Մեկնաբանություն

09.11.2020 17:00


Ե՞րբ առաջացան խնդիրները Շուշիում․ հարված թիկունքից

Ե՞րբ առաջացան խնդիրները Շուշիում․ հարված թիկունքից

Վերջին օրերին բոլորիս ուշադրությունը Շուշիի կողմն է։ Պատճառն այն է, որ Շուշին խորհրդանշական նշանակություն ունի։

Ծաղրածու Ալիևն էլ է հասկանում Շուշիի նշանակությունը և դա է պատճառը, որ մարտի է նետել ամեն ինչ ու թնդանոթի միս դարձրել իր զինվորներին։ Ալիևին Շուշիում կախված դրոշակ է հարկավոր՝ ոչ միայն ռազմական, այլ նաև քարոզչահոգեբանական նպատակով։

Շուշիում ադրբեջանական դրոշ չկա ու մերոնք ամեն ինչ անում են, որպեսզի չլինի երբեք։ Բայց մեզ այլ, շատ ավելի մեծ հարց է հետաքրքրում։ Այդ ինչպե՞ս եղավ, որ թուրքը եկավ հասավ Շուշի։ Հարցի պատասխանը, ի դեպ, ռազմի դաշտում չպետք է փնտրել։

Այդ հարցի պատասխանը Երևանում է գտնվում։

2018–ի «թավշյայից» հետո իշխանությունները սկսեցին քաղաքական հետապնդում իրականացնել Շուշին ու Արցախն ազատագրած, մեր բանակի ակունքներում կանգնած ռազմաքաղաքական գործիչների դեմ։

Շինծու մեղադրանքով կալանավորվեց Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ և պատերազմի տարիներին Պետական պաշտպանության կոմիտեն ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը։ Քրեական գործեր հարուցվեցին գեներալներ Յուրի Խաչատուրովի ու Սեյրան Օհանյանի դեմ։ Ընդորում՝ Խաչատուրովի դեմ գործը ոչ միայն ներքին, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ առաջացրեց՝ հարուցելով մեր ռազմավարական դաշնակից ՌԴ–ի զայրույթն ու խայտառակ վիճակի մեջ դնելով ՀԱՊԿ–ը։

Ինչպես հայտնի է, Խաչատուրովին քրեական մեղադրանք առաջադրվեց այն պահին, երբ նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր։

Վերջին երկու տարում խայտառակ իրադարձություններ տեղի ունեցան նաև Արցախում։ Բանակից ու պետական կառավարման համակարգից հեռացվեցին Արցախյան ազատամարտի հերոսները՝ Վիտալի Բալասանյանը, Լևոն Մնացականյանը, Արշավիր Ղարամյանը և ուրիշներ։ Քրեական հետապնդման էր ենթարկվում նաև հայտնի գեներալ Սամվել Կարապետյանը։

Հիմա Սեյրան Օհանյանը դարձել է իշխանական քարոզիչների սիրելին, քանզի մասնակցում է կռիվներին, մասնավորապես՝ Շուշիում։ Նրանից շնորհակալություն է հայտնում Արցախի նախագահը։ Լիրիկայի սիրահար Արծրուն Հովհաննիսյանն էլ դրական խոսքեր չի խնայում Սեյրան Օհանյանի հասցեին, ինչը չէր կարող լինել առանց վերևից եկած հրահանգի։

Բայց կար մի ժամանակ, երբ նույն այդ քարոզիչները, նրանց կցված ֆեյքերն ու զոմբիները քարկոծում էին Սեյրան Օհանյանին։ Նրան չէին թողնում անգամ մի քանի օրով մեկնել արտերկիր՝ բուժվելու (Սեյրան Օհանյանն առաջին պատերազմի ժամանակ կորցրել է ոտքը և պարբերաբար բուժզննման կարիք ունի արտերկրում)։ Պատճառաբանում էին, թե բա՝ եթե գնա արտասահման, ապա կարող է հետո հետ չգալ ու խուսափել դատարանից։

Արայիկ Հարությունյանը հիմա գովում է նաև Լևոն Մնացականյանին, թեև Երևանի պահանջով նրան հեռացրել էր բանակից։ Չմոռանանք նաև, որ նույն Լևոն Մնացականյանին կանչել էին ապրիլյան կոչված խայտառակագույն հանձնաժողով՝ «ատչոտ» տալու։

Շուշիում մենք խնդիրներ ունեցանք շատ վաղուց։ Երբ հպարտությամբ հայտարարվեց, որ թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը, այդ պահից սկսած Շուշին, ամբողջ Արցախն ու Հայաստանը հայտնվեցին վտանգի տակ։ Ու սարսափելին այն է, որ այդ հայտարարությունն արած ուժը խորհրդարանական ընտրություններում ստացավ 800 հազարից ավելի ձայն, գրավեց ՀՀ խորհրդարանի 2/3–ը և սկսեց միանձնյա իշխել։ Ասել է թե՝ Շուշին ու մեր մյուս քաղաքներն ու գյուղերը հայտնվեցին կրակի տակ՝ ամբոխի հիացական ծափահարությունների ներքո։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․ Սեյրան Օհանյանի «ռասկրուտկայի» մեջ ֆալշ կա ու վտանգավոր բան, քանզի սրանցից ամեն ինչ սպասելի է։

Երբ իշխանական քարոզչամեքենան Սեյրան Օհանյանին ակտիվորեն գովազդում է ու նրա անունը կապում Շուշիի հետ, ուրեմն մի բան այն չէ։ Թերևս դա արվում է՝ հնարավոր բացասական ելքի դեպքում Շուշիի անկումը Օհանյանի «գրպանը» գցելու համար։ Հուսանք սխալվում ենք ու ոչ մի անկում էլ չի լինի, որ հետո մեղավորների փնտրտուք սկսվի։

Մի բան հստակ ֆիքսենք՝ և՛ հաջողության, և՛ անհաջողության համար պատասխանատու է Հայաստանի ու Արցախի քաղաքական ղեկավարությունը։ Առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը, հետո նոր՝ զինվորականները։ Դե իսկ կամավոր ճակատ մեկնածներից միայն շնորհակալ պետք է լինել՝ անկախ ամեն ինչից։

Այս խորագրի վերջին նյութերը