Քաղաքական

03.11.2020 09:22


Դավիթ Բեկում սպանված 44-ամյա բնակիչը հրթիռակոծման պահին եղել է մեքենայի ղեկին (տեսանյութ)

Դավիթ Բեկում սպանված 44-ամյա բնակիչը հրթիռակոծման պահին եղել է մեքենայի ղեկին (տեսանյութ)
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Դավիթ Բեկ համայքնի հրթիռակոծմամբ ՀՀ նկատմամբ իրականցված ագրեսիայի հետևանքով մեկ քաղաքացիական անձ մահացել է, երկուսը վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, Հայաստանի Հանրապետության դեմ շարունակում է վարվել ագրեսիվ պատերազմը:
Այդ շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից շարունակում են դիտավորությամբ թիրախավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերն ու քաղաքացիական անձինք։
2020 թվականի նոյեմբերի 2-ին ժամը 18։10-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից հերթական անգամ մեծ տրամաչափի հրթիռահրետանային միջոցներով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով ինտենսիվ հարվածներ են հասցվել Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի Դավիթ-Բեկ բնակավայրին, վերջինիս բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածներին, ինչի հետևանքով հասցվել են մեծ վնասներ, ավերվել են բազմաթիվ բնակելի տներ։ Հարկ է ընդգծել, որ նշված բնակավայրում որևէ ռազմական օբյեկտ տեղակայված չէ։
Հրթիռակոծության հետևանքով բեկորային վնասվածքներ են ստացել Դավիթ-Բեկ բնակավայրի բնակիչ երկու կանայք, իսկ Կապան համայնքի բնակիչ Դավիթ Յուրիկի Հովհաննիսյանը (ծնված 1976թ.) մահացել է։
Վերջինս զբաղված է եղել իր առօրյա գործերով, եղել է քաղաքացիական հագուստով և գտնվել է իր մեքենայի ղեկին։
Դեպքի առթիվ ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ։

Այս խորագրի վերջին նյութերը