Քաղաքական

09.11.2020 09:34


Քրիստոնյաները հարձակման են ենթարկվում. CBN News-ի լրագրողը ռեպորտաժ է պատրաստել Ստեփանակերտից (տեսանյութ)

Քրիստոնյաները հարձակման են ենթարկվում. CBN News-ի լրագրողը ռեպորտաժ է պատրաստել Ստեփանակերտից (տեսանյութ)

Ամերիկյան խոշորագույն հեռուստառադիոհեռարձակողներից մեկի՝ CBN News-ի (Christian Broadcasting Network) լրագրող Չաք Հոլթոնը, որը տեղից լուսաբանում է Արցախում ընթացող ռազմական բախումները, նոր ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով Արցախի ժողովրդի դեմ ռազմական հանցագործությունների հետքերը:

CBN News-ի հաղորդավարը, որը կապ է հաստատել Հոլթոնի հետ, հիշատակել է, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր հանցագործությունների մասին ավելի վաղ հայտարարել է ՄԱԿ-ը, ինչպես նաև Amnesty international և Human Right Watch իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք փաստում են, որ կասետային ռումբեր են օգտագործվում տեղի քաղաքացիական բնակչության դեմ, ինչը կասետային ռումբերն արգելող միջազգային համաձայնագրերի խախտում է:

Հոլթոնը ռեպորտաժը պատրաստել է Ստեփանակերտից. «Իմ շուրջը կարող եք տեսնել ադրբեջանական ռմբակոծության հետևանքները, որոնք այս քաղաքում շարունակվում են սեպտեմբերի 27-ից: Այստեղ բնակվող 150 000 մարդկանց մեծամասնությունն արդեն ստիպված են եղել հեռանալ, թեև տասնյակ հազարավորները մնացել են այստեղ՝ պատսպարվելով նկուղներում»,-ներկայացրել է լրագրողը:

Վերջինս հաղորդավարի հետ զրույցում հայտնել է, որ կասետային ռումբերի կիրառման ապացույցներ կան, որ հարձակումներից մեկի ժամանակ ինքը եղել է դեպքի վայրում:

Հոլթոնը շեշտել է, որ ադրբեջանական կողմը տեղեկատվական խեղաթյուրող քարոզարշավ է վարում: «Հայերն ինձ հայտնել են, որ երբեք չեն թիրախավորում քաղաքացիական կառույցները: Հայերը վռճականորեն խաղաղություն են ուզում, իսկ ադրբեջանական կողմը ցանկանում է պատերազմել»,-շեշտել է լրագրողը:

Լրագրողը ռեպորտաժում կադրեր է ներկայացրել Ստեփանակերտի հիվանդանոցի ռմբակոծությունից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը