Դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է․ Կարո Պողոսյանը ծանր մարտերից մեկում վիրավորվել է (լուսանկար)
Դիրքերում ծառի փոքրիկ շյուղ ջրող զինծառայողի լուսանկարը,որը տարածվեց համացանցով, այս օրերին արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների, հազարավոր օգտատերեր այն տեղադրեցին իրենց էջերում ու համարեցին մերօրյա պատերազմի խորհրդանշական լուսանկարներից մեկը: ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող 26-ամյա Կարո Պողոսյանը Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է։ Նա այժմ վիրավոր է և գտնվում է այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին հայտնեց Կարոյի մայրը՝ Շողիկ Սողոյանը։
«Տղաս արդեն 17 օր է վերակենդանացման բաժանմունքում է:Ուներ բազմաթիվ կոտրվածքներ, Արցախից սկզբում տեղափոխել էին Աստղիկ բժշկական կենտրոն,որտեղ վիրահատել էին,հետո տեղափոխել այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:Մեր հերոս բժիշկների շնորհիվ է միայն,որ հիմա Կարոս ապաքինվում է»,-ասում է տիկին Շողիկը:
Կարոն առաջնագծում է եղել հենց սեպտեմբերի 27-ից։ Հոկտեմբերի 19-ին դիրքերից վերադառնալիս իրենց մեքենան ռմբակոծել են, Կարոն հրաշքով է փրկվել:
«Տղաս հրաշքով է փրկվել, անկեղծ ասած հետը դեռ չեմ էլ կարողացել խոսել ու հասկանալ ոնց է դեպքը տեղի ունեցել: Իր հետ նույն մեքենայում է եղել նաև հորաքրոջ տղան `Աշոցքից,ով մահացել է,բայց ինքը ոչ մի բանից տեղյակ չէ,անգամ չգիտի մյուս զինակից ընկերների մահվան մասին:Սարսափելի դեպք էր, ես այդ օրը անհանգիստ էի, մենք դեպքի մասին իմացել ենք հոկտեմբերի 20-ի երեկոյան ու շտապ հասել ենք Երևան»-հուզված պատմում էր Կարո Պողոսյանի մայրը:
Կարոն ընտանիքի միակ արու զավակն է, ունի երեք ավագ քույրեր: Ինքն է ցանկացել ծառայության անցնել սահմանապահ զորքերում, շատ է սիրում զինվորականի գործը, արդեն հինգ տարի է ահմանապահ զորքերում է ծառայում:
Որ նրա լուսանկարը միանգամից տարածում կստանար համացանցում,չէին էլ մտածում: Այն դեպքից հետո հրապարակել է Կարոյի զինակից ընկերներից մեկը, տիկին Շողիկի համար իր տղայի նկարը համացանցում տեսնելը անսպասելի է եղել:
«Պատահական տեսա, համ լացել եմ, համ ուրախացել, որ իմ բալես փրկվեց էդ պայթյունից: Ինչքան գիտեմ իր ընկերներն են լուսանկարել, հենց մարտական գործողությունների ժամանակ է եղել, դիրքերում: Երևի խորհրդանշական լուսանկար եղավ իմ տղայիս համար: Էն փոքրիկ ճյուղը, որն ինքը ջրում է այդ չորացած հողում ու կյանք տալիս, հիմա իր նոր կյանքի սկիզբը դարձավ,երեխաս նորից ծվեց, ինչպես այդ փոշու մեջ ապրել ցանկացող բարակ ծառի շյուղը»-հուզված պատմում է տիկին Շողիկը:
Որ հայտնի լուսանկարի տղան իրենց կենտրոնում բուժում ստացող զինվորականն է, գիտեն նաև բուժհաստատության բոլոր բժիշկներն ու բուժքույրերը, ճանաչել էին հերոս տղային:
«Բոլորն էլ գիտեն, որ Կարոն է այդ լուսանկարում: Այսօր խնդրեցինք բժշկին, որ իր հեռախոսը մոտեցնի տղայիս հետ խոսենք: Աղջիկս նկարի համար պատմեց Կարոյին, որ միանգամից լայն տարածում է ստացել ու շատ դրական մեկնաբանություններ են գրել մեր ժողովուրդը: Կարոս լսեց ու ասեց, թե էս այրվածքներիս ու ցավերիս մեջ նկարի ու մեկնաբանությունների ժամանակն եք գտել տնաշեններ: Հետո ժպտաց ու ասեց, որ ամեն ինչ լավ է լինելու, միևնույնն է հաղթելու ենք»-ասում է Շողիկ Սողոյանը:
Կարո Պողոսյանը դեռ բուժման երկարատև կուրս է անցնելու,ապաքինվելուց հետո կվերադառնա տուն: Ըստ մայրիկի, հավանաբար ծառայությունը կշարունակի, եթե առողջական վիճակը թույլ տա:
Դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է․ Կարո Պողոսյանը ծանր մարտերից մեկում վիրավորվել է (լուսանկար)