Լրահոս

02.11.2020 09:55


Մարտական ընկերների հետ նահանջի տպավորություն են ստեղծել ու հակագրոհի անցնելով՝ փրկել 10 ընկերների կյանքը. Նոյ Թևոնյանն անմահացավ 19 տարեկանում (լուսանկար)

Մարտական ընկերների հետ նահանջի տպավորություն են ստեղծել ու հակագրոհի անցնելով՝ փրկել 10 ընկերների կյանքը. Նոյ Թևոնյանն անմահացավ 19 տարեկանում (լուսանկար)

Պատերազմը մեզ մեծացնում է, հասունացնում, պատերազմը 18-ամյա երիտասարդին հերոս է դարձնում:

-Դու հերոս ես, Նոյս, եղբայրս:

-Ի՞նչ հերոսություն, երբ իմ ձեռքերի մեջ 18 տարեկան էրեխայա զոհվում:

Սա 19-ը նոր բոլորած հետախույզ Նոյ Թևոնյանի հեռախոսազրույցն է ավագ քրոջ հետ: Կյանքի ընդամենը երկրորդ տասնամյակն ապրող նորաթուխ երիտասարդը պատերազմի մի քանի օրերում այնքան էր հասունացել ու մեծացել, որ իր հասակակցին որպես երեխա էր ընկալում, հոր ու եղբոր փոխարեն՝ նրա կորուստը սգում:

«Պատերազմի առաջին, թե երկրորդ օրն իրենց մոտ զինամթերքով մեքենա էր շրջվել: Մեքենան այրվելուց է եղել, մեջն էլ՝ զինվոր: Ինքը վազել մեքենայի մեջից զինվորին դուրս էր հանել: Ճիշտ է, այդ տղան մահացել էր, բայց դին գոնե չէր մոխրացել: Հենց այդ օրն ավագ քրոջս հետ խոսել ու պատմել էր այդ մասին, դեռ նոր էր, մի քիչ հուզված էր, պատերազմի արհավիրքն առաջին անգամ էր սեփական աչքերով տեսել: Ու երբ քույրս փորձել էր իրեն սփոփել՝ ասելով, որ հերոս ես, հակադարձել էր, թե ի՞նչ հերոսություն, 18 տարեկան էրեխեն ձեռներիս մեջ մեռավ: Հենց այդ օրը, այդ խոսքերից հետո մենք հասկացանք, որ նա այլևս 19 տարեկան չի»,-Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Արցախյան մերօրյա պատերազմում զոհված Նոյ Թևոնյանի կրտսեր քույրը՝ Լիանա Թևոնյանը:

IMG-0853

Նոյը, ով ծնվել էր Արարատի մարզի Արալեզ գյուղում, ապրել՝ Երևանում, իսկ վերջին տարիներին Մոսկվայում էր բնակվում, 18 տարին լրանալուն պես հայկական բանակ զորակոչվելու ճանապարհը բռնեց: Ասում էր՝ ես իմ ապագան այնտեղ եմ տեսնում, իմ Գեղամա լեռներում ու սարերում:

2020 թվականի հունվարի 19-ին զորակոչված Նոյը երեք քույրերի կրտսերն էր, ընտանիքի միակ որդին, սպասված որդին, Աստծո կողմից նախանշված որդին: Ցավոք, զորակոչվելուց հետո գոնե մեկ անգամ հարազատներին տեսնել չհասցրեց. համավարակը խանգարեց:

«Մենք երեք քույրիկ էինք, հայրս մի օր երազ է տեսնում, որ որդի է ունենալու, անունն էլ Նոյ է դնելու: Այդ երազից մեկ ամիս անց իմացանք, որ մայրս արդեն մեծ տարիքում՝ հղի է: 2001 թվականի սեպտեմբերի 19-ին լույսաշխարհ եկավ մեր Նոյը, բարի ու համեստ, ընկերասեր եղբայրս: Նա սրտացավ էր բոլորի նկատմամբ, իր դպրոցական ծախսերը կրճատում ու դրսում անտուն մարդկանց էր օգնում, մանրավաճառությամբ զբաղվող տատիկ-պապիկներին: Տանը գիրք ունենք, որն իրեն պետք չէր ու երբեք էլ պետք չեկավ, բայց ձեռքի եղած ամբողջ գումարը տվել ու գնել էր, որպեսզի օգնի վաճառող պապիկին: Ընկերներն էլ կողքից նկարել էին»,-հուզմունքով հիշում է Լիանան:

4d02be53-70c7-4c05-9bba-41203c93bdf7

Մատաղիսում է ծառայել: Զինընկերներն ընտանիքին պատմել են, որ պատերազմի անգամ ամենաթեժ պահերին, կրակների տակ սլացող զինվորական մեքենայի մեջից կարողանում էր պահի տակ դուրս թռչել ու «դրոնները» հավաքել, հետո էլ վերանորոգում ու գործարկման էր վերադարձնում:

«Տղաները, որ ներկա պահին կյանքի ու մահվան գնով հայրենիքն են պաշտպանում, երեք օր առաջ մեզ զարմացած պատմում էին եղբորս սխրագործությունների մասին: Ասում էին՝ ամեն ինչ այնքան պրոֆեսիոնալ ու վարժ էր անում, իրեն այնքան հավասարակշռված էր պահում, որ տպավորություն էր, թե առաջին անգամ չի պատերազմի մասնակցում: Ասում են, որ իր հետաքրքրասիրությամբ, պրպտուն բնավորությամբ նաև իրենց էր վարակում: Նոյին սիրում էին բոլորը՝ զինակից ընկերները, սպաները, դասընկերներն ու հարազատները»,-ընդգծում է զրուցակիցս:

cb0f1929-79db-4cc2-9465-07f85f42b150

Փոքր տարիքից Նոյը տարբերվում էր իր մարդասիրությամբ. 7 հոգանոց ընտանիքում մեծացող միակ արու զավակը ոչ միայն երեսառած չէր, այլ նաև եսասեր ու եսակենտրոն չէր: Ամեն անգամ իրեն բաժին հասած մեկ «Սնիկերսը» 7 հավասար մասերի էր բաժանում ու կիսում ընտանիքի բոլոր անդամների հետ անխտիր: Այդպես նաև իր չապրած տարները բաշխեց…

Ավագ քույրն իրենից մեծ է 10 տարի, կրտսերը՝ Լիանան, 5 տարի: Նախընտրում էր շփվել ավագ քրոջ ընկերների հետ, ասում էր՝ իրենցից սովորելու շատ բան ունի:

Նոյը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սան էր, ռոբոտաշինությամբ էր զբաղվում: «Թումո»-ի ընկերներով հասցրել էին հաջող նախագիծ ներկայացնել ու պատվոգրեր ստանալ: Ի դեպ, մինչև «Թումո» գնալը ստեղծագործ մտքի թռիչքը տանն էր օգտագործել. հատուկ տեխնոլոգիաներով իր սենյակ ազդանշան էր «քաշել», ու հենց իր ննջասենյակի դուռը փորձում էին բացել՝ հեռախոսին զանգ էր գալիս:

Երևի խորհրդանշական է, որ Նոյի դասընկերները նրան նմանեցնում էին Հայաստանի Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանին:

«Արարատի զինկոմիսարիատի մոտ Ջիվան Աբրահամյանի նկարն էր դրված: Եղբայրս ամեն տեսնելուց հպարտորեն ասում էր՝ մեզ նմանեցնում են, իսկապես նման եմ, չէ՞: Մայրս հիմա ասում է՝ ի՞նչ իմանայինք, որ ոչ միայն արտաքինով, այլև ճակատագրով են նման, երկուսն էլ ընկան հանուն հայրենիքի»,-արցունքների մեջից մոր խոսքերն է մեջբերում Լիանան:

Մերօրյա հերոսի հայրը՝ Լյովա Թևոնյանը, ով 92-94 թվականներին անցել է Արցախյան պատերազմի միջով, ոստիկանության մայոր է (հիմա թոշակի է անցել- հեղ.), որդու համար մշտապես օրինակելի կերպար է եղել: Տարիներ առաջ Նոյը մայրիկին խնդրել էր իր համար ծառայողական գրքույկ պատրաստել: «Խաղալիք գրքույկը» գրպանում՝ ծանոթ-անծանոթի ցույց էր տալիս ու ասում՝ տեսեք, ես ձեզ կպաշտպանեմ: Ու պաշտպանեց...

6BF756A1-A614-49C5-B9E2-3456A1CA285A CA5F0AE2-D7A5-4C1E-B4E5-CEE1105E9071

Բանակում կեղծանուն ուներ. քրոջ խոսքով՝ քանի որ զորաքոչվելիս փոքր-ինչ «կլորիկ» էր, նրան «ռազվեդկի պոնչ» էին ասում:

«Մարտական գործողությունների ընթացքում ինչ-որ պահ 10 հոգով անելանելի վիճակում են հայտնվել, անգամ զանգել է Մոսկվա, ազատամարտիկ հորիցս (հայրն այդ ժամանակ Մոսկվայում էր - հեղ.) խորհուրդներ հարցրել, թե ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել տվյալ դեպքում։ Մարտական մյուս ընկերների հետ նահանջի տպավորություն են ստեղծել ու հակագրոհի անցել՝ փրկելով 10 ընկերների կյանքը»,-հպարտությամբ պատմում է քույրը:

Նոյ Թևոնյանը վերջին անգամ հոկտեմբերի 7-ին է զանգել՝ ավագ քրոջը: Հոկտեմբերի 9-ին հերթական առաջադրանքը կատարելիս 19-ամյա հերոսի երկրային կյանքի թելը կտրվեց: Նրա զոհվելու մասին ընտանիքն իմացել է երկու օր անց: Վերջին վայրկյաններին կողքին եղած ընկերները պատմել են, որ ռազմաճակատում աչքի ընկնող երիտասարդը ծանր տեխնիկայի հարվածից է զոհվել:

«Ընկերներն ասում են, որ թեկուզ իրենց կյանքի գնով՝ թույլ չէին տա եղբորս մարմնի մի մասնիկ անգամ մնար ռազմաճակատում, կբերեին ու կհասցնեին ծնողներին: Մեր տղան մեր «տուն եկավ» շատ սիրուն, թեկուզ վերջին հրաժեշտի ժամանակ, բայց մենք նրա դեմքը, խաղաղ ժպիտը տեսանք… Ամեն օր զանգում էր, ասում, որ ամեն ինչ լավ է, երբ հաղթենք ու վերադառնա՝ շատ բան է պատմելու, առասպելական, հերոսական բաներ են եղել: Մեկ-երկու րոպեանոց զանգերի ընթացքում չէր մոռանում հարցնել ու հետաքրքրվել այլ վայրերում ծառայությունն անցնող ընկերների մասին: Պատահել է, որ ռազմի դաշտում ընկերներից մեկին է տեսել, մեզ զանգելուց առաջինն ասել է, որ այդ տղայի ծնողներին տեղյակ պահենք, որ իրենց որդին ողջ ու առողջ է»,-հիշում է հերոսի կրտսեր քույրը:

IMG-0681

Նոյն ընտրած աղջիկ ուներ, հարազատները զգացել էին, որ սրտում ինչ-որ կարևոր լար է թրթռում, բայց չէր հասցրել ծանոթացնել ընտանիքի հետ: Երբեմն քույրիկներից հետաքրքրվում էր, թե ի՞նչ նվեր կարելի է գնել, նրանց ճաշակին էր վստահում:

«Մեր ցավը մեծ է, բայց դրա հետ մեկտեղ՝ պարզ ճակատով ենք դուրս գալիս: Ե՛վ ցավ տվողն է եղբայրս, և՛ մեր ճակատը պարզեցնողը: Ինչպես մայրս է ասում՝ հերոս տղա դաստիարակեցինք ու տվեցինք Մայր հայրենիքին»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Լիանա Թևոնյանը:

Արալեզն արդեն նորօրյա պատերազմի 4 անմահացած հերոս ունի: Նրանցից յուրաքանչյուրի, ու անընդհանրապես՝ յուրաքանչյուր անմահացած հերոսի տեղը պետք է համալրվի: Նրանք չեն մոռացվի, բայց նրանց անունը պետք է շարունակվի: Ու տա Աստված, որ դեռ շատ Նոյեր ծնվեն Թևոնյանների ընտանիքում:

Այս խորագրի վերջին նյութերը