Քաղաքական

31.10.2020 11:31


ԼՂ հակամարտությունից տուժածները 1 մլն ֆունտի չափով օգնություն կստանան․ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

ԼՂ հակամարտությունից տուժածները 1 մլն ֆունտի չափով օգնություն կստանան․ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Հազարավոր մարդիկ, ովքեր տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, անհետաձգելի դեղամիջոցներ, սնունդ և ավելի անվտանգ ապաստարան կստանան Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթի շրջանակում: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբի հայտարարության մեջ, որը հրապարակել է գերատեսչության կայքը:

Խիստ անհրաժեշտ բժշկական միջոցներ, ներառյալ՝ վիրակապեր և բինտեր, կտրամադրվեն տուժած քաղաքացիներին 1 մլն ֆունտի չափով Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթի շրջանակում՝ ի պատասխան Կարմի խաչի միջազգային կոմիտեի հարցման:

Մարտական գործողությունների ընթացքում վիրավորներին, ներառյալ՝ երեխաներին, կտրամադրվի բուժում բժշկական հաստատություններում կամ էլ անձանց կողմից, որոնք արտակարգ օգնություն են տրամադրում ԿԽՄԿ-ի աջակցությամբ:

Տուժածներից շատերը սննդի և առաջին օգնության այլ իրերի հասանելիություն չունեն, և Մեծ Բրիտանիան ԿԽՄԿ-ի աջակցությամբ կտրամադրի ծածկոցներ, սննդամթերք և հիգիենայի առաջին անհրաժեշտության իրեր համայնքներին, որոնք գտնվում են մարտական գործողությունների տեղանքին մոտ՝ նշվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կայքում:

«Ներկայումս տրամադրվող օգնությունը ներառում է կենսական կարևորության սննդամթերք, դեղամիջոցներ և անհետաձգելի բուժօգնություն նրանց, ովքեր տուժել են ԼՂ հակամարտությունից: Շարունակում ենք կողմերին կոչ անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համագործակցությամբ ուղիներ փնտրել խաղաղ, համաձայնեցված, քաղաքական կարգավորման համար, որի կարիքն ունեն տարածաշրջանի բնակիչները»,-ասվում է Ռաաբի հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը