Աշխարհ

06.11.2020 16:35


ԱՀԿ-ն կոչ է արել միջազգային հանրությանը արդեն իսկ սկսել նախապատրաստվել նոր համավարակին

ԱՀԿ-ն կոչ է արել միջազգային հանրությանը արդեն իսկ սկսել նախապատրաստվել նոր համավարակին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ մարդկությունը պետք է սկսի նախապատրաստվել նոր համավարակին։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՀԿ-ում այս թեման դիտարկվում է որպես քննարկման առանցքային հարցերից մեկը նոյեմբերի 9-14-ը կայանալիք Առողջապահության համաշխարհային վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ժամանակ։ Ընդ որում՝ այս տարի հանդիպումներն անցկացվելու են տեսակոնֆերանսի ձևաչափով։

Ինչպես նշվում է ԱՀԿ-ի՝ համաժողովին ընդառաջ հրապարակած հայտարարության մեջ, միջազգային հանրությունը պետք է «արդեն իսկ սկսի պատրաստվել նոր համավարակին»։

«Վերջին մեկ տարում մենք տեսանք, որ արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու համար առողջապահական ամուր ենթակառուցվածքներ ունեցող երկրները կարողացան արագ գործել SARS-CoV-2 վիրուսի տարածումը վերահսկելու և զսպելու համար»,-նշվում է հայտարարության մեջ։

73-րդ վեհաժողովի ժամանակ, որի առաջին մասն ացկացվել է Ժնևում մայիսի 18-19-ին, նախատեսվում է ընդունել բանաձև «առողջապահական ոլորտում արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու աշխատանքների արագացման մասին»։

Փաստաթղթի նախագծում երկրներին հորդորվում է «բարձրագույն քաղաքական մակարդակով առաջնահերթությունը տալ» արտակարգ իրավիճակների նախապատրաստական աշխատանքների բարելավմանը։

Բացի այդ, խորհուրդ է տրվում ապահովել «համապատասխան պարգևատրումներ» առողջապահության ոլորտի մասնագետների համար, ինչպես նաև նախապատրաստել բուժանձնակազմին ու «տեղում բարձրացնել առողջապահական ոլորտի աշխատակիսների դերը»։

Ինչպես նշում են ԱՀԿ-ում, հարկավոր է ապահովել, որ «բոլոր երկրներն ավելի լավ նախապատրաստված լինեն COVID-19-ի ու այլ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների հայտնաբերմանն ու արձագանքմանը»։

Միևնույն ժամանակ ԱՀԿ-ում կարծում են, որ միջազգային հանրությունն ի զորու է գիտության ու համերաշխության ուժով հաղթահարել COVID-19-ը։

«Չնայած, որ կորոնավիրուսի համավարակը համաշխարհային ճգնաժամ է, շատ պետություններ ու քաղաքներ բարեհաջող հաղթահարել են այն ու վերահսկողության տակ են առել վարակի տարածումը՝ կիրառելով համապարփակ ու փաստերով հիմնավորված մոտեցում»,-ասվում է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը