Մեկնաբանություն

09.11.2020 14:24


Արայիկ Հարությունյանի ուշագրավ գրառումը․ Շուշիի առեղծվածը

Արայիկ Հարությունյանի ուշագրավ գրառումը․ Շուշիի առեղծվածը

Մինչ Արծրուն Հովհաննիսյանը Երևանից լիրիկական զեղումներով համեմված տեքստեր է ներկայացնում մարտի դաշտում տեղի ունեցողի մասին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտից հաղորդում է․ «Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին»։

Շուշիի առեղծվածը

Մի քանի օր առաջ Ա Հարությունյանը հաղորդում էր այն մասին, որ թշնամին Շուշիից 5կմ հեռավորության վրա է։ Հիմա, փաստորեն, թուրքը Շուշիից գրոհում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա։ Այդ մասին Ստեփանակերտից հաղորդում է նաև Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Երևանի ու Ստեփանակերտի պաշտոնական տեսակետները Շուշիի (և ոչ միայն) մասով մի փոքր տարբերվում են շեշտադրումների և իրավիճակի գնահատականի մասով։

Արծրուն Հովհաննիսյանն անուղղակիորեն արձագանքել է Հարությունյանի գրառմանը։

«Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից:

Սա է իրերի իրական դրությունը։ Այլ, չհիմնավորված կարծիքները ուղղակի մերժեք»,–նշել է պատերազմի երևանյան խոսնակն իր էջում։

Թե ում գրածն է իրականությանը մոտ, թողնենք մի կողմ։ Մի բան հաստատ է, որ Շուշիում թուրք կա։ Հաստատ է նաև այն, որ թուրքին մերոնք հանգիստ կյանք չեն տալիս Շուշիում։

Եթե մերոնց հաջողվի Շուշին մաքրել թշնամուց և Արայիկ Հարությունյանը թարմ տեսանյութ հրապարակի Շուշիից, ապա ամբողջությամբ կապիկ կդառնա Իլհամ Ալիևը, որը «Շուշա բիզիմդիր» էր երեկ բեմադրում, շնորհավորանքներ ստանում Թուրքիայից ու Շուշիի «գրավման» կապակցությամբ Մեհրիբանի հետ նկարվում․․․ Բաքվում։

Թուրք–ադրբեջանական քարոզչամեքենան կխափանվի, եթե Շուշիից Արայիկ Հարությունյանը «սեռդեչնի պռիվետ» ուղարկի Ալիևին։

Իսկ այն հարցը, թե ինչու պետք է ամեն ինչ հասներ նրան, որ խոսեինք Շուշիից, թողնենք այլ պահի։ Դեռ շատ հարցեր կան, որոնք պատասխաններ են պահանջում ու ոչ միայն Շուշիի թեմայով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը