Լրահոս

04.11.2020 18:11


Չենք հասցնում զբաղվել և՛ վիրավորներով, և՛ կորոնավիրուսի բուժմամբ․ խնդրում եմ, ընտանիքով, բարեկամներով մի՛ եկեք վիրավորներին տեսակցության․ բժիշկ

Չենք հասցնում զբաղվել և՛ վիրավորներով, և՛ կորոնավիրուսի բուժմամբ․ խնդրում եմ, ընտանիքով, բարեկամներով մի՛ եկեք վիրավորներին տեսակցության․ բժիշկ

Մենք պատերազմում ենք երկու ճակատով՝ մեկ կորոնավիրուսի, մեկ արտաքին թշնամու՝ Ադրբեջանի դեմ և մեկը մյուսին ավելի ծայրահեղ է դարձնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ օտորինոլարինգոլոգ (քիթ, կոկորդ, ականջ), բժշկական գիտությունների թեկնածու Արայիկ Ղարիբյանը։

Նրա խոսքով՝ բժիշկները չեն հասցնում զբաղվել և՛ վիրավորներով, և՛ կորոնավիրուսի բուժմամբ։

«Խնդրում եմ մեր ազգաբնակչությանը, անպայման ավելի խիստ հետևեն սեփական հիգիենայի կանոններին և պարտադիր դնեն դիմակ, քանի որ տարածում են վիրուս ու փոխանցում մեկը մյուսին։ Չմոռանանք, որ բոլորի ընտանիքում կա զինվոր, բոլորի ընտանիքներից կան մոբիլիզացվածներ, որոնք պատերազմի դաշտում են և երբ Աստված չանի որևէ մեկի հետ խնդիր է լինում ու վիրավորվում է, ստացվում է, որ նրանք ևս մեկ ռիսկի խումբ են վիրուսի համար»,-ասաց բժիշկը։

Նրա խոսքով՝ եթե նախկինում իրենք ասում էին, որ խրոնիկ հիվանդությունները կորոնավիրուսի հետ միասին ռիսկի խումբ են և ծանրացնում են հիվանդի վիճակը, ինչը կարող է առաջացնել մահ, ապա հիմա ևս մեկ ռիսկի խումբ է առաջացել՝ վիրավոր զինծառայողները։

«Հորդորում եմ մեր ազգաբնակչությանը, եթե իրենց ընտանիքում կամ հարազատների մեջ վիրավորներ մեծաքանակ խմբերով չգնան հիվանդանոցներ, չշփվեն վիրավորների հետ, հատկապես չգրկեն, չհամբուրեն։ Տեսակցության համար տրվում է երկու ժամ, և միայն մեկ հարազատին, բայց շատ տեղերում ստիպված ենք լինում խստիվ արգելել տեսակցությունները, որպեսզի վիրավորները չվարակվեն»,-ասաց բժիշկը։

Նա ընդգծեց, որ վիրավորների հարազատների հետ շատ դժվար է, քանի որ բոլորը ցանկանում են այցելել իրենց վիրավորին։

«Բոլորի կյանքի նպատակն է գրկել ու համբուրել իրենց վիրավորին՝ չմտածելով որ վտանգը մեծ է, որ նրանք կվարակվեն կորոնավիրուսով»,-ասաց նա։

Նա նաև ասաց, որ վիրավոր զինվորներին ընդունելուց պարտադիր թեստավորում են և դրական լինելու դեպքում պարտադիր մեկուսացնում են և ուղարկում համապատասխան պրոֆիլով հիվանդանոց։

«Բայց դուք էլ գիտեք, որ այսօր այնքան են շատացել վիրուսակիրները, որ այն կենտրոնները, որոնք կորոնավիրւսի բուժմամբ են զբաղված, ամբողջովին հագեցած են, և նույնիսկ մեկ ազատ մահճակալ չկա որպեսզի կարողանան տեղավորել նոր հիվանդներին։ Խնդրանքս բոլորին, ընտանիքով, ցեղով, բարեկամներով մի՛ եկեք տեսակցության ձեր հարազատներին։ Հարազատները գալիս են առանց դիմակ, կամ դիմակը քթի տակ դրած մտնում են ու գրկախառնվում վիրավորի հետ, մեկ վայրկյան փորձես ուշադրությունդ շեղել, իրենք ցանկացած ճանապարհով խցկվում են հիվանդանոց»,-ասաց Արայիկ Ղարիբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը