Արցախի վիճակի համար պատասխանատու են Մինսկի խմբի համանախագահ երկրները
Եկեք հասկանանք վիճակը:
Հայաստանի ղեկավարը նամակ է գրել Ռուսաստանի ղեկավարին, որին հստակ պատասխան է տրվել՝ "մենք" պատասխանատու ենք Հայաստանի առջև, սակայն նման պարտավորություն Արցախի հանդեպ չենք ստանձնել։ Այսինքն, Արցախի համար Ռուսատանը չունի միջազգային մանդատ։ Ամեն ինչ հստակ է։ Ռուսաստանը երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը, ինչի համար շնորհակալ ենք։ Եթե դա չլիներ, հիմա Երևանը Մարտակերտի վիճակում կլիներ։
Իսկ ո՞վ է պատասխանատու Արցախի համար, ո՞վ ունի նման մանդատ։
Արցախի համար միջազգայնորեն լեգիտիմ մանդատ ունեն Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը՝ երեքը միասին։ Մանդատը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից եւ այդ մանդատը ոչ Ադրբեջանն է վիճարկում, ոչ Հայաստանը, ոչ էլ Թուրքիան։
Այսինքն, Արցախի վիճակի համար պատասխանատու են այդ երկրները։ Պարզ է, որ միայն մեկ կողմին դիմելով՝ պատասխանատու չես համարում մյուս երկուսին, դրանով հիմք ստեղծելով, որ նրանք մի կեղմ քաշվեն։
Որպեսզի Ռուսաստանը կարողանա գործել իր ազդեցության ոլորտում, պետք է ունենա մյուս կողմերի մանդատը, ինչն անթաքույց բազմիցս նշել է։
Կարծում եմ, որ պետք է հաջորդ քայլը կատարել, վարչապետը նմանատիպ նամակով պետք է դիմի ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարներին՝ անհատապես։ Դրանով նրանց պատասխանատու ենք համարում ներկա եւ ապագա վիճակի համար․ "ձեռ ես տվել, պետք է խաղաս"։
Երբ պաշտոնապես դիմում ես, ապա ստիպված են պաշտոնապես պատասխանել։ Կարևոր է, որ հարցադրումները ճիշտ արվեն, որ պատասխանները լինեն ոչ խուսափողական։
ԱՄՆ խաղաղապահների առաջարկի վերաբերյալ պետք է կոնսուլտացիաներ սկսել Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ։ Հիմա գործընթացը փակուղում է, դա պետք չի թույլ տալ։
Հ․Գ․ Պետք է նշել, որ այստեղ արդեն Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության հարց այլևս չկա, որովհետև Թուրքիան բացեիբաց հայտարարում է, որ Արցախում հարցերն արդեն ինքն է լուծում, ոչ թե Ադրբեջանը։ Սա արդեն այլ հարթության խնդիր է դարձել։
Արցախի վիճակի համար պատասխանատու են Մինսկի խմբի համանախագահ երկրները