Մեկնաբանություն

06.11.2020 15:59


Ինչու պատերազմը սկսեց սեպտեմբերի 27–ին

Ինչու պատերազմը սկսեց սեպտեմբերի 27–ին

Եթե բեմի վրա կա պատից կախված հրացան, ապա այն ինչ-որ պահի անպայման կրակելու է։ Սա դասական ձևակերպում է։

Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ եթե հարևան պետություններն իրարից բաժանված են խրամատներով և բաժանարար գծերում զինտեխնիկա է կուտակված, ապա ինչ-որ մի օր պատերազմ է սկսելու։ Այլ հարց է, որ կարելի է այդ պատերազմը հետաձգել կամ ընդհանրապես թույլ չտալ։ Ամեն ինչ կախված է թշնամական պետությունների ռազմաքաղաքական ու տնտեսական բալանսից։

Եթե բալանսը խախտվում է, ապա պետություններից մեկը, ստանալով հարմար առիթ ու անելով հաշվարկներ, անցնում է գրոհի։

Հնարավո՞ր էր խուսափել պատերազմից

Արցախի հարցով բանակցությունները փակուղում հայտնվեցին։ Թե ում մեղքով, հիմա արդեն էական չէ։ Մի բան աներկբա է, որ մեզ ձեռնտու չէր բանակցային գործընթացի տապալումը։

Բանակցությունները կարող էին շարունակվել կամ փակուղում հայտնվել, բայց պատերազմ չլիներ։ Պատերազմը եղավ, քանզի 2020–ի հունիսին կտրուկ խախտվեց Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բալանսն ի վնաս մեզ։

Միջազգային մամուլից այս տարվա հունիսի 25–ին տեղեկացանք, որ Ադրբեջանը հսկայական քանակի թուրքական անօդաչու թռչող սարքեր է գնում։ Խոսքը չարաբաստիկ «Բայրաքթարների» մասին էր։ Ադրբեջանը Թուրքիայից ավելի քան 70 միլիոն դոլարի զենք գնեց շատ կարճ ժամանակահատվածում։ Դա հուշում էր, որ Բաքուն պատերազմ է սկսելու՝ ունենալով հսկայան առավելություն օդում (մենք բազմաթիվ նյութեր ենք ներկայացրել այս թեմայով ու ահազանգել)։ Իսկ ի՞նչ արեց ՀՀ իշխանությունն աղետը կանխելու համար․ այս հարցը քննարկելն այժմ ժամանակավրեպ է։

Մեզ ամռանն ասվում էր, որ օդը փակած է, որ ունենք արդյունավետ ՀՕՊ համակարգեր, որ ամեն ինչ կարգին է, որ Հորդանանից գնած հակաօդային պաշտպանության «օսաները» լուծում են բոլոր հարցերը։

Այս պահին հստակ արձանագրենք, որ պատերազմը սկսեց ճիշտ այն պահին, երբ հայտնի էր, որ էականորեն փոխվել է ռազմական բալանսը՝ «Բայրաքթարների» միջոցով։ Այդ փոփոխությունը գրանցվել է վերջին 3–4 մասում։ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն արեցին, փորձարկեցին զենքն ու զորքերի կոորդինացիան և անցան գործի։ Իսկ մենք ի՞նչ էինք անում այդ ընթացքում։

Բալանսը փոխվելուց հետո Ադրբեջանին ընդամենն առիթ էր պետք պատերազմ սկսելու համար։ Իսկ առիթ միշտ էլ կարելի էր գտնել, հատկապես երբ բանակցությունները փակուղում են հայտնվել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը