Մեկնաբանություն

07.11.2020 15:30


Հայ ժողովրդին նախապատրաստում են «խաղաղությա՞ն»

Հայ ժողովրդին նախապատրաստում են «խաղաղությա՞ն»

Երեկ շատ վատ լուրեր էին գալիս Շուշիից։ Ուշ գիշերին այդ վատ լուրերը փոխարինվեցին լավ լուրերով։ Շուշին մերն է։

Ըստ տեղեկությունների՝ Շուշիի անկումը թույլ չտալուն օգնել է այն հանգամանքը, որ ռուսների օգնությամբ փակվել է օդը և թուրքական ԱԹՍ–ները չեն կարողացել խանգարել մեր տանկերին և հետևակին։ Արդյունքում մերոնք կարողացել են թուրքերին լարել բերդաքաղաքից, լիքը «շուն» կոտորել, Շուշին պահել, բայց ․․․

Բայց Շուշիի խնդիրը դեռ փակված չէ, դեռ վտանգը չի վերացել։ Քանի դեռ Մարտունու ուղղությամբ թշնամին ուժեր է կուտակում, քանի դեռ Բերձորի տակ կռիվներ են գնում, Շուշիի և ընդհանրապես ամբողջ Արցախի հարցը բաց է մնում։

Մեկ այլ «բայց» էլ կա։

Զգո՞ւմ եք, թե ինչի վրա են ուրախացնում հայ ժողովրդին։ Ասում են ուրախացեք, որ Շուշին մերն է։ Իսկ սեպտեմբերի 27–ից առաջ մե՞րը չէր։ 1992–ի մայիսին ազատագրված Շուշին միշտ էլ մերն է եղել, հիմա ինչի՞ վրա ուրախանանք։ Շուշիի պահով ուրախանանք, որ Հադրութի շրջանի մասին մոռանա՞նք։ Մոռանանք Ջեբրայիլը, Ֆիզուլին, Կուբաթլին, Զանգելանն ու Մարտունու մերձակայքում տեղի ունեցող մարտերի մասի՞ն։

Մոռանանք, որ Գորիս–Բերձոր ճանապարհը վտանգավոր է քաղաքացիական անձանց երթևեկի ու ոչ պակաս վտանգավոր զինվորականների համա՞ր։

Շուշին մեզ վրա մի «ծախեք»։ Շուշին մերն է ու մերն է լինելու, հանձնողի էլ մերը․․․

Ինչքան արագ ընտելացանք այս նոր քարտեզներին, ինչքան շուտ մոռացանք, որ մեզ խոստացվել էր նոր պատերազմի դեպքում նոր տարածքներ նվաճել։

Ինչքան հեշտ ենք համակերպվում զոհերի քանակի հետ, որոնք մրցում են կորոնայից մահացածների քանակի հետ։ Երկու պատերազմում էլ լուրջ խնդիրներ կան։ Կառավարման խնդիրներ։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հասել է Մոսկվա ու խոսել Արցախի խնդրից։

«Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ գնալ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի»,-հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Այս երկընտրանքի մասին օրերս խոսել էր նաև Ալեն Սիմոնյանի շեֆը։

«Կապիտուլյացիա» բառը վերջերս շատ են սկսել օգտագործել «թավշյա» իշխանավորները։ Այն բոբոյի պես օգտագործում են։ Թե ինչո՞ւ են օգտագործում, իրենք կիմանան, իսկ մենք էլ գլխի կընկնենք։

Երևի «կապիտուլյացիա» բառն օգտագործում են, որպեսզի հետո ուրախանանք, որ Շուշին ու Ստեփանակերտը դեռ մերն են։

Մեզ նախապատրաստում են «խաղաղությա՞ն»։ «Խաղաղության» նախապատրաստելու համա՞ր էին պատերազմի պատրաստվող Ադրբեջանի ֆոնին կոչ անում փամփուշտներից զարդեր ստանալ։

Հուսով եմ, որ վերջում չի պարզվելու, որ «Մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի» նախադասությունը ոչ թե անհաջող ձևակերպում էր, այլ «խաղաղության» նախապատրաստման ճանապարհային քարտեզ և գործողությունների ծրագիր։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Այս պատերազմի պայմաններում ու Ալիևի հայտարարություններին զուգահեռ փոխզիջումներից խոսելն առնվազն անհեթեթություն է։ Ազատագրված տարածքներից ու «5+2» բանաձևից խոսելը նույնպես անհեթեթություն է։ Այս կռվում ով ինչ վերցրեց, ով ինչ պահեց՝ իրենն է լինելու։

«Փոխզիջման» հողերի մի մասն Ադրբեջանն արդեն վերցրել է, դրանք Ալիևի վրա ծախելը շուստրի գեղցիություն է։

Թշնամուն պետք է պարտադրել խաղաղություն և հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։ Մնացածը դատարկ բառեր են։

Այս խորագրի վերջին նյութերը