Լրահոս

31.10.2020 15:39


Խաղաղասիրությունից խոսում են մարդիկ, ովքեր ծննդատուն ու եկեղեցի են հրթիռակոծում. Իվետա Մուկուչյանի պատասխանն՝ ադրբեջանցի երգչուհուն

Խաղաղասիրությունից խոսում են մարդիկ, ովքեր ծննդատուն ու եկեղեցի են հրթիռակոծում. Իվետա Մուկուչյանի պատասխանն՝ ադրբեջանցի երգչուհուն

Օրեր առաջ երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով Հայաստանի ներկայացուցիչն էր 2016 թվականին Շվեդիայում կայացած Եվրատեսիլում, սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է, որ Գերմանիայից հրավեր էր ստացել «Եվրատեսիլ-2021»-ին մասնակցելու որպես տվյալ երկրի ներկայացուցիչ, սակայն օրեր անց մամուլի ծառայությունից հեռախոսազանգ էր ստացել այն մասին, որ որոշումը փոփոխության է ենթարկվել, ինչը, ամենայն հավանականությամբ, կապված է 2016 թ.-ին արված իր հայտնի՝ Արցախի դրոշը ծածանելու քայլի հետ, այն քայլի, որն ուղղված էր Արցախում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ միջազգային հանրության իրազեկվածության բարձրացմանը:

Ուշագրավն այն է, որ այս թեմայի առնչությամբ իր «շատ կարևոր»-ն և Ադրբեջանին հատուկ, ինչպես միշտ ոչ փաստերով հիմնված կարծիքն է արտահայտել «Եվրատեսիլ 2016»-ի Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան՝ նշելով, որ երբ ինքն էր ներկայացնում Ադրբեջանը, իրենք ներկայանում էին ոչ որպես ագրեսոր, այլ հակառակը՝ խաղասեր՝ ի հակադրություն Հայաստանի:

Շարունակելով աբսուրդային մտքերը՝ Սամրան նաև հավելել է, որ երբ ինքն էր պատասխանում լրագրողների հարցերին, բոլորը հիացել էին, իսկ երբ Իվետա Մուկուչյանն էր քաղաքականություն մտցրել երաժշտական մրցույթում, տվյալ փաստը միայն զայրացրել էր լրագրողներին, ովքեր բացասաբար էին արձագանքել, նույնիսկ՝ սուլել: Թերևս, երգչուհին մոռացել էր, որ այս փաստը շատ հեշտ է ստուգել որոնողական համակարգի միջոցով՝ պարզապես փնտրելով համացանցում այդ կադրերը և տեսնելով լրագրողների արձագանքը:

Ի դեպ, հարկ ենք համարում հիշեցնել «ագրեսոր» Իվետա Մուկուչյանի պատասխանը շվեդ լրագրողներից մեկի խնդրանքին, թե ինչպես նա կմեկնաբանի դրոշը ծածանելու քայլը: Լրագրողն ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղի դրոշը համարվում է Եվրոպայի ամենաքաղաքականացված դրոշներից մեկը:

«Անկեղծ ասած, ակնկալում էի այս հարցը: Չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը: Այն իմ սիրտն է, իմ հոգին, իմ զգացմունքները: Պարզապես ցանկանում եմ, որ սահմաններին խաղաղություն տիրի»,-նշել էր երգչուհին:

Իվետա Մուկուչյանը շեշտել էր, որ լինելով հայուհի, բայց ապրելով Գերմանիայում, ինքն իրեն միևնույն ժամանակ աշխարհի մարդ է համարում և ուզում է, որ աշխարհում տիրեն սերն ու խաղաղությունը:

Թե որքանով են հայերը ոչ «խաղասեր», ակնհայտ է նաև Իվետա Մուկուչյանի պատասխանից:

Զավեշտալի էր նաև այն փաստը, որ Սամրան նշել էր, որ Իվետա Մուկուչյանն անձամբ ցանկություն էր հայտնել Գերմանիան ներկայացնելու, սակայն նրան դա չի հաջողվել: Ինչպես միշտ՝ Ադրբեջանին հատուկ ձեռագիր, հայտարարություն՝ առանց փաստերի, կամ ինչպես Սամրայի սիրելի նախագահ Ալիևն է ասում՝ «fake news»:

Ստորև ներկայացնում ենք Իվետա Մուկուչյանի պատասխանը տվյալ «խաղաղասեր» երգչուհի մտքերին.

«Խաղաղասիրությունից, մարդասիրությունից, եվրոպական արժեքներից իրենց իրավունք են վերապահում խոսել մարդիկ, որոնց համար դրանք ամփոփվում են ծննդատուն կամ եկեղեցի հրթիռակոծելով, բնակելի տարածքներ ռմբակոծելով, մարդկանց սպանելով, խաբելով ու ստելով շատերին։ Լինելով Գերմանիայում ապրող հայ և աշխարհի քաղաքացի` շատ լավ գիտեմ, թե ինչ կշիռ ունի մարդու խոսքը, և իմ ասած յուրաքանչյուր բառ ու քայլ իր հետևում հստակ ապացույցներ և հասցեատեր ունի։ «Եվրատեսիլ»-ը նաև դիմացինին, նրա հայացքներն ու մոտեցումները հարգելու բացառիկ «դաս է տալիս» աշխարհին։ Սակայն, ինչպես երևում է, ոչ բոլորն են ունակ քաղաքակիրթ բառի իմաստն ընկալելու։ Իսկ ինչ վերաբերում է Գերմանիայի հետ հարաբերութուններին, ապա ամեն ինչ շատ լավ է, իսկ նշած պնդումներն անհիմն են»:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը