Ինչ միֆեր են սկսվել կործանվել այս պատերազմի ընթացքում
Հասարակությունները միֆերով են սնվում ու միֆերով են մտածում: Միֆերը նստած են մեզանից յուրաքանչյուրի գլխում: Դա և՛ անհատական, և՛ հասարակական անգիտակիցն է (Կարլ Յունգի ականջը կանչի)։
Ինչ միֆերի են անգիտակից կերպով հավատում անձերը, համապատասխան արդյունք է ունենում անձերի կոլեկտիվը՝ հասարակությունը, պետությունը:
Միֆերը հատկապես կարևոր են պետությունների ճակատագրի համար, սակայն դրանք ջարդվում կամ այլափոխվում են ճգնաժամային իրավիճակներում, մասնավորապես՝ պատերազմի: Պատերազմը կեղծ միֆերի սանիտարն է։ Դա սարսափելի գնով վաստակած անկեղծության պահն է։
Կործանվող Միֆերը։
1. Կա "միջազգային հանրություն" (այստեղ արդեն Տեր-Պետրոսյանի ականջը կանչի), որի համար ինչ-որ արժեքային համակարգ և կոլեկտիվ որոշումների համակարգ գոյություն ունի։ Միջազգային քաղաքականությունը հիմնված է ոչ թե արժեքային համակարգի, այլ որոշակի կանոնների վրա, նման կրիմինալ աշխարհի արժեհամակարգին՝ կա մեծ Գող, կան զոն նայողներ, կան հեղինակություններ, որոնք մշտական մրցակցության մեջ են ու պետք է յուրաքանչյուր պահ պահպանեն կարգավիճակը։ Կամ միջազգային կարգ՝ Պալաժենի, որն անսասան երևույթ չէ։ Կան մուժիկներ՝ փոքր ու միջին պետություններ, որոնք պետք է հարաբերություններ ստեղծեն հեղինակությունների հետ, իսկ հեղինակություններին քցելու դեպքում (եթե դա չի հաջողվում) պատժվում են։
Սա է միջազգային հարաբերությունների ողջ իմաստը։ Մենք տեսնում ենք "թավշյա, ոչ բռնի հեղափոխության" միֆի փլուզումը, որը ՄԱԿ-ի ամբիոնից փորձում էր աշխարհին ծախել "ժողովրդի առաջնորդը"։ Միֆը փլուզված է։ Կան շահեր, կա դրվածք, որտեղ "արժեքները" կես կոպեկ չարժեն"։
2․ "Մարդու իրավունքների" միֆի փլուզումը։ Վերցնենք զուգահեռաբար ընթացող երկու գործընթաց՝ Արցախի ծննդատան ռմբակոծումը և Նավալու "թունավորումը"։ "Միջազգային հանրությունը" Ռուսաստանին պատժում է Նավալու "մարդու իրավունքների" խախտման համար և սանկցիաներ է սահմանում Ռուսաստանի հանդեպ, սակայն կան կոնկրետ մարդանց իրավունքներ, որոնց "մարդու իրավունքների" խախտման ոչ մի ապացույց պետք չէ բերել, ամեն ինչ հստակ է, սակայն հիվանդանոցի ռմբակոծումից տուժած մարդկանց իրավունքների կյանքի իրավունքի խախտման համար ոչ մի սանկցիա չի կիրառվում։ Կարող ենք Սիրիայից, Իրաքից և բազմաթիվ այլ երկրներից նմանատիպ օրինակներ բերել։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև կան մեծ շահեր։
Եզրակացություն։ Մարդու իրավունքները կարևոր են ցանկացած երկրի կայացման համար, բայց դա ներքին խնդիր է ու յուրաքանչյուր արժանապատիվ հասարակություն պետք է ձգտի այդ իրավունքները կատարելագործել, սակայն միջազգային հարաբերություններում "մարդու իրավունքները" խաղաքարտ է, ողջ ցինիկությամբ հանդերձ թիրախ երկրներին ճնշելու համար։ Պետք չէ թույլ տալ, որ որևէ երկիր միջամտի քո ներքին գործերին։ Այս միֆն էլ է սկսվել կործանվել, ինչը կարևոր է հասուն հասարակություն ձևավորելու համար։
3․ Կան երկրներ, ում հետ անվտանգային գլխավոր շահերը համընկնում են, կան երկրներ, ում հետ չեն համընկնում ու այդ երկրներն այնպիսին են, ինչպիսին կան ու ժողովրդավարական, իսլամական, քիրստոնեական ու այլ տիպի որակումները երկրորդական դեր են կատարում։ Կան շահեր, կան աշխարհքաղաքական բալանսներ, դրանց վրա հիմնված կոալիցիաներ ու հակակոալիցիաներ։ Դա մենք ակնհայտորեն տեսնում ենք այս պատերազմի ընթացքում։ "Արժեքները" քաղաքական կատեգորիաներ չեն ու երբեք էլ չեն եղել։ Դա միֆ է։
4․ Տեռորիզմի ու ծայրահեղականների դեմ առաջավոր հանրության պայքարի միֆը։ Համարյա բոլոր տեռորիստական կազմակերպությունները, կրոնական եղբայրությունները (ասենք Թուրքիայում ու Կատարում իշխող Մուսուլման եղբայրների միությունը և այլն) ստեղծվել են հատուկ ծառայությունների կողմից՝ Արևմտյան ու այդ կապը ակնհայտորեն շարունակում է գործել։ Նույն գործով են զբաղված իրենց հարգող ցանկացած լուրջ պետության հատուկ ծառայությունները։ Այդ կազմակերպություններն ընդամենը գործիքներ են և պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի "արժեքավոր անդամ" (ըստ ՆԱՏՕ-ի քարտուղարի, ԱՄՆ ու բրիտանացի անկյունաքարային պաշտոնյաների բնորոշման) Թուրքիայի կողմից Արցախ գործուղված տեռորիստների փաստը բնականորեն է ընդունվում։ Չծանրաբեռնելու համար չեմ բերում 19-րդ դարից սկսած մինչ այժմ եղած հեղափոխական, կրոնական, ազգայնական ու սոցիալ-դոկտրինալ բազմաթիվ շարժումների ստեղծման պատմությունների աստառները։
Սա ընդամենի մի քանի միֆեր էին (որոնց ցուցակը կարող ենք շարունակել), որոնց կործանումը կարևոր է սթափ պետական քաղաքականություն ձևավորելու համար, ինչպես նաև ներքաղաքական առողջ հարաբերություններ ունենալու համար։
Ինչ միֆեր են սկսվել կործանվել այս պատերազմի ընթացքում