Քաղաքական

04.11.2020 17:46


Փաստեր ունենք, որ ահաբեկիչներն ու ջիհադիստները պատրաստվում են ահաբեկչություններ իրականացնել այլ երկրներում․ Արման Թաթոյան

Փաստեր ունենք, որ ահաբեկիչներն ու ջիհադիստները պատրաստվում են ահաբեկչություններ իրականացնել այլ երկրներում․ Արման Թաթոյան

Հակառակորդը թիրախային զինված հարձակումներ է իրականացնում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, և, եթե ավելի վաղ խոսք էր գնում միայն կասետային զինատեսակների օգտագործման մասին, ապա հիմա արդեն կիրառվում են զանգվածային ոչնչացման այլ զենքեր։ Ակնհայտ է, որ հակառակորդը մտադրություն ունի արգելված զինատեսակներ կիրառելով՝ Արցախի ուղղությամբ էլ ավելի մեծ վնաս հասցնել տեղի խաղաղ բնակչությանը։

Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ, ինչպես Շուշիի մայր տաճարի և մզկիթի, այնպես էլ՝ Ստեփանակերտի հիվանդանոցի հրթիռակոծումը լակմուսի թուղթ են այն մասին, որ Ադրբեջանը հստակ նպատակ է դրել՝ թիրախավորել քաղաքացիական բնակչությանը։

Ըստ Թաթոյանի՝ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ատելության լայնածաված քարոզ է իրականացվում հակառակորդ երկրի կողմից, ինչը պետական մակարդակում ստանում է հովանավորչություն։

«Մենք բացահայտել ենք խմբեր, որտեղ խրախճանք է կազմակերպվում բացառիկ ցինիզմով՝ նպատակ ունենալով ատելություն բորբոքել։ Բացահայտել ենք նաև, որ Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչներն ապօրինաբար տիրանում են հայ զինծառայողի սոցիալական ցանցերի էջերին։ Մեկ էլ տեսնում ես, որ հայ զինծառայողի էջերը գովերգում են Ադրբեջանը։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ էջերը կառավարվում են Ադրբեջանի կողմից»,-ասաց պաշտպանը։

Նրա փոխանցմամբ՝ արդեն իսկ ապացուցված է, որ ակնհայտ կազմակերպված բնույթ է կրում նաև խոշտանգումների, բռնությունների մասին տեսանյութերի ուղարկումը հայ օգտատերերին։

«Հադրութի մեր երկու հայրենակիցների բացառիկ դաժան սպանության տեսանյութերի տարածումը սկզբում մեկ աղբյուրից էր, հետո, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հասկացավ, որ խնդիրներ է ունենալու, այդ մեկ աղբյուրի տարածված տեսանյութերը հեռացվեցին, սակայն մենք դրանք արդեն ներբեռնել էին մեզ մոտ»,-ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ, ինչպես հիվանդանոցի հրթիռակոծումը, այնպես էլ՝ մեր զինվորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը պատերազմական հանցագործություններ են, ինչը վկայող փաստերը ներկայացնում են Հայաստանի միջազգային գործընկերներին։

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձավ նաև արդեն իսկ միջազգային տարբեր կառույցների կողմից ապացուցված իրողությանն այն մասին, որ Արցախի դեմ գործում են ահաբեկիչներ և ջիհադիստներ։

«Փաստ է այն, որ Արցախի դեմ կռվում են ահաբեկիչներ և ջիհադիստներ, նրանք կատարում են պատերազմական հանցագործություններ, նրանք պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողություններն իրականացնել այլ երկրներում»,-ասաց Թաթոյանը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը