուստն ու նիկոլի... օծանելիք, ժամացույցը

Դավաճանություն և ազգադավություն. մեր հայրենիքի, մեր երեխաների կորուստն ու նիկոլի... օծանելիք, ժամացույցը

Այն ստորացուցիչ խայտառակությունը, որ նոյեմբերի 10-ի գիշերը նիկոլ փաշինյանը դեմ տվեց Հայաստանին, Արցախին ու մեր ժողովրդին, ավելին է, քան՝ կապիտուլյացիոն ակտը, ողբերգությունը կամ աղետը: Դա պետական դավաճանություն է: Դա ազգադավություն է:

Այո, նիկոլ փաշինյանը կատարել է պետական դավաճանություն՝ գործնականում միանձնյա որոշմամբ՝ ոչնչացնելով մեր 30 տարվա պայքարի արդյունքները, զրոյացնելով մեր հաղթանակները, առոչինչ դարձնելով մեր ամբողջ ժողովրդի զոհողություններն ու ջանքերը: Վերջապես, նա ոտնակոխ է արել մեր՝ նույնիսկ դեռ չհուղարկավորված զոհերի արյունը...
Կան բազմաթիվ հիմքեր՝ պնդելու համար, որ տեղի ունեցածը գիտակցված, ընդհանուր մոտեցումներով նաև պլանավորված, նպատակադրված դավաճանություն է:

Որովհետև, եթե նիկոլ փաշինյանը կես գրամ արժանապատվություն ունենար, ապա կգերադասեր հեռանալ իշխանությունից, այս դեպքում՝ նման ստորացում ստորագրողի կարգավիճակից, քան ստորագրել այդ անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Եթե նիկոլ փաշինյանը կես գրամ արժանապատվությունից բացի, կես միլիգրամ պատասխանատվություն ունենար և, այդքան հաճախ կրկնած՝ «սիրում եմ բոլորիդ»-ի շտամպից բացի, մեկ միլիմետր սեր ունենար իրեն հանդուրժած և ուսերի վրա իշխանության բերած ժողովրդի հանդեպ, ապա կգերադասեր ինքնասպան լինել, քան նման կապիտուլյացիոն ակտ ստորագրել:
Վստահ եմ, որ նույնիսկ այդքան պախարակված, այդ թվում, նույն նիկոլ փաշինյանի կողմից հետևողականորեն վարկաբեկման ու հետապնդման ենթարկված նախկին ղեկավարների շարքում, անկախ ամեն ինչից, չէր գտնվի մեկը, որ նման խայտառակության նույնիսկ կեսը ենթադրող կետերով որևէ բան ստորագրեր:

Բայց բարոյական, հոգեբանական ընկալումներից, անհատական, մարդկային հայտանիշներից ու ընկալումներից բացի, կան նաև այլ հանգամանքներ, որ թույլ են տալիս ասել՝ նիկոլ փաշինյանը ազգի ու պետության դավաճան է, իսկ այսքանից հետո նրա կողքին դեռ մնացած թիմակից-քայլակիցները դավադիրներ ու դավադրության գործակիցներ, որոնք ևս ենթական են պատասխանատվության: Բայց դրան դեռ կհասնենք:

Դավաճանություն էր ամբողջ նախընթաց շրջանը, երբ փողոցից ու փողոցով պետության ղեկին հայտնված քաղաքական միմոսները կետային թիրախավորմամբ ու նաև ընդհանրացրած վարկաբեկում ու հետապնդում էին վերջին տասնամյակներում առնվազն բանակ ու հաղթանակ կերտած գործիչներին, կեղտով թաթախում նրանց գործունեության արդյունքները:

Դավաճանություն և թշնամու հակահայ, հայաոչնչացման ախորժակների գրգռում էին բոլոր այն քայլերը, որոնց հետևանքով առանց այն էլ բարդ կացության մեջ գտնվող Հայաստանը մեն-մենակ մնաց թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հորդաների առաջ, գործնականում՝ առանց դաշնակիցների:

Դավաճանություն և պետության թուլացում էին նրանց քայլերը, որոնցով, իբր «նոր Հայաստան» ձևավորելու անվան տակ, շփոթի ու խառնիճաղանջության մեջ էին ընկղմում կառավարման համակարգերը, իսկ մնացած ամեն ինչ վերածվում էր միմիայն «փի-ար»-ի և ինքնագովության առարկայի: Ու՝ ո՞ր մեկն ասես: Ո՞ր մեկը:

Կոնկրետ այս պատերազմի վերաբերյալ: Դավաճանություն էր, որ առաջին օրվանից սկսած, օրեր, շաբաթներ շարունակ ու գրեթե մի ամբողջ ամիս հանրությունից թաքցնում էին ռազմաճակատի դաժան ու անողոք իրականությունը, մարդկանց խաբում ու մոլորության մեջ էին գցում՝ կերակրելով փուչ կոչերով, «ուռա-հայրենասիրության» պլակատներով ու՝ գցելով որոշակի թմբիրի մեջ:

Խոսում էին բանակին «թիկունքից չհարվածելու» մասին, բայց ամենասաստիկ ու ստոր հարվածը հենց իրենք հասցրեցին, ու այդ հարվածի խտացված արտացոլումը գիշերով, առանց ժողովրդին գոնե տեղյակ պահելու, «ցավալի զիջումների» մասին վերջին պահին մի երկու կցկտուր ֆրազ նետելով ստորագրված կապիտուլյացիոն ակտն է:

Կապիտուլյացիոն ակտ, որով թշնամուն է հանձնվում, ըստ էության ամբողջ Արցախը: Ամբո՛ղջը: Թշնամուն է հանձնվում Շուշին, Ղազանչեցոցը, Հադրութը, Ամարասը, Դադիվանքը, Ծիծեռնավանքը, Տիգրանակերտը... Ամե՛նը:

Բացի այն, որ պատերազմի ընթացքում թշնամու հորդաները կարողացել էին զավթել, առանց կռվի թշնամուն են հանձնվում Քարվաճառն ու Քաշաթաղը՝ Բերձորով: Սա էլ նրա համար, որ եթե վաղը, մյուս օրը ոտքի էլ կանգնենք, ծանրագույն խնդիր լինի արդարությունն ու հայրենիքի ամբողջականությունը վերականգնելը, եթե չասենք՝ սաստիկ դժվարացնի հենց ոտքի կանգնելը:
Եթե դա դավաճանություն չէ, ապա ի՞նչ է:

Ամեն ինչ արված է մանրակրկիտ ու հաշվարկված: Ամեն ինչ արված է «ադրբեջանի ժողովրդի շահերը», մի՛միայն ադրբեջանի շահերը հաշվի առնելով: Մեղրիով միջա՜նցք, անգամ Տավուշից կտորներ պլոկելով...

Իսկ Հայաստանն ու Արցախը տալիս են ամեն ինչ, ու ոմանց «խելքով», երևի լավ է, որ Երևանի, օրինակ, Ավան թաղամասը թուրքին չեն տվել:

Ու այսքանից հետո, նիկոլ փաշինյանը... քաղաքացիական պատերազմի, ներքին արյունահեղության կոչեր է անում: Այդքանից հետո, նիկոլ փաշինյանը... իր կեցավայր ներխուժածներից ինչ-որ մանր անձանց կողմից ինչ-որ ժամացույց կամ համակարգիչ թռցնելու դարդն է քաշում:
Հայրենիք ենք կորցրել, մի քանի սերնդի պայծառ երիտասարդների ենք կորցրել, հազարավոր ճակատագրեր ու կյանքեր են խեղվել... նա ժամացույցից է խոսում, ասում է՝ համակարգիչն են տարել, վարորդական իրավունքի վկայականը...

Լավ, մենք չենք, դուք եք՝ դա ի՞նչ է, ի՞նչ անուն ունի, ի՞նչ բնորոշում:

Ու ո՞վ, ո՞ր հայ մարդը պիտի այդ ամենը հանդուրժի, համակերպվի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը