Քաղաքական

27.04.2011 15:06


Սերժ Սարգսյան. «Հայաստանի իշխանությունները պատրաստ են կատարել առաջին քայլը՝ ընդդիմության հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար»

Սերժ Սարգսյան. «Հայաստանի իշխանությունները պատրաստ են կատարել առաջին քայլը՝ ընդդիմության հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար»

Հայաստանի իշխանությունները պատրաստ են կատարել առաջին քայլը՝  ընդդիմության հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար: Այսօր «Վալլեքս» ընկերության գրասենյակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է արտախորհրդարանական ընդդիմության գործողություններում դրական միտումների կարևորությունը։

«Ընթանում են հանրահավաքներ, հնչում են ելույթներ, որոնք միտված չեն հասարակության պառակտմանը, որոնք միտված չեն ջարդել-փշրել հասկացողությունները զարգացնելուն, որոնք միտված են քաղաքական պայքարը տեղափոխել նաև որոշակի հարթակներ։ Ինձ դուր է գալիս նաև, որ հանրահավաքի կազմակերպիչները և ոստիկանները կարողանում են իրար հետ աշխատել, և, փառք Աստծո, վերջին արդեն տևական ժամանակահատվածում այդ միջոցառումների ընթացքում չեն գրանցվել հասարակական կարգի կոպիտ խախտումներ»։

Նրա խոսքերով՝ այդ միտումները կարող են հանգեցնել նրան, որ հանրահավաքները նորից անցկացվեն Ազատության հրապարակում, և այն նորից կդառնա այլընտրանքային գաղափարների բարձրաձայնման տեղ։

«Եվ սա է հենց Ազատության հրապարակի խորհուրդը։ Եվ եթե իրադարձություններն այսպես զարգանան, ես կարծում եմ, որ մեր համատեղ ուժերով կարող ենք մաքրել այդ հրապարակից այն կեղծ պատկերացումները, որ այսօր, կամ ավելի ճիշտ՝ երեկ, գոյություն ունեին իբրև ծայրահեղականություն սնող մի միջավայր։ Սա մեզ համար չափազանց կարևոր է»,-ասել է նա։

Նախագահն ընդգծել է. «Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ այս տարի լրանում է մեր հանրապետության 20-ամյակը։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև այս օրերին ենք միջոցառումներ անցկացնում, և այդ միջոցառումները տևելու են ոչ թե մինչև սեպտեմբերի 21-ը, այլ նաև մինչև տարվա վերջը։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մենք բոլորս մտնում ենք մայիս ամիս՝ մեր ժողովրդի համար հաջողությունների ամիս, հաղթանակների ամիս։ Մենք մայիսին տոնելու ենք նաև Հանրապետության օրը՝ տոն, որ շատ լուրջ դասերով է լի, և այդ դասերն այսօր էլ են արդիական»։

Ըստ Սերժ Սարգսյանի՝ պառակտումը երբեք լավ բան չի բերել ոչ մի ժողովրդի, ոչ մի երկրի, չարությամբ որևէ տեղ զարգացման խնդիրներ չեն կարողացել լուծել։ Նախագահի խոսքով՝ «մենք բոլորս պետք է կարողանանք չարությանը հաղթել». «Իսկ չարությանը կարողանում են հաղթել միայն ուժեղները։ Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, այսօր մենք ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս ինշխանություններին իրենց զգոնությունը թուլացնել, և համագործակցելով՝ մենք կարող ենք իրոք մեր երկրի համար ապահովել լուրջ հաջողություններ։ Այստեղ ևս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, և ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին՝ տալ առաջարկություններ»։

Նրա խոսքով՝ մենք պետք է կարողանանք արագացնել քաղաքացիական հաստատությունների կայացումը, պետք է կարողանանք կյանքն այնպես աշխուժացնել, որ մեր երկրում դժգոհների քանակը քիչ լինի։

«Սա է ցանկացած իշխանության նպատակը, և մենք այդ նպատակին հասնելու գործում հաստատակամ ենք»,-ասել է նա։

Սերժ Սարգսյանը համարում է, որ «քաղաքական գործընթացները մեր երկրում ընթանում են նորմալ հունով կամ գոնե ամեն ինչ գնում է դրան»։

Ըստ նրա՝ այսօր կոալիցոն կուսակցություններն ակտիվացրել են իրենց գործողությունն ինչպես օրեսնդիր, այնպես էլ գործադիր մարմիններում։ Տենտեսության որոշակի ոլորտներում նկատվում է աշխուժություն, ոգևորություն։

«Եվ կարծում եմ, որ դրանց արդյունքները, ինչպես ցուցանիշների, այնպես էլ հասարակական ընկալման տեսանկյունից, մոտ ապագայում հստակ կերևան»,-ընդգծեց նա։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ այսօր բավական ակտիվ է ընթանում խորհրդարանական գործունեությունը, իրենց գործունեությունն են աշխուժացրել ընդդիմադիր «Դաշնակցություն» և «Ժառանգություն» կուսակցությունները։

«Կարծում եմ, որ շատ կարևոր ավանդույթ է ձևավորվում խորհրդարանում այն առումով, որ քննարկումները թեև կոշտ են լինում հաճախ, նույնիսկ հնչում են մեղադրանքներ, այնուհանդերձ, այդ քննարկումները գրեթե ընթանում են, ավելի ճիշտ՝ ընթանում են կոռեկտության սահմաններում։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ կարծում եմ, որ և´ կոալիցիայի, և´ խորհրդարանական ընդդիմության կողմից որոշակի ջանքերի ներդրման պարագայում մենք կարող ենք գալ–հասնել քաղաքակիրթ նշաձողի։ Սա շատ կարևոր է»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը