Կարծիք

04.11.2020 00:46


Դիմել եմ ՍԴ՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով․ Արման Թաթոյան

Դիմել եմ ՍԴ՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով․ Արման Թաթոյան
Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:
1. Ռազմական դրությունը հասկանալիորեն կարող է մարդու իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների հիմք լինել, ու Հայաստանի Սահմանադրությունը նման հնարավորություն ամրագրում է: Ռազմական դրության պայմաններում պետությունը պետք է ունենա կոնկրետ իրավիճակով պայմանավորված՝ անհրաժեշտ ու բավարար սահմանափակումներ ամրագրելու հնարավորություն՝ բացառելու համար տեղեկատվական հոսքերի հարցում վտանգներն ու սպառնալիքները, ռազմական դրության պայմաններում առավել արդյունավետ պաշտպանելու համար մարդկանց իրավունքները:
2. Մյուս կողմից, սահմանափակումները պետք է ամրագրվեն հստակ կանոններով, ունենան բարձր աստիճանի կոնկրետություն և բացառեն որևէ տեսակի անորոշություն: Այս պահանջն ունի հիմնարար կարևորություն, քանի որ վերաբերում է ոչ միայն Հայաստանում լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու լրագրողներին, այլ նաև բոլոր քաղաքացիներին առհասարակ: Դա էլ իր հերթին նշանակում է, որ սահմանափակումները խախտելու համար կոնկրետ դեպքում վարչական վարույթներն ու տուգանքները չպետք է դառնան անհամաչափ միջամտություն մարդու իրավունքներին կամ լրատվական գործունեություն իրականացնողների մասնագիտական աշխատանքին:
3. Այս կարգավորումների պատճառով իրավական դժվարություններ են առաջացել Ոստիկանության համար, որը դարձել է դրանց «իրավական զոհը»: Դա էլ իր հերթին արդեն ձևավորել է ոչ միասնական պրակտիկա: Արդյունքում՝ նախատեսված սահմանափակումների կամ արգելքների գործողության տիրույթում հայտնվել-չհայտնվելու անկանխատեսելիությունը լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, լրագրողների ու տարբեր քաղաքացիների համար առաջ է բերել անհարկի դժվարություններ:
Այս ամենն էլ իր հերթին հանգեցնում է երկրում հայտարարված ռազմական դրության իրավաչափ նպատակներից չբխող սահմանափակումների։
4. Իրականում, ստեղծված բարդ իրավիճակում մարդկանց տեղեկացված լինելու հասարակական կարևոր պահանջը ենթադրում է, որ մասնագիտական սկզբունքներին ու կանոններին համապատասխան գործունեություն ծավալող լրագրողների համար պետք է երաշխավորվեին աշխատանքի առավել բարենպաստ պայմաններ՝ ապահովելով կանոնների հստակություն:
5. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով բարձրացվել է նշված կարգավորումների համապատասխանության հարցը կարծիքի արտահայտման ազատության, իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական պահանջներին, այդ թվում՝ միջազգային փորձի ու չափանիշների լույսի ներքո:
Դիմումում բարձրացվել են նաև նշված սահմանափակումներն ամրագրող իրավական ակտերի ընդունման ընթացակարգային խնդիրներ:
6. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի համար հիմք են ծառայել Հայաստանի Ժուռնալիստների միության, լրատվական գործունեություն իրականացնող երկու տասնյակից ավելի կազմակերպությունների և քաղաքացիների Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումներն ու բողոքները, սեփական նախաձեռնությամբ Պաշտպանի ուսումնասիրությունները, ինչպես նաև պետական մարմինների պարզաբանումներն այդ հարցերի առնչությամբ:
7. Ամփոփելով ողջ նշվածը՝ հարկ եմ համարում հստակ արձանագրել, որ Սահմանադրական դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած դիմումով ոչ թե բարձրացվել է ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումներն ու վարչական պատասխանավություն սահմանող դրույթները չեղարկելու կամ դրանք զրոյացնելու, այլ հստակ չափանիշներ ու գործող կանոնների կոնկրետության անհրաժեշտ աստիճան ապահովելու հարցը:
8. Լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, առանձին լրագրողների ու քաղաքացիների համար պետք է հստակ ամրագրված լինի, թե կոնկրետ որ դեպքում իրենց քննադատությունը, կարծիքը կամ դիրքորոշումը կհակասի ռազմական դրության ընթացքում գործող սահմանափակումներին և կոնկրետ ինչի համար ու ինչ պատասխանատվություն կառաջանա, եթե նրանք թույլ տան այդ սահմանափակումների խախտումներ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը