Կարծիք

28.04.2011 12:27


Ժողովրդի հետ պետք է անկեղծ լինել

Ժողովրդի հետ պետք է անկեղծ լինել

Բազմաչարչար հայ ժողովուրդը հայտնվել է բավական բարդ և ծանր իրավիճակում: Եթե տարիներ շարունակ հազարամյա մշակույթ ունեցող հայ մարդու ուղեղը մշակման էին ենթարկում խիստ պատասխանատու հեռուստաալիքները, ապա այժմ այդ գործին միացել է նաև «ազատ», բայց առավել քան պատասխանատու և կայունության երաշխավոր տպագիր մամուլը:

Հիմա ՀՀ քաղաքացուն ամեն կերպ փորձում են համոզել, թե նա ինչ տեսնում և զգում է, իրականությանը չի համապատասխանում: Առաջինը քրիստոնեությունն ընդունած հայ մարդուն ասում են, թե Սերժ Սարգսյանը և նրան ծնած համակարգն իրար հետ ընդհանուր կապ չունեն: Ասում են նաև, որ հիմա շախմատային հեղափոխություն է տեղի ունենում, բայց այդպես էլ չեն բացատրում, թե ի՞նչ է այս նորահայտ հեղափոխությունը:

Պնդում են նաև, թե ՀԱԿ–ի ղեկավարության և վարչախմբի միջև գործարք կամ ինչ-ինչ պայմանավորվածություններ չկան, և որ եթե ինչ–որ մեկին այդպես է թվում, ապա պատճառը միայն այն է, որ Հայաստանում իշխանությունները մինչ օրս չեն կատարել ընդդիմության պահանջները:

Իսկապես, հիմա բիբլիական Հայաստանում անչափ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: Եվ հայտնվել են մարդիկ, որոնց թվում է, որ առաջինն անիվը հայտնագործած հայ մարդն այնքան բութ է, որ կարող է հեշտությամբ ենթարկվել ուղեղի լվացման և հավատալ, որ ինչ–որ բարի փերու փայտիկի կախարդական հարվածով Սերժ Սարգսյանը և նրա թիմը հասկացան, որ իրենք պետք է կատարեն ընդդիմության պահանջները:

Տխուր է, իսկական ողբերգություն է, երբ ժողովրդին մի քանի կողմից փորձում են գցել մոլորության մեջ: Սարսափելի է, երբ այդ գործին լծվածները գիտակցում են, որ այս ամենից մեր երկրի, ժողովրդի վիճակն ավելի է վատանալու, երկիրը սկսելու է ավելի մեծ թափով դատարկվել, իսկ ժամանակավորապես շահելու են մի քանիսը, որոնք անձնական շահեր են հետապնդում. մեկը ցանկանում է 18 թվականին նախագահ դառնալ, մյուսը ցանկանում է 12 թվականին իր մի քանի ընկերների համար պատգամավորական աթոռներ ապահովել:

Իսկ հանրությունն առողջ է, հիվանդ չէ, ինչպես թվում է ուղեղալվացմամբ զբաղվողներին: Հանրությունը հասկանում է, որ հենց այնպես իշխանությունները չեն փոխվում: Հանրությունը գիտակցում է, որ ինչ–որ պայմանավորվածություն և գործարք կա, քանի որ հենց այնպես Ազատության հրապարակը չի բացվում, քանի որ հենց այնպես ընդդիմությունը հանկարծ իր շարքերը «չի մաքրում» և իշխանություններին այնպիսի պահանջներ ներկայացնում, որոնց կատարմամբ առաջին հերթին շահագրգռված է գործող վարչախումբը:

Նույնիսկ այն օրը, երբ Հայաստանն ամբողջ աշխարհից ընդունել էր մարդու իրավունքների պաշտպաններին, Ազատության հրապարակը չբացվեց: Երկար ամիսներ շարունակ Ազատության հրապարակը փակ էր, բայց մի օր ՀԱԿ-ի ներկայացուցիչը բանակցեց ոստիկանների հետ, և Ազատության հրապարակը բացվեց: Իսկ հայ մարդը, որն անցել է տառապանքի ճանապարհներով, շատ լավ տեսնում և հասկանում է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չգնար և Ազատության հրապարակում հացադուլ չաներ, ապա ՀԱԿ–ի ղեկավարության մտքով անգամ չէր անցնի այնտեղ հանրահավաք անցկացնել:

Ամենազավեշտալին այն է, որ նույնիսկ Տեր-Պետրոսյանն է խոստովանել, որ գորածրք և պայմանավորվածություն կա: Հիշենք նրա խոսքերը. «Ես գիտեմ, եղան չարամիտ վերլուծություններ, որոնք անգամ այդ արձագանքները փորձեցին ներկայացնել որպես գործարք իշխանությունների և Կոնգրեսի կամ իշխանությունների ու հասարակության միջև։ Եթե անգամ դա այդպես է, դա ամենապատվաբեր գործարքն է։ Ավելի արժանապատիվ գործարք, քան իշխանության և հասարակության միջև, գոյություն չունի»: Հիմա փորձում են ապացուցել, թե ոչ մի գործարք էլ չկա, և որ մարդկանց երևակայությունն է խիստ բարձր:

Իրականում ամեն ինչ շատ պարզ է: Ավելի՛ քան պարզ է: Իսկ հայ մարդը կսկսի հանգիստ վերաբերվել իշխանությունների կողմից ընդդիմության պահանջների կատարմանը, եթե այդ պահանջները բխեն ժողովրդի սրտից, եթե չլինի թատերական ներկայացման բաղկացուցիչ մասը և այդ ամենը չծառային գործող վարչախմբի շահերին:

Շարքային հայ մարդը հարցնում է, թե ինչո՞ւ այս հզորը ուժը, որի առաջ տեղի է տալիս գործող վարչախումբը, հրաժարվում է իր հիմնական նպատակից` Սահմանադրական կարգի վերականգնումից, և իշխանություններին այնպիսի պահանջներ է ներկայացնում, որոնց կատարումը վարչախմբի համար որևէ դժվարություն չի ներկայացնում: Ավելին, դրանց կատարումից կարող է միայն վարչախմբի վարկանիշը 4500-ից մի փոքր բարձրանալ:

Իսկապես, ո՞ւր մնաց թաթար-մոնղոլական տիպի ավազակախումբը։ Թե՞ այն այլևս գոյություն չունի, գնացել է, բայց մենք չգիտենք:

Կոնգրեսավարչախմբական քարոզչամեքենան այս իրավիճակում նաև կոպիտ սխալներ է թույլ տալիս: Մեկ պնդում են, թե անցել են այն ժամանակները, երբ վարչախումբը կարող էր ուժ գործադրել, պատժել, և որ արդեն տեղի է տվել հասարակության ճնշմանը, բայց երբ հարցնում ես՝ բա այդ դեպքում ինչո՞ւ չեք պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ասում են՝ իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ կլինի, եթե ժողովրդին հանենք փողոց, ու կրկին ուժ կիրառվի, կամ էլ Սարգսյանը պարզապես հրաժարական չտա:

Եվ, խելոք դեմքով երիտասարդնե՛ր, երբ ասում ենք, թե երկրի համար խիստ անհրաժեշտություն է ազատ և արդար ընտրությունների անցկացումը, երբ ասում ենք, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը բխում է մեր երկրի շահերից, դա դեռ չի նշանակում, որ ասում ենք, թե պետք է զենք վերցնել և դուրս գալ եղբայրասպան պատերազմի, մի՛ ծայրահեղացրեք և ժողովրդին թյուրիմացության մեջ մի՛ գցեք:

Կարելի է և բողոքի խաղաղ ձևերով պահանջել գործող վարչախմբի հրաժարականը: Խաղաղ իշխանափոխության բազմաթիվ ձևեր կան, բայց ձեր ընտրած ճանապարհը տանում է միայն վարչախմբի վերարտադրությանը և ընդդիմության առաջնորդների սերտաճմանը վարչախմբի հետ:

Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա կրկին նշենք, որ այս բարդագույն իրավիճակից դուրս գալու համար քաղաքական բոլոր հիմնական ուժերի միջև պետք է անկեղծ քննարկումներ սկսվեն, բայց ոչ թե ձևական, այլ կոնկրետ օրակարգով, և ոչ թե՝ մի խումբ ուժեր փորձեն գաղտնի պայմանավորվածությամբ իշխանությունը մաս-մաս անել՝ ժողովրդին կրկին զրկելով իշխանություն ձևավորելու հնարավորությունից` ճգնաժամն ավելի խորացնելով:

Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը որքան շուտ հասկանան, որ Հայաստանում հնարավոր չէ այնպիսի մոդել ստեղծել, որոնք առկա են Ադրբեջանում կամ Թուրքմենստանում, այնքան ավելի շուտ մենք կկարողանանք հաղթահարել ճգնաժամը: Բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանում հնարավոր չէ մեկ օլիգարխի տնտեսություն հիմնել, և անհնար է ժողովրդին խամաճիկի նման օգտագործել ու դեն նետել:

Հիմա ՀԱԿ-ը իր բոլոր որոշումները հիմնավորում է ժողովրդի կամքով, բայց, ՀԱԿ-ի հարգելի՛ ղեկավարներ, դուք ե՞րբ եք ժողովրդի հետ անկեղծ լինելու և շարադրելու ձեր իրական մտադրությունները:

Հիմա, որ դռնեդուռ ընկած՝ մարդկանց կոչ եք անում մասնակցել ապրիլի 28-ի հանրահավաքին, պատրաստվո՞ւմ եք վերջապես անկեղծ լինել, թե՞ արձանագրելու եք  ձեր «հզոր» հաղթանակները և մարդկանց էլի գլխիկոր տուն եք ուղարկելու: Պատրա՞ստ եք հայտարարելու, թե խորհրդարանական արտահերթ և հերթական ընտրությունների դեպքում, եթե մեծամասնություն չկազմեք, հրաժարվելու եք մանդատներից: Եթե պատրաստ չեք, ավելի լավ է հանրահավաք մի՛ հրավիրեք, քանի որ անհնար է երկար ժամանակ ժողովրդին մատների վրա խաղացնել: Ավելի ազնիվ և ճիշտ կլինի, եթե ժողովրդի հետ անկեղծորեն զրուցեք և բարձրաձայն ասեք, թե այսօր ինչ իրական ծրագրեր ունեք: Ընդունե՛ք, որ ամառային արձակուրդից հետո ձեր շուրջը հազիվ հարյուր-երկու հարյուր մարդ հավաքվի:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը