Լրահոս

06.11.2020 15:52


Ֆրանսիայում տարրական դպրոցներից մեկի մոտ դանակով զինված տղամարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում տարրական դպրոցներից մեկի մոտ դանակով զինված տղամարդ է ձերբակալվել

Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի արվարձաններից մեկում դպրոցի մոտ դանակով զինված տղամարդու է ձերբակալել։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է երկրի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում։

«Շնորհակալ եմ իրավապահ ուժերին սառնասրտություն ցուցաբերելու և արագ գործելու համար։ Նրանք շատ արագ միջամտեցին ու Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի տարրական դպրոցի մոտից բերման ենթարկեցին վտանգավոր մարդուն, որը զինված էր դանակով»,-գրել է նախարարը։

Դարմանենի խոսքով՝ տղամարդը սպառնում էր երեխաներին դպրոց տանող ծնողներին։

Հանցագործի ինքնության մասին ոչինչ հայտնի չէ։

Վերջին շրջանում Ֆրանսիայում կտրուկ աճել է ահաբեկչությունների վտանգի մակարդակը։ Վերջին օրերին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում տեղի է ունեցել մի քանի ահաբեկչական հարձակում, որոնց հետևանքով երկրում վերահսկողությունն ուժեղացվել է։

Առաջին հարձակումը տեղի է ունեցել, հոկտեմբերի 16-ին ֆրանսիական Քոֆլան-Սենթ-Օնորին քաղաքում։ 18-ամյա ծայրահեղականը հարձակվել է պատմության ու աշխարհագրության ուսուցիչ Սամյուել Պատիի վրա ու գլխատել նրան՝ հանցագործությունից հետո դանակով սպառնալով նաև ոստիկաններին։

Հոկտեմբերի 29-ին Նիցցայում դանակով զինված 21-ամյա թունիսցին Աստվածամոր տաճարի մոտ հարձակվել է քաղաքացիների վրա՝ սպանելով երեք մարդու։

Մեկ այլ հարձակում էլ տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ Անհայտ անձը Լիոնում հարձակվել է հունական եկեղեցու քահանայի վրա։ Տուժածը հրազենային վնասվածքներով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները դեռ պայքարում են նրա կյանքի համար։ Հանցագործի որոնումները շարունակվում են։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը