Մեկնաբանություն

06.11.2020 14:55


Ըստ «Իմ քայլի» Տաթևիկի՝ «թավշյա» հեղափոխությունը ձեռնտու էր Թուրքիային ու Ադրբեջանի՞ն (տեսանյութ)

Ըստ «Իմ քայլի» Տաթևիկի՝ «թավշյա» հեղափոխությունը ձեռնտու էր Թուրքիային ու Ադրբեջանի՞ն (տեսանյութ)

Օրերս իշխանությունները մի քննարկում էին կազմակերպել՝ «Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից» խորագրով։ Քննարկման եզրահանգումը նախապես հայտնի էր՝ ո՛չ, հնարավոր չէր։ Բա հո՞ չէին քննարկելու և վերջում գային այն եզրակացության, որ հնարավոր էր։ Ռազմական դրությունն ու գրաքննությունը հենց դրա համար է մտցվել, որ միակողմանի ու միատեսակ գնահատականներ հնչեն ու քննարկումներն էլ ցանկալի եզրակացություններն ապահովեն։ Ինչևէ։

Քննարկումը վարում էր Արամ Աբրահամյանը, մասնակցում էին մի քանի տղամարդ և մի կին՝ պատգամավորուհի։ Աբրահամյանի ու տղամարդ մասնակիցների ֆունկցիան պարզ էր։ Պարզ էր նաև քննարկմանը մասնակցող աչոնիկի դերը։

«Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկը հայտարարեց, որ պատերազմը միևնույն է լինելու էր, պարզապես 2018–ի «թավշյա» հեղափոխությունը հետաձգեց այն։ Ոչ ավել, ոչ պակաս։

Երևի ուզում էր ասել, որ այս մղձավանջն իրենք հետաձգել են երկու տարով ու հպարտ քաղաքացիները պետք է գոհ լինեն։ Հետաձգելը որպես լավ բան էր ներկայացվում։

Դե քանի որ ռազմական դրության պայմաններում ու կառավարության որոշմամբ ՀՀ ԱԺ պատգամավորների ասածները պետք է հալած յուղի պես ընդունել, որևէ կասկած չհայտնել նրանց ասածների պահով, ուստի այդպես էլ կվարվենք։ Կընդունենք, որ Տաթևիկը ճիշտ է և հեղափոխության միջոցով մի երկու տարով հետաձգեցինք պատերազմը։ Հիմա այդ պնդման մասով մի քանի հարց տանք «Իմ քայլի» գաղափարական թևի սույն ներկայացուցչին՝ Տաթևիկին։

1․Եթե «Իմ քայլում» գիտեին, որ պատերազմ է սկսելու և «թավշյան» ընդամենը հետաձգել է այն, ապա ինչո՞ւ էին ժողովրդին պատրաստում, այսպես կոչված, խաղաղության, այլ ոչ թե պետությանը՝ պատերազմի։

2․Եթե հայտնի էր, որ պատերազմ է սկսելու, ապա ինչո՞ւ էր իշխանական տնից կոչ արվում ձուլել փամփուշտներն ու զարդեր սարքել։

3․Ինչո՞ւ էր պարբերաբար հայտարարվում, որ Ալիևը կառուցողական է տրամադրված և ի՞նչ էր բանակցվում նրա հետ։

4․Եթե պատերազմն անխուսափելի էր, ապա ինչո՞ւ էին իշխանության ջանքերն ուղղված ընդդիմախոսներին քրեաքաղաքական հետապնդումների ենթարկելուն, մարդկանց պառակտելուն, այլ ոչ թե ժողովրդին ու բոլոր ռեսուրսները համախմբելուն։

5․Ամենակարևորի մասին։ Ադրբեջանը թուրքական ԱԹՍ–ները՝ «Բայրաքթարները» գնել է 2020–ի ամռանը։ 2018–ին Բաքուն չուներ այդ ԱԹՍ–ները, որոնք կտրուկ փոխեցին ռազմական բալանսը և այս պահի դրությամբ բերեցին Արցախի գրեթե 5 շրջանի կորստին (Հադրութ, Ջաբրայիլ, Ֆիզուլի, Զանգելան, Կուբաթլի) ու մոտեցրեցին կռիվը Շուշիի տարածք։

Եթե Տաթևիկը համոզված է, որ հեղափոխությունն ընդամենը հետաձգել է պատերազմը, ապա ստացվում է, որ հեղափոխությունն ի վնաս Հայաստանի ու Արցախի է եղել, քանզի եթե պատերազմը սկսեր 2018–ին, ապա Ադրբեջանը կռվելու էր առանց «Բայրաքթարների» և չէր ունենալու այն առաջխաղացումը, ինչը հիմա ունի։ Համաձայնեք, որ սա շատ լուրջ մեղադրանք է ՀՀ իշխանությունների հասցեին՝ իշխանական պատգամավորուհու կողմից։

Իսկ միգուցե չարժե՞ր հետաձգել կռիվը։ Միգուցե չարժե՞ր ժամանակ տալ թշնամուն լավ պատրաստվելու, հատկապես երբ ինքդ չես պատրաստվելու։

Պատերազմական այս իրավիճակում Տաթևիկի տեսակետները կասկածի տակ չե՞ն դնում կառավարության գործունեության արդյունավետությունը, չե՞ն վնասում գործադիր իշխանությանը, արժանի չե՞ն տուգանքի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը