Քաղաքական

03.11.2020 18:45


ԼՂ հակամարտության միջնորդության համընդհանուր ճանաչված ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է. Լավրով

ԼՂ հակամարտության միջնորդության համընդհանուր ճանաչված ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է. Լավրով

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հակամարտող կողմերի հետ աշխատանքներ իրականացնելը, սակայն նշում է, որ ԼՂ խնդրի կարգավորման համընդհանուր ճանաչված ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասել է «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:

«Համանախագահների եռյակն է հանդիսանում միջնորդության համընդհանուր ճանաչում ունեցող ձևաչափը, որի նպատակն է հաղթահարել այդ վաղեմի հակամարտությունը: Այդ կապակցությամբ` Մոսկվայում ադրբեջանցի և հայ գործընկերները հոկտեմբերի 10-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ հաստատել են բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը»,-ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Մոսկվայում վերաբերվում Ղարաբաղի հարցով նոր բանակցային ձևաչափի ստեղծման գաղափարին, որին կմասնակցեն Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, հանդես է գալիս այն գաղափարի օգտին, որ կարելի է աշխատել բոլոր գործընկերների, այդ թվում` հակամարտող կողմերի հարևանների հետ, որոնք հնարավորություն ունեն ազդելու և պայմաններ ստեղծելու կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծման հասնելու համար, որոնք եռանախագահներն առաջ են քաշում Բաքվի և Երևանի հետ շփումներում:

Այս խորագրի վերջին նյութերը