Կարծիք

28.04.2011 12:55


Հանգստացե՛ք, տիկնայք և պարոնայք

Հանգստացե՛ք, տիկնայք և պարոնայք

Վերջին շրջանում մամուլի որոշ միջոցներում հստակ ուղղորդված հոդվածները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Գագիկ Ծառուկյանի դեմ, ինձ ստիպում են մի քանի նկատառում անել։

Նկատառում առաջին. ԲՀԿ առաջնորդը հստակ բացատրեց, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն իր ստորագրությունը դրեց, ինչպես այնուհետ ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց՝ իրավական որեւէ ուժ չունեցող կոալիցիոն հայտարարության տակ։

Թվում էր Գագիկ Ծառուկյանի բացատրությունը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի։ Սակայն, պարզվեց, միայն թվում էր, քանզի քաղաքական դաշտում վխտացող տարատեսակ արկածախնդիրներ սկսեցին աննախադեպ ակտիվություն եւ հետաքրքրություն ցուցաբերել ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի հանդեպ։ Եւ եթե մեր երկրում դեռ կան մարդիկ, որոնց համար պարզ չէ, թե ի՞նչ ներքին եւ արտաքին մարտահրավերների առաջ էր կանգնած, ու հիմա էլ կանգնած է Հայաստանը,  հիշեցնեմ մեկ անգամ եւս։

Կանխատեսելով ֆինանսա-տնտեսական ճգնաժամի լրջագույն հետեւանքները, «Բարգավաճ Հայաստանը»  բազմիցս ասել է, որ անհրաժեշտ է ոչ թե զբաղվել ավազե ամրոցներ կառուցելով, այլ, մասնավորապես,  թեթեւացնել միջին եւ փոք բիզնեսի հարկային բեռը՝ տնտեսվարող այդ խավը վերջնականապես չխորտակելու համար։ Ավելին, ԲՀԿ խմբակցությունը հանդես եկավ  համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, որը,  հիշեցնեմ, արժանացավ կառավարության բացասական եզրակացությանը։

Հիշեցնեմ նաեւ, որ ԲՀԿ խմբակցությունն էր, որ լինելով քաղաքական կոալիցիայի անդամ, բազմիցս դեմ  է քվեարկել օրենսդրական այն նախաձեռնություններին, որոնք մենք համարել ենք ուղղակի հարված միջին եւ  փոքր բիզնեսին, շարքային քաղաքացու շահերին։

«Բարգավաճ Հայաստանի» քաղաքական կեցվածքի մասին տարբեր անհեթեթություններ շրջանառության մեջ դնողներին հիշեցնեմ, որ մեր խմբակցությունն էր դեմ քվեարկողը, երբ առանց լրջագույն հիմնավորման եւ հաշվարկի, հերթական վարկն էր ավելանում պետության՝ առանց այդ էլ աննախադեպ արտաքին պարտքի տակ կքած ուսերին։

Եւ երբ նույն պետական վիճակագրությունը փաստում է ծայրահեղ աղքատության մեջ գտնվողների թիվը, որը ի դեպ, հատուկ հաստատումների կարիք չունի՝ տեսնելով հասարակության մի մեծ խավի անմխիթար սոցիալական վիճակը, երբ ուղղակի խայտառակ գնաճը ավելացնում է ներքին-սոցիալական եւս մեկ մարտահրավեր, ու երբ դեռեւս չավարտված պատերազմի պայմաններում, երբ ունենք մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղը, ահա այս պայմաններում առնվազն տարօրինակ է, թե ինչո՞ւ մամուլի տարբեր հրապարակումների հետեւից իրենց ականջները թափահարող արկածախնդիրները  համառորեն, իբր, չեն հասկանում, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը ստորագրեց կոալիցիոն հայտարարությունը։ Ասեմ. որպեսզի երկրի նախագահի թիկունքը ամուր լինի թե՛ դրսում՝ բանակցություններ վարելիս, թե՛ ներսում՝ տնտեսական եւ սոցիալական լրջագույն մարտահրավերներին  դիմակայելու համար։

Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ արշավը ԲՀԿ-ի դեմ սկսվեց հենց այս օրերին, երբ բոլորը «մոռանալով» նախկին ամենալրջագույն մեղադրանքներն ու վիրավորանքները՝ հրապարակային երխոսության գործընթաց են սկսել։

Ամեն ինչից անկախ, ուզում եմ շեշտել, որ ԲՀԿ-ն պարտաստ է եւ ունի բոլոր ռեսուրսները՝ դիմակայելու պատվիրված արշավներին, որովհետեւ մենք մեր թիկունքում ունենք հանրային մեծ աջակցություն։

Ու եթե ոմանց համար երկրի շահը ընդամենը մանրադրամ է՝ շահարկման, դեմագոգիայի, պոպուլիզմի համար, կամ դատարկ օդով լցված հերթական «տնտեսական աննախադեպ պրոյեկտի» համար փորձադաշտ, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Գագիկ Ծառուկյանի համար երկրի շահն ու յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունն ամենաբարձր արժեքն է, որը ի դեպ, տեսնում եւ գնահատում է Հայաստանի հանրապետության քաղաքացին։

Ի դեպ, դա են վկայում նաեւ բոլոր, կրկնում եմ, բոլոր կարգի սոցիոլոգիական հարցումները, որոնք, ինչպես պարզվեց,  ամեն անգամ խորը դեպրեսիայի մեջ են գցում շատ-շատերին։

Եւ նկատառում երկրորդ, կամ մի փոքրիկ հետգրություն. ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական ռեսուրսը ժողովրդի  վստահությունն է եւ վստահության ահա այդ՝ ամենակարեւոր քվեով  ԲՀԿ-ն  մասնակցելու է  եկող խորհրդարանական ընտրություններին, մեկ անգամ եւս հիշեցնեմ՝ առանձին ցուցակով, ի հեճուկս տարբեր սցենարներ եւ միզանսցեններ շրջանառության մեջ դնողների։

Նաիրա Զոհրաբյան

Այս խորագրի վերջին նյութերը