Աշխարհ

04.11.2020 17:56


«Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարը պատժվեց

«Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարը պատժվեց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան օրերս պահանջել էր ՈՒԵՖԱ-ից՝ պատժել ադրբեջանական «Քարաբախ» ակումբին և ակումբի մամուլի քարտուղարին։

«Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք էր հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել՝ ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ՝ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը։ «Ատելության խոսքը, բռնություն կոչերը, այլատյացությունը պետք է արմատախիլ արվեն ֆուտբոլից՝ հավատարիմ մնալով եվրոպական ֆուտբոլային ընտանիքում ընդունված արժեքներին»,-ասված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ։

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել և արդեն ներկայացրել է առաջին արդյունքները։

Իբրաhիմովին ժամանակավորապես արգելվել է ցանկացած ֆուտբոլային գործունեությունով զբաղվելը: ՈւԵՖԱ-ն հետագայում որոշում կկայացնի՝ փաստերն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո։

«Քարաբախը» խաղում է Եվրոպա լիգայի խմբային փուլում: Երկու մեկնարկային տուրերում թիմը ոչ մի միավոր չի վաստակել ՝ պարտվելով «Վիլյառեալին» ու Թել Ավիվի «Մաքաբիին»:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն պատժել էր նաև ակումբին խաղից հետո ռազմական ողջույնի համար:

Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Լեգիայի» դեմ խաղում (3:0) խաղացողներն ու թիմի մարզչական շտաբի անդամները ցույց տվեցին ռազմական ողջույն: Այս ժեստը դիտվեց՝ որպես քաղաքական:

Ադրբեջանական ակումբի 13 խաղացողներ և 14 ներկայացուցիչներ նկատողություն են ստացել:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը