Քաղաքական

03.11.2020 13:54


Պալերմոյի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը

Պալերմոյի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Պալերմո քաղաքի խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ և հասարակական օբյեկտները թիրախավորելու բազմաթիվ դեպքերը: Այս մասին տեղեկացնում է Արցախի միասնական տեղեկատվական շտաբը:

«Մի քանի շաբաթից ավելի Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) քաղաքացիական խաղաղ բնակչությունը և բոլոր հաստատությունները (հիվանդանոցները, դպրոցները, բնակավայրերը, քաղաքացիական պաշտպանության կենտրոնները ներառյալ), հրետակոծվում են և ավերվում են հրթիռային հարձակումներից Ադրբեջանի զինված ուժերի կողմից, Թուրքիայի բանակի զինվորականների ակնհայտ և հայտարարված օգնությամբ, որոնց օգնում են իսլամիստ ահաբեկիչները՝ հատուկ բերված Սիրիայից Թուրքիայի միջոցով:
Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) մի խորհրդանիշ է ողջ հայ ժողովրդի համար, որը սփռված է աշխարհով մեկ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված 20-րդ դարի առաջին Ցեղասպանության հետևանքով:
Նրա լեռների մեջ հնագույն հայկական քաղաքակրթությունը դարերով սերնդից սերունդ է անցել: Այստեղից են կյանք առել պատմական տարբեր ժամանակաշրջանում մշակութային վերածննդի նախաձեռնություններ և ազգային ինտեգրման և ինքնավարման շարժումներ:
Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) ավելի քան մեկ դար է պահանջում է կցումը Հայաստանին՝ նախկին Սովետական Հանրապետության և արդեն երեսուն տարի՝ ինքնիշխան երկրին: Եկել է ժամանակը, որ ամբողջ աշխարհի կառավարական կենտրոնները պաշտոնապես ճանաչեն այս Երկիրը, որը արդեն դե ֆակտո հանրապետություն է իր պետական կառուցվածքով և կառավարմամբ ՝ ժողովրդավարությամբ ընտրված սեփական ժողովրդի կողմից»,-նշված է քաղաքային խորհրդի փաստաթղթում՝ կոչ անելով երկրի գործադիր իշխանություններին համապատասխան գնահատական տալ Արցախի դեմ ագրեսիային:

Արցախի անկախությունը ճանաչել են նաև Միլանի և Ազոլոյի քաղաքային խորհուրդները:

Այս խորագրի վերջին նյութերը