Քաղաքական

07.11.2020 13:22


Սիրիայո՞ւմ, թե՞ Արցախում․ Ռուսաստանը հակաահաբեկչական օպերացիայի է պատրաստվում

Սիրիայո՞ւմ, թե՞ Արցախում․ Ռուսաստանը հակաահաբեկչական օպերացիայի է պատրաստվում

168am-ի հետ զրույցում Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կետրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ ՌԴ պաշտոնյաների արձագանքները և կոնկրետ տվյալները պատերազմի դաշտում ահաբեկիչների առկայության մասին ամենևին էլ պատահական չեն, և ՌԴ-ն որևէ պատահական հայտարարություն չի անում այս կապակցությամբ։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ սա դեռ ակնարկ է Թուրքիային ու Ադրբեջանին, որ այս ամենը Ռուսաստանին դուր չի գալիս, և Ռուսաստանը դրան կարող է արձագանքել ցանկացած պահի։

«Իսկ թե որքան հեռու կարող է գնալ Ռուսաստանն այն հարցում, թե իրեն ինչը և որքան դուր չի գալիս, դժվար է ասել։ Բայց ակնհայտ է, որ զսպող քայլեր ձեռնարկվել են ու ձեռնարկվելու են, եթե ակնարկները չհասնեն հասցեատերերին»,-ասաց Խրամչիխինը՝ հավելելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքը դրան պետք է լինի այդ գործընթացը կանգնեցնելը։

Եթե դա տեղի չունենա, ապա, Խրամչիխինի կարծիքով, Ռուսաստանը կշարունակի հակաահաբեկչական արշավը։ Նա նշեց, որ ավելի հավանական է մտածել, որ կլինեն հարվածներ Իդլիբում ահաբեկիչների ճամբարներին։ «Այդ սցենարն ավելի հավանական է թվում, հատկապես, երբ Ռուսաստանի համար դա ավելի շահեկան գործողություն է շատ առումներով, քանի որ Ռուսաստանի դիրքերը Սիրիայում ռազմական առումով ավելի ամուր են և շահեկան»,-ասաց Խրամչիխինը։

Հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը կարող է իրականացնել հակաահաբեկչական օպերացիա Սիրիայում, իսկ Արցախյան հակամարտության գոտում՝ ոչ, Խրամչիխինը պատասխանեց, որ իրավական առումով տարբեր կերպ հիմնավորվող ռազմական օպերացիաներ կարող են տեղի ունենալ։

«Այս գոտում գործողությունը կնշանակի՝ հարձակվել Ադրբեջանի վրա, դա լիովին այլ իրողություն կլինի, դա նույնը չէ, ինչ գործողությունը Սիրիայում։ Նախ՝ Ռուսաստանն Ադրբեջանի հետ պատերազմի մեջ չէ և չի ցանկանում լինել պատերազմի մեջ, թեև եղել են զսպող քայլեր և ուժի ցուցադրություն։ Իսկ հարձակվել Իդլիբում հակաօրինական անկլավի վրա՝ դա լիովին այլ է, իսկ պետության վրա հարձակվելը՝ այլ։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը Սիրիայում լիովին օրինական ներկայություն ունի, և այստեղ քայլերն ավելի ձեռնտու են Ռուսաստանին։ Սակայն ակտիվ ակնարկներ են արվում Թուրքիային և Ադրբեջանին, որից նրանք կարող են հետևություններ անել»,-ասաց Խրամչիխինը։

Այս խորագրի վերջին նյութերը