Աշխարհ

03.11.2020 08:51


Անհայտ անձը կրակ է բացել Վիեննայում գտնվող սինագոգի հարևանությամբ և պայթեցրել իրեն. կան զոհեր (տեսանյութ)

Անհայտ անձը կրակ է բացել Վիեննայում գտնվող սինագոգի հարևանությամբ և պայթեցրել իրեն. կան զոհեր (տեսանյութ)

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշում են տեղական լրատվամիջոցները:

Հաղորդվում է 7 զոհի մասին:

ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ հարձակվողները մի քանիսն էին, նրանցից մեկը սպանվել է:

Ավստրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցածն ահաբեկչություն է: Սպանվել է մի քանի մարդ:

Լրատվամիջոցները հայտնում են, որ կրակոցներին զուգահեռ, ահաբեկիչները քաղաքի մյուս ծայրում գտնվող ճապոնական ռեստորանում պատանդ են վերցրել մի խումբ մարդկանց։

Ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով ոստիկաններից մեկը սպանվել է։

Ավստրիական OE 24 հեռուստաալիքը հայտնել է, որ ոստիկանները 4 ահաբեկչի են ձերբակալել։ Հեռուստաընկերությունը ցուցադրել է ահաբեկիչների ձերբակալման կադրերը։ Նրանք բոլորը միանման են հագնված եղել՝ սպիտակ շալվարներով։ Վայրը, որտեղ ահաբեկիչները ձերբակալվել են, սինագոգի մոտակայքում է, որի մոտ տեղի էին ունեցել կրակոցները։

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամերը հայտարարել է, որ ահաբեկչությունը Վիեննայում շարունակվում է՝ քաղաքացիներին կոչ անելով դուրս չգալ տներից։ Նա հայտարարել է, որ գործ ունեն շարունակվող ահաբեկչական հարձակման հետ։ Նրա խոսքով՝ Ավստրիայի իշխանությունները շարունակում են պայքարել ենթադրյալ ահաբեկիչների դեմ։ «Մենք ելնում ենք նրանից, որ ահաբեկիչները մի քանիսն են, նրանք լավ զինված են և վտանգավոր»,-ասել է Նեհամերը։

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հույս է հայտնել, որ Վիեննայում ահաբեկիչների որոնման հատուկ գործողությունը կավարտվի մի քանի ժամից։ Ավստրիայի կանցլերն այս մասին ասել է ORF հեռուստաընկերության ուղիղ եթերում։

«Ես հույս ունեմ, որ հաջորդող ժամերին կհաջողվի վերացնել սպառնալիքը և վաղը վերականգնել հասարակական կյանքը»,-ասել է Կուրցը։

Նա հավելել է, որ Վիեննայում կրակոցներ արձակած հանցագործները լավ զինված են և պրոֆեսիոնալ պատրաստված։ «Առկա տվյալների համաձայն՝ նրանք շատ լավ զինված են։ Սա միանշանակ ահաբեկչություն է»,-հայտարարել է Կուրցը։

Սեբաստիան Կուրցը ահաբեկչություն է որակել Վիեննայում տեղի ունեցած կրակոցները՝ հայտարարելով, որ բոլոր միջոցներով պայքարելու են ահաբեկչության դեմ։ Կուրցը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում Վիեննայի պաշտպանությունը ստանձնելու է բանակը։ Սեբաստիան Կուրցն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մեր Հանրապետությունը դժվար ժամեր է ապրում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արտակարգ իրավիճակների բոլոր աշխատակիցներին, որոնք հատկապես այսօր վտանգում են իրենց կյանքը մեր անվտանգությունն ապահովելու համար։

Մեր ոստիկանությունը որոշիչ գործողություններ կիրականացնի այս զազրելի ահաբեկչության մեղավորների դեմ։ Ես ուրախ եմ, որ մեր ոստիկանները կարողացել են շարքից հանել ահաբեկիչներից մեկին։ Ահաբեկչությունը երբեք չի կարող մեզ վախեցնել, մենք պայքարելու ենք այդ հարձակումների դեմ բոլոր միջոցներով։ Որպեսզի ոստիկանությունը կարողանա ամբողջովին կենտրոնոնալ ահաբեկչության դեմ պայքարի վրա, Դաշնային կառավարությունը որոշել է, որ բանակը ստանձնելու է Վիեննայի պաշտպանությունը»,-գրել է Կուրցը։

Ավստրիայի վարչապետը ցավակցել է զոհերի հարազատներին և մտերիմներին՝ ընդգծելով, որ իր մտքերը վիրավորների հետ են։

Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել Եվրամիության ղեկավարությանը և միջազգային գործընկերներին ցավակցությունների և համերաշխության համար։

Նա Վիեննայի բնակիչներին կոչ է արել տներից դուրս չգալ։

Այս խորագրի վերջին նյութերը