Լրահոս

09.11.2020 13:56


18 տարեկաններին փրկեք. ԱԹՍ-ի հարվածից վիրավորված հետախույզ Գնելին խրամատ հասնելուն 5 քայլ էր մնացել

18 տարեկաններին փրկեք. ԱԹՍ-ի հարվածից վիրավորված հետախույզ Գնելին խրամատ հասնելուն 5 քայլ էր մնացել

Գնել Ֆիդանյանին Արմավիրում շատերն էին ճանաչում որպես ընտանիքի լավ հայր, լավ ամուսին, լավ որդի։ Գնելը ավտոմեխանիկ էր։ Ֆիդանյանների մեծ որդին երկու եղբայրներից տարբերվում էր իր բնավորությամբ ու հումորով։

35-ամյա Գնելի հայրական տունն Արգինայում էր։ Հայրիկի հետ հող էին մշակում, բերքը հավաքում ու արտահանում։ Հողը Գնելի երկրորդ տարերքն էր։ Մեկ տարուց ավելի է՝ ինչ կնոջ ու երկու երեխաների հետ Մեծամոր էին տեղափոխվել, բայց հայրական օջախում էին գրեթե ամեն օր։

Սեպտեմբերի 29-ին բոլորից թաքուն կամավորագրվել էր։ Ընտանիքն իմացել է այդ մասին, երբ Գնելն արդեն ճանապարհին է եղել։ Նրա ձեռքը նոր էին վիրահատել։ Գնալիս մտքին 18 տարեկան հայրենիքի պաշտպաններն են եղել։ Ասում էր՝ «ո՞նց թողնենք նրանց»։ Գնելը կյանքն ու ընտանիքը շատ էր սիրում, բայց Հայրենիքն առավել էր ամեն ինչից։

«Ես ու մյուս եղբայրս մտածում էինք, որ ամեն րոպե կարող է մեզ էլ տանեին, սպասում էինք, Գնելին էլ ասում էինք՝ չգնաս, միասին կգնանք։ Բայց մեր եղբայրը սեպտեմբերի 29-ին բոլորից թաքուն կամավորագրվել էր: Հինգ օր առաջ էին նրա թևը վիրահատել, ասում էինք բժշկի թուղթը կներկայացնենք, բայց ինքը ձայն չէր հանում, քանի որ արդեն կամավորագրվել էր»:

Գնել Ֆիդանյանը ծառայության տարիներին հետախույզ է եղել։ Կամավորագրվելիս ընտրել է սիրելի զենքը՝ ПК-ն, ասել է, թե լավ է կրակում: Ամեն առավոտ՝ ժամը 7-ին , զանգահարում էր տուն ու վստահեցնում, որ լավ է։

Վերջին զանգը հոկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 6-ին եղավ։ Պատերազմի ամենածանր օրերին հայրենիքին Գնելի հետախուզական հմտություններն էին անհրաժեշտ։ Մուտք գործեց թշնամու տարածք` կատարեց մարտական պարտականություններն ու ուրախ վերադարձավ, իր հետ բերելով երկու զրահաբաճկոն ու մեկ սաղավարտ։ Գնելն ուրախ էր, որովհետև հրադադարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել, բայց 20 րոպե անց՝ վերադառնալիս թշնամական ԱԹՍ-ն թիրախավորեց։

Մեծամորցի Գնել Ֆիդանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին՝ Ջաբրայիլում: Գնելի սիրելի այգին, շահումով ձեռք բերված մեքենան ու սենյակն անփոփոխ են մնացել հայրական տանը։ Գնելը զոհվեց հանուն հայրենիքի, երիտասարդների համար, հասավ նպատակին ու անմահացավ։ Նրա հերոսության շնորհիվ որդին ու դուստրը կապրեն խաղաղ ու ապահով հայրենիքում։

Մանրամաները` տեսանյութում:

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը