Քաղաքական

04.11.2020 18:50


Աշխատում ենք ամենաբարձր պրոֆեսիոնալիզմով, նախագծեր ենք մշակել, ուղարկել ենք ԱԺ, և չեք կարող մի դեպք ասել, որ ինձ պատասխանել եք. Արման Թաթոյանը՝ պատգամավորներին

Աշխատում ենք ամենաբարձր պրոֆեսիոնալիզմով, նախագծեր ենք մշակել, ուղարկել ենք ԱԺ, և չեք կարող մի դեպք ասել, որ ինձ պատասխանել եք. Արման Թաթոյանը՝ պատգամավորներին

Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է այդ մարմինները ստեղծվեն, ես էլ խրախուսեմ՝ պայմանով, որ չկրկնեն մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, դա պարզապես անհնար է: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստին ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի բարձրացրած հարցադրումներին՝ առողջապահական, ֆինանսական, բիզնես ոլորտներում օմբուդսմեն ունենալու վերաբերյալ:

«Մենք բիզնես ոլորտում հատուկ բաժին ունենք, ցույց տվեք մի դեպք, որ գործարարին մենք չենք արձագանքել, պրոֆեսիոնալ աջակցություն ցույց չի տրվել: Փոքր բաժին է, օրենսդրական նախագծեր ենք մշակում, ուղարկել ենք գրեթե բոլորը ձեր հանձնաժողով, ոչ մի պատասխան չենք ստացել: Դուք կարո՞ղ եք մի դեպք գոնե ասել, որ ինձ պատասխանել եք: Ես երաշխավորում եմ, որ աշխատում ենք ամենաբարձր պրոֆեսիոնալիզմով»,-ասաց նա և նշեց, որ ունեն բժիշկներ, հոգեբաններ, հոգեբույժներ, որոնք գիտնականներ են, ՀՀ ամենակարևոր մասնագետների հետ են աշխատում, գիշեր ցերեկ աշխատանք է տարվում:

«Եթե մեր զեկույցները վերցնեք և հատկապես առողջապահական մակարդակում խնդիր գտնեք, ասեք, ես պատրաստ եմ հրապարակային ներողություն խնդրել, ես վստահ եմ ամեն բառի համար»,-ասաց նա:

Արման Թաթոյանը նկատեց, որ հաշտարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործառույթներից է: «Մարդիկ մոռացվում են տարիներով հոգեբուժարաններում, մենք Հայաստանում հոգեբույժ չունենք, Սյունիքի մարզում երկու հոգեբույժ ունենք, որոնցից մեկը արդեն թոշակի է անցած և մեկն էլ չի հասցնում, նման բաների ուղղությամբ պետք է գումարներն ուղղեն: Մեր թեժ գիծը 24 ժամ միաժամանակ չորս գիծ է ընդունում, զանգերը ձայնագրվում են, ես լսում եմ, գիշեր ցերեկ ինքս բոլոր հարցերով զբաղվում եմ, թող մի գործարար զանգի ասի զանգել է, մենք ոչ մի բան չենք արել»,-ասաց նա և նշեց, որ իրենք հազար ու մի առաջարկ են արել, բայց չի ընդունվել Ազգային ժողովի կողմից։

Արձագանքելով՝ Արկադի Խաչատրյանը նշեց. «Ես հրաշալի գիտեմ, որ Ձեր աշխատանքի մեջ մեծ ջանքեր եք ներդնում և դրանով է պայմանավորված Ձեր էմոցիոնալ արձագանքը, որևէ մեկը միտում չի ունեցել որևէ ձևով թերագնահատել այդ աշխատանքը, ջանքերը: Ես գիտեմ աշխատակազմը տիտանական աշխատանք է կատարում»:

Արկադի Խաչատրյանը նաև նշեց, որ ՄԻՊ-ից ոչ մի նամակ չի ստացել, և պարզվեց, որ պաշտպանը նկատի ուներ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի գլխավորած հանձնաժողովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը