2014թ. սկսած՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, մեկնարկել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»/Armenian-Turkey normalization process/ ծրագիրը, որն իրականացրել է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։
Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։
Ըստ էության, այս ծրագիրն իրականացվել է 4 փուլով՝ միլիոնավոր դոլարներ ծախսելով հասարակությունների միջև փոխըմբռնման մթնոլորտը բարելավու, լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպելու և այլ նպատակներով:
Առաջին հայացքից այս «անմեղ և քաղաքակիրթ» ծրագրերի թիկունքում Թուրքիան իրականացրել է իր իրական՝ ցեղասպանական, պանթուրքիստական քաղաքականությունը՝ երբեք չհրաժարվելով օսմանական կայսրությունը վերականգնելու իր նկրտումներից:
Եվ, մինչ Թուրքիան Նախիջևանում զորավարժություններ էր անցկացնում և կոփում ադրբեջանական բանակը, Հայաստանում վերոհիշյալ ծրագրերի շրջանակներում թրծված հայտնի խաղացողները՝ բթացնելով հայ հասարակության զգոնությունը, խաղաղության դիսկուրս էին քարոզում, փորձում էին կրթական չափորոշիչներ պարդադրել՝ խմբագրելով թուրքի կերպարն ու մեր դասագրքերից «թեթևացնելով» ազգային բաղադրիչը:
Իսկ այդ ողջ ընթացքում Թուրքիան շարունակել է Հայաստանի դեմ ուղղված ռազմական բոլոր գործողություններում բացահայտ և անվերապահ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, թուրքալեզու երկրների միացյալ բանակի ծրագիր և քաղաքական այլ ձևաչափեր է կյանքի կոչել: Իբրև տարածաշրջանային ագրեսոր, Թուրքիան այսօր, արդեն ղեկավարում է մեր դեմ սանձազերծած պատերազմը:
Հիմա, երբ թուրքաքան ֆաշիզմն ու ծայրահեղականությունն՝ իբրև քաղաքակրթական սպառնալիք, ցնցում է եվրոպան, վստահ եմ, որ եվրոպական միջազգային կառույցները կվերանայեն իրենց քաղաքական դիսկուրսը: Վստահ եմ կամ ուզում եմ հավատալ, որ Եվրոպան դասեր կքաղի:
Իսկ արդյոք դասեր կքաղե՞նք մենք:
Մենք մնալու ենք մեր խնդիրների և մարտահրավերների հետ՝ ապրելով խիստ զգայուն, քաղաքակրթական նոր բախումներով լիցքավորված աշխարհաքաղաքական միջավայրում:
Մենք՝ իբրև պետություն և հասարակություն, պարտավոր ենք չոր և շեշտակի գնահատական տալ, հասկանալ, թե ինչ քայլեր և գործողություններ են թուլացրել մեր ազգային դիմադրողականությունը, համազգային արժեքային դաշտը, ի վերջո՝ մեր ինքնությունը:
Դրսից սնվող և հովանավորվող կազմակերպություններն ու ծրագրերը որքանո՞վ են համահունչ եղել մեր ազգային նպատակներին և ազգային, պետական անվտանգությանը, մեր ժողովրդի և պետության լինելիությանը:
Միանշանակ է. այսօր մեր հավաքական օրակարգը մեկն է՝ հայրենական այս պատերազմից հաղթական ելքը:
Բայց գալու է ժամանակը և պիտի անհետաձգելիորեն զբաղվել «Օտարերկրյա գործակալ» հանդիսացող կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորման խնդիրներով /The Foreign Agents Registration Act (FARA) ։
Գնահատական տալու անհրաժեշտությունը